Մարզադաշտ, որը կփոխի ոչ միայն մարզական կյանքը

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը օրերս հայտարարեց, թե ազգային մարզադաշտը կառուցվելու է ոչ թե Երեւանում, այլ մայրաքաղաքին մոտ գտնվող որեւէ մարզում: 

Երբ ամիսներ առաջ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստվում են մարզադաշտը կառուցել Երեւանում, մենք առարկեցինք, առաջարկելով նոր ժամանակներին համահունչ մարզադաշտը կառուցել Երեւանին մոտ որեւէ քաղաքում:

Անկասկած, ողջունում ենք, որ ֆուտբոլի ֆեդերացիան այս հարցում համաձայնեց մեր տեսակետի հետ:

Դժվար չէ պատկերացնել, թե հավաքականի կամ ակումբային մակարդակի միջազգային հանդիպում նորակառույցում անցկացնելու դեպքում ինչ աշխուժություն կառաջանա այն քաղաքում, այն մարզում, որտեղ որ որոշվի կառուցել մարզադաշտը: Առաջարկում ենք, որ ֆեդերացիան մրցույթ կազմակերպի այն քաղաքների, մարզերի միջեւ, որտեղ որ իմաստավորված կլինի մարզադաշտի կառուցումը:

Իսկապես, պարտադիր չէ, որ ազգային հավաքականը միայն Երեւանում խաղերն անցկացնի: Նոր մարզադաշտը իր հետ նոր ենթակառուցվածքներ է առաջացնելու, աշխուժացնելու է կյանքը, նպաստելու փոքր, անգամ միջին բիզնեսի զարգացմանը:

Ողջունելի է նաեւ, որ մարզադաշտը կառուցվելու է ոչ թե ֆեդերացիայի բյուջեի, այլ մասնավոր ներդրումների հաշվին, իսկ ֆեդերացիան միջոցները կուղղի փոքր մարզադաշտերի կառուցմանը: Փոքր մարզադաշտերը եւս կառաջացնի նոր ենթակառուցվածքներ, կնպաստի բիզնես կյանքի աշխուժացմանը:

Այնպես որ, կարելի է կառուցել նաեւ փոքր մարզադաշտեր, ազգային առաջնություններին մասնակցող թիմերին աջակցելով այս կարեւոր գործում:

Մոտ երկու տարի առաջ «Այլընտրանքային նախագծեր խումբը» հանդես եկավ ֆուտբոլի մասին ծավալուն հրապարակումով, որտեղ կոնկրետ առաջարկներ էինք արել ֆուտբոլը տեղից պոկելու, զարգացնելու համար: Շատ լավ է, որ մեր առաջարկն արդեն արձագանքներ է գտնում:

Մենք նշել էին, որ ֆուտբոլի զարգացումը միայն ՀՖՖ-ի ուսերին թողնելով էական հաջողության չենք հասնի: Հիմա եւս շեշտում ենք, որ ֆուտբոլի զարգացումը միայն ՀՖՖ-ով չի կարող իրականություն դառնալ, բայց այդ զարգացման հիմքերը պետք է հենց ՀՖՖ-ում դրվեն, նախագծերն այնտեղ արվեն:

Ժամանակակից աշխարհում ֆուտբոլը ձեւավորում է հասարակական արժեքներ, հարաբերությունների համակարգ: Մարդիկ ապրում են ֆուտբոլով: Սերնդեսերունդ ընտանիքներում երկրպագում են այս կամ այն թիմին, եւ դա ընտանեկան ավանդույթ է:

Մեկ անգամ եւս կրկնենք մեր առաջարկը՝ ֆուտբոլը Հայաստանում վերակենդանացնելու համար անհրաժեշտ է.

Ա. Ձեւավորել ֆուտբոլային ինդուստրիա
Բ. Վերականգնել ֆուտբոլի եւ ժողովրդի կապը:

Մարզային մարզադաշտերի, ենթակառուցվածքների ստեղծումն այս ուղղությամբ արվող կարեւոր քայլերից մեկն է: Իսկ նոր մարզադաշտի կառուցումը Երեւանից դուրս հրաշալի նախաձեռնություն է: Մարզադաշտի կառուցման հետ մեկտեղ կարելի է մտածել արագընթաց երկաթուղու կառուցման մասին, բարձր որակի ավտոմայրուղու մասին:

Մարզադաշտն իր շուրջը նոր կյանք, նոր տնտեսություն կկերտի, մարզադաշտը արմատապես կփոխի փոքրիկ քաղաքի տնտեսական, մարզական եւ մշակույթային կյանքը:

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով