Վահե Հովհաննիսյան. Պահանջվում է զգոնություն

Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հետ:

- Պրն Հովհաննիսյան, վերջին օրերին մի «անտեսանելի ձեռք» սոցցանցերում քարոզում է Հայաստան-Արցախ կոնֆլիկտ։ Ըստ ձեզ, սա կարո՞ղ է տեղափոխվել իրական կյանք եւ դառնալ իրական մարտահրավեր։

- Չեմ կարծում։ Ավելի ճիշտ՝ չի կարող։ Վստահ եմ, որ Հայաստանում եւ Արցախում կան շատ լուրջ մարդիկ՝ իշխանության մեջ եւ իշխանությունից դուրս, որոնք հասկանում են այս ամբողջի անթույլատրելիությունը, եւ այս ամենի անդառնալի վտանգները։ Մենք պետք է շատ արագ հասկանանք, որ նման «անտեսանելի ձեռքերի» գործունեությունը շատ արագ պետք է դադարեցվի եւ դա պետք է արվի հանրային պահանջի ներքո։ Չկա առանձին Արցախի անվտանգության խնդիր, կամ Հայաստանի, կամ Մեղրիի, կամ Վանաձորի: Այսօր Արցախը Հայաստանի միջնաբերդն է:

Աստված չանի, այնտեղ որեւէ ռազմական վտանգ լինի, Երեւանի կենտրոնի բարեկեցիկ կյանքը վերջանում է՝ մեկ օրում: Մենք միասնական համակարգ ենք եւ մեկ ժողովրդի լինել-չլինելու հարցն է այդ սահմանին որոշվում: Ես վստահ եմ, որ թե Հայաստանում, թե Արցախում, կրկնում եմ՝ թե իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս այս գաղափարն ունի շատ լուրջ կողմնակիցներ եւ մեր ձայնը պետք է ավելի ազդեցիկ դառնա:

Բոլորից պահանջվում է այսօր զսպվածություն, բայց մյուս կողմից շատ կոշտ արձագանք ներքին թշնամանքի ու ներքին խառնակչության փորձերին։ Հանրության բոլոր գիտակից շրջանակներից ու անվտանգության մարմիններից որոշակի զգոնություն է պահանջվում։ Ես վստահ եմ այս հարցի շուրջ կապահովվի այսպես կոչված «գիտակցական կոնսոլիդացիա» ու հնարավոր չի լինի լյումպեն զանգվածների տրամադրությունների գեներացում։

Top-News.am

Այս թեմայով