Մտածենք լայն, չվախենանք առաջընթացից

Զինապարտության մասին օրենքի, ընտանեկան բռնության օրենքի քննարկումները ցայտուն դարձրեցին սուր խնդիրներից մեկը՝ խորքային և փաստարկված բանավեճի , խորքային քննարկումների ունակության բացակայությունը։

Ո՞վ է կազմակերպում, ով՝ ում դեմ է անում՝ սա է քննարկման նշաձողը, իսկ դա շատ պրիմիտիվ է, սա զարգացման չտանող մակարդակ է։ Ու ինձ ամենեւին չհետաքրքրող։
Ես կցանկանայի, որ այլ հարցեր, այլ շեշտադրումներ քննարկվեին։ Կար առիթ ու մինչեւ վերջ պետք է բացվեին բանակի խնդիրները, ուզու՞մ ենք պարզ խոսել, պատրա՞ստ ենք բաց խոսել ՝ուրեմն պետք է խոսել։

Ա. «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը լավն են։ Դրանք արվել են, որովհետեւ դրա կարիքը կա։ Եւ դա պետք է արվեր ավելի վաղ։ Ինչու չի արվել, դա այլ հարց է։ Դրանք բավարար են՝ ոչ։ Ու պետք է բաց խոսել, ու ասել, որ ՊՆ-ից շարունակություն է պահանջվում։ Հասարակությունը պետք է պահանջի, ես , դուք , մյուսը՝ պետք է պահանջենք. կոնկրետ քայլեր , բարեփոխման կոնկրետ ծրագրեր։ Թեման պահանջում է բաց խոսքի ժանրում զգույշ լինել, իսկ ես փակի հնարավորություն չունեմ։ Դրանց սովորաբար հրավիրվում են « յուրայինները»։ Կան շատ հարցեր, ցավոտ ու լուծման կարիք ունեցող թեմաներ։ Կանգ առանք այսքանով, վաղը ավելի վատ է լինելու, թե պետության, թե այս փոփոխությունների հեղինակների համար։

Բ. «Ես եմ» ծրագրին զուգահեռ ինչու չունենալ « Մենք ենք» ծրագիրը, որը կպարտադրի մինչ այս պահը լրիվ օրինական տարկետումով չծառայածներին, մասնակցել պահեստազորի պարտադիր հավաքների՝ զորամասերում, դիքերում։ Բոլորս քննարկում ենք 18 տարեկանների խիզախությունն ու հայրենիքի պարտքը։ Քննարկենք նաեւ օրինական տարկետումով բանակում չծառայածների այսուհետ երկրի պաշտպանությանը ներգրավվելու տարբերակները։ Նրանք կան ԱԺ-ում, կառավարությունում, պետական համակարգում եւ այլուր։ Գնո՞ ւմ ենք առողջացման` գնանք մինչեւ վերջ։

Գ. Փրկո՞ւմ ենք հայրենի գիտությունը։ Ուրեմն խոսենք բաց՝ ի՞նչ գիտության մասին է խոսքը, ո՞ ւր է այդ գիտությունը։ Ո՞ր բուհում է զարգանում գիտությունը, որ ակադեմիական ինստիտում է զարգանում գիտությունը։ Չխաբենք մեզ անիմաստ գիտական թեզերի քանակով։ Այդտեղ գիտություն չկա։ Մի քանի անհատներ են՝ ուրիշ ոչինչ։ Ուրեմն օգտվենք առիթից ու քննարկենք գիտության ոլորտի խորքային, չափազանց խորքային բարեփոխումների անհրաժեշտությունը եւ տարբերակները։ Գիտության զարգացման ներուժ մենք ունենք, բայց պետք է գնալ լուրջ փոփոխությունների եւ գիտության զարգացման նոր բազա ստեղծելու ճանապարհով։

Դ. Մթնոլորտը կլիներ շատ ավելի ուրիշ, եթե երկրում լիներ փոփոխությունների մթնոլորտը։ Ի՞նչ է գիտության, կրթության համակարգում, մշակույթի, առողջապահության ոլորտում, արտաքին եւ սփյուռքի հետ հարաբերություններում, քաղաքային կառավարման մեջ եւ մյուս այլ ոլորտներում վիճակն ավելի լավ է , քա՞ն բանակում։ Վստահաբար այդպես չէ։ Նրանց ղեկավարները Պն-ից առաջ պետք է սկսած լինեին հանրային հնչեղությամբ փոփոխությունները։ Ու երկիրը առաջ կգնար, մթնոլորտը ուրիշ կլիներ։

Ե. Ամենավտանգավոր տենդենց այն է, որ պետական համակարգը, քաղաքական վերնախավը այս ամենից հետեւություն կանի, որ գործ չանելը ավելի ճիշտ է, ավելի անվտանգ է, քան՝ անելը։ Սա կբերի համընդհանուր ստագնացիայի։ Մենք հոգեբանորեն կդառնանք ոչ համարժեք, մեր առաջ կանգնած մարտահրավերներին։ Այս խնդիրը կարծում եմ 2018-ի ապրիլից վարչապետի օրակարգի առաջին հարցերից է լինելու։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով