Ո՞վ է Ալեն Սիմոնյանի հրաժարականի իրական նախաձեռնողը

Ընդդիմությունը սկսել է ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց։ Արդյունքն էական չէ. ՔՊ-ն ամենայն հավանականությամբ դեմ կքվեարկի և հարցը կփակվի, բայց Ալեն Սիմոնյանը դրանից չի շահի։ ԱԺ նախագահը թույլ է տվել մարդկային և աշխատանքային էթիկայի կոպիտ խախտումներ, և ցանկացած ընդդիմության խնդիրն է՝ դրան տալ քաղաքական գնահատական և սկսել քաղաքական պրոցես։

Ցանկացած այլ նորմալ երկրում և, նույնիսկ Հայաստանում, ցանկացած այլ պայմաններում Ալեն Սիմոնյանը Միկոնոսի կադրերից հետո հրաժարական կտար. չի կարող թարմ Եռաբլուրի և գրեթե ամենօրյա զոհերի ֆոնին ԱԺ նախագահն այդպես ինքնամոռաց թռվռալ. և սա չի կարող ունենալ հակափաստարկ։ Սա ուղիղ վիրավորանք է հասարակությանը։

Անզգույշ և չմտածված ձևակերպումների արդյունքում Ռուսաստանի հետ դիվանագիտական սկանդալից հետո՝ հրաժարականը միակ տրամաբանական քայլն էր։ Գերիների թեմայով արված ձևակերպումները կարելի է համարել վերջին կաթիլը, թեև դրանից առաջ բոլոր «կաթիլները» բավարար էին հրաժարականի համար։
Ալեն Սիմոնյանը հրաժարական չի տալիս. դա փաստ է։ Փաստ է նաև այն, Նիկոլը չի կարող նրան ստիպել հրաժարական տալ։ Ինչո՞ւ պետք է Ալենը հրաժարական տա անզգույշ ձևակերպումների կամ դիսկոտեկներում թռվռալու համար, եթե Նիկոլը հրաժարական չի տալիս պատերազմի, Արցախ կորցնելու, Հայաստանը երեք տարում այս վիճակին հասցնելու համար։

Քանի Նիկոլը իշխանության է, ցանկացած պաշտոնյա ունի հրաժարական չտալու բարոյական լեգիտիմ իրավունք։ Ի՞նչ պետք է ավելին արած լինի որևէ պաշտոնյա, քան արել է Նիկոլը։ Սա լուրջ խնդիր է։ Եվ այդպես մտածելու իրավունք ունի նաև ԱԺ նախագահը։

Բայց կա նաև հարցի մյուս տեսանկյունը, որը թույլ է տալիս հասկանալ, թե ո՞վ է իրականում «հակաալենական արշավի» նախաձեռնողը։
Երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ կար տեսակետ, որ նա կդառնա ԱԺ նախագահ, և ոչ թե՝ Նիկոլի գլխավոր թիկնապահը ԱԺ-ում։ Սրանք լրիվ տարբեր կարգավիճակներ են, և մի կողմից անձնական ընտրության հարց է, մյուս կողմից՝ դիմադրողականության, քանի որ Նիկոլն ամեն ինչ անելու էր, որ Ալեն Սիմոնյանը չկայանա որպես ինքնուրույն գործիչ։

Ակնհայտ է, որ սա խիստ ժամանակավոր ԱԺ է, ժամանակավոր իշխանություն, դժվար հաշվարկելի սցենարներով։ Նման անկայունության փուլերում շատ կարևոր են իշխանության ներսում ինքնուրունություն վաստակած դեմքերի կայացումը։ Սա ձեռնտու է բոլորին, բացի մեկ հոգուց։ Ալեն Սիմոնյանը, ընտրելով Նիկոլի թիկնապահի կարգավիճակը՝ ինքն էլ հենց նախաձեռնեց իր հրաժարականի գործընթացը։ Թիկնապահ պետք էր միայն Նիկոլին, իսկ իր գինն իմացող ԱԺ նախագահ՝ բոլորին։ Մարդիկ իրենց ընտրության պատճառով են հայտնվում բարդ իրավիճակներում։

Ինչո՞ւ միայն Ալեն Սիմոնյանը. Մուղամապետության հերոսները. Արդարադատության դհոլը

Դատախազների քեֆի կադրերը պետական և մարդկային այլանդակության մասին են։ Բայց դրա առանցքը այլ տեղում է. ի վերջո դատախազությունը իր մասնագիտական տապալումներով արել է շա´տ ավելի վատ բաներ, քան՝ դհոլ նվագելը՝ նույնիսկ ամենօրյա զոհերի և վշտի պայմաններում։

Շատ ավելի սահմռկեցուցիչ էր մուղամի հանդեպ սերը։ Հայաստանի իրավապահ էլիտան վայելում է մուղամը։ Գլխավոր դատախազն ինքնամոռաց խփում է դհոլը։ Որպեսզի Ալիևները Ղարաբաղում մուղամ չլսեին, 5 հազար տղա նահատակվեց, բայց արի ու տես, որ Երևանում կա մուղամի սիրահարների ակումբ՝ մեկը զանգվածների ամենասիրված երգիչն է, մյուս մասնակիցները՝ դատախազական համակարգի։ Ու երևի տրամաբանական է, որ մուղամի սիրահարները Երևանում պետք է դատեն Շուշին ազատագրածներին (ասել է թե՝ մուղամից ազատագրածներին)։ Այստեղ իսկապես կա անհամատեղելիության խնդիր։ Կտա՞ն արդյոք հրաժարական այդ կադրերի հերոսները։ Իհարկե՝ ոչ։ Հրաժարական տվողը վաղուց տված կլիներ։

Այդ մուղամի կատարողը Հայաստանում հարյուր հազարավոր երկրպագուներ ունի, ամենասիրված և ամենևին ոչ միակ ցանկալի կատարողն է զանգվածային քեֆերի։ Սա նաև խորքային պատճառներից է, թե ինչու է Հայաստանն այսօր այս վիճակում, թե Ալիևներն ինչու են Շուշիում մուղամ լսում, և թե 680 հազար մարդ ինչպես է ձայն տալիս պարտությանը։


Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով