Փաստաբանական ճգնաժամն ունի իր լուծումը

Այսօր ՀՀ Փաստաբանների Պալատում տեղի են ունենում խմորումներ, որոնք կարելի է բնորոշել որպես փաստաբանական ինստիտուտի ճգնաժամ։ Ամենևին նպատակ չունենալով միջամտել ներքին խնդիրներին՝ հարկ ենք համարում անդրադառնալ փաստաբանության ինստիտուտի կայացման և զարգացման համար խոչընդոտ հանդիսացող գործոններին:

Դեռևս 1999թ.-ին ՀՀ Փաստաբանների միությունը դատաիրավական համակարգի բարեփոխումների առաջին փուլում տարանջատվեց փաստաբանական 3 միության: Միության տարանջատումը նպատակ ուներ բարձրացնել փաստաբանի դերը և խրախուսել փաստաբանական էթիկայի ինստիտուտը՝ այլևս չհանդուրժելով մասնագիտության նկատմամբ առկա վերաբերմունքն ու անթաքույց արհամարհանքը: Այլ կերպ ասած՝ խնդիրը փաստաբանների իրավունքների համար պայքարելն էր և մարդու իրավունքների պաշպանության հարցում փաստաբանի դերը բարձրացնելը: 2001թ.-ին նախ ՀՀ փաստաբանների միությունից տարանջատված երկու միությունները միավորվեցին՝ կրելով նրանցից մեկի՝ «Փաստաբանների միջազգային միություն» (ՓՄՄ) անվանումը՝ ընդհանուր թվով 164 փաստաբան: Ի վերջո, որոշվեց հանրապետության շուրջ 500 փաստաբաններին կրկին վերամիավորել մեկ միության մեջ: Հիմնվեց ՀՀ Փաստաբանների Պալատը:

Արդյո՞ք այսօր Պալատը բավարար կերպով իրականացնում է իր վրա դրված կարևորագույն գործառույթները: Օբյեկտիվ գնահատականներ տալ բավականին բարդ է, քանի որ ոլորտում բացակայում է մրցակցությունը, ինչն էլ բերում է լճացման և կառույցի նկատմամբ հնարավոր ճնշումների:

Այն հանգամանքը, որ վերջին օրերին հարյուրից ավելի ակտիվ փաստաբաններ գործադուլ են հայտարարել ընդդեմ «փաստաբանների խուզարկության», իսկ Պալատը մատնվել է անգործության, մտահոգության տեղիք է տալիս: Սա գուցե ճիշտ պահն է՝ ճգնաժամի հիմնական պատճառները փնտրելու և համակարգային լուծումներ գտնելու համար։

Դեռևս փաստաբանական միությունների միավորման ժամանակ հնչում էին մտահոգություններ, որ մեկ կառույցում միավորվելը կարող է բերել «հնազանդ փաստաբանության» ստեղծմանը, ինչն էլ խոչընդոտ կհանդիսանա փաստաբանության կայացման և զարգացման համար:

Ոլորտում օրենքով ձևավորված մենաշնորհը փաստաբանին զրկում է իր համար երաշխիքների ընտրությունից: Կառույցը փաստաբանի համար անկախ և անվտանգ գործելու բավարար երաշխիքներ չի ստեղծում, իսկ այլընտրանքի հնարավորություն փաստաբանը չունի: Հետևաբար՝ առավել արդյունավետ էին նախկին կարգավորումները, որոնք հնարավորություն էին տալիս ստեղծել մեկից ավելի կառույցներ, իսկ կառույցի հեղինակությունն ու փաստաբանների բավարար քանակի անդամակցությունը կախված էր կառույցի աշխատանքի արդյունավետությունից:

Հայաստանում բազմաթիվ են օրինակները, երբ մենաշնորհի վերացումը և այլընտրանքի առկայությունը խթան են հանդիսացել որևէ ոլորտի կայացման և զարգացման համար: Մրցակցության՝ կարևոր նախապայման լինելու և արդյունքում՝ նոր մոտեցումների ու նախաձեռնությունների շուրջ նոր հայտնագործություններ չեն արվելու: Դրանք փորձով ապացուցված են: Եվ տարօրինակ չէ, որ ԱՄՆ պես զարգացած փաստաբանություն ունեցող երկիրը, ինչպես նաև մի շարք Եվրոպական երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ընտրել են մեկից ավելի կառույցներ ունենալու քաղաքականությունը: Չէ՞ որ փաստաբանությունն առանձին վերցված գործերը չեն միայն. դա ինստիտուտ է, որտեղ ստեղծվում են բավարար և հավասար պայմաններ, որպեսզի այդ՝ առանձին վերցված գործերով իրենց գործառույթներն իրականացնող փաստաբաններն ունենան երաշխիքներ, ինչն էլ կբերի փաստաբանության հեղինակության բարձրացմանը:

«Այլընտրանքային նախագծեր խումբն» առաջարկում է սկսել բաց քննարկումներ՝ ոլորտում օրենսդրական փոփոխությամբ մենաշնորհի վերացման և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ: Վստահաբար՝ դա կբերի Հայաստանում փաստաբանության առողջացմանն ու զարգացմանը:

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով