Տուրիզմ. Խելամիտ լուծումների անհրաժեշտությունը - 1

Օրերս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայությամբ ազդարարվեց «Արաբկիր» զբոսայգում կառուցվող զիփլայնի մասին։ Դրան հետեւեց խրոխտ բնութագրությունը` դա ամենաերկարն է տարածաշրջանում: Զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից դեպի Աջափնյակ վարչական շրջան՝ շուրջ 870 մ, եւ Աջափնյակից Արաբկիր՝ 650 մ: Զիփլայնի բարձրությունը 87 մետր է:

Նախագծի մյուս բաղադրիչների հետ որեւէ խնդիր չկա եւ դրանք բոլորն, իհարկե, Երեւանը դարձնելու են ավելի հետաքրքիր քաղաք։ Զբոսայգում նախատեսվում է ունենալ նաեւ ժայռագնացության, լեռնային հեծանիվների, յոգայի համար նախատեսված հատվածներ, գրադարան, բացօթյա կինոթատրոն եւ նկարչության համար նախատեսված հատուկ վայրեր:

Թվում է ամեն ինչ լավ է, անգամ՝ հրաշալի, բայց միայն թվում է: Հիմա վերադառնանք իրականություն եւ բանականության դաշտ: Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է եւ այստեղ զբոսաշրջության զարգացման համար պետք է ոչ թե զիփլայն կառուցել, այլ՝ Երեւանի տուր-իդեան ձեւակերպել։ Ինչո՞ւ պետք է տուրիստը գա Երեւան, եւ ի՞նչ անենք, որ տուրիստների թիվը շատանա։ Իհարկե, կարելի է եւ պետք կառուցել ճոպանուղի, բարձրալեռնային տրամվայ, կառուցել երեքաստղանի բազմաթիվ հյուրանոցներ, ստեղծել զբոսանքի համար առավել հաճելի գոտիներ, ավելացնել կանաչ գոտիները, ունենալ նորմալ քաղաքային տրանսպորտ, ճիշտ ցուցատախտակներ եւ այլն։

Զիփլայնն այսօր Հայաստանում կա։ Զիփլայն պետք է կառուցվի քաղաքներից հեռու, որով էլ կզարգանա զբոսաշրջությունը մարզերում: Իսկ հիմա ի՞նչ է ստացվում: Ստացվում է մի շատ անհեթեթ վիճակ: Երեւանում՝ երկրի մայրաքաղաքում կառուցվում է զիփլայն, որը շատ ուղիղ հարվածելու է զբոսաշրջության զարգացմանը Տավուշի մարզում:

Հիշեցնենք, որ Տավուշում՝ Ենոքավանում արդեն իսկ գործում է զիփլայն, որը Տավուշ է բերում զբոսաշրջության այդ ձեւի սիրահարներին: Ենոքավանի զիփլայնով կյանքը մտնում է Տավուշ՝ սահմանամերձ գոտի։ Մարդիկ հասնելով Տավուշ ոչ միայն զիփլայնից են օգտվում, այլ նաեւ այլ ծառայություններից, օգտվում մարզի տաքսիներից, հյուրանոցներից, հանգստյան տներից, խանութներից, գնում են գյուղացու արտադրած մթերքները: Մի խոսքով, զիփլայնը նպաստում է Տավուշի մարզի աշխուժացմանը, զարգացմանը: Մեկ երկու ամիս առաջ ազդարարվում էր Տավուշում նոր՝ տարածաշրջանում ամենաերկար զիփլայնի կառուցման մասին՝ գումարներ էին հավաքվում, PR էր արվում։ Ու դա շատ լավ էր։ Ենոքավանը դառնում էր Հայաստանի նոր ձեւավորվող բրենդներից մեկը։

Երեւանին տուրզիմի զարգացման ուրիշ կոնցեպցիա է պետք. օրինակ գտնել քաղաքի հիմնաքարի՝ Էրեբունին եւ այսօրվա Երեւանը կապելու ձեւը։ Լինենք անկեղծ՝ եթե Երեւանում կա մի բան, որը տուրիզմի տեսակետից կարելի է բրենդ սարքել՝ ապա դա Էրեբունին է։ Իսկ այսօր Էրեբունին հեռու, աշխույժ քաղաքին չինտեգրված միավոր է։ Մենք պետք է գտնենք մեր պատմությունը մեր իրականության հետ կապելու կոնցեպցիան։ Հռոմում գտնվել է, Աթենքում գտնվել է, Թբիլիսիում գտնվել է, Երեւանում՝ ոչ։

Տուրիզմ զարգացնում են ոչ թե իմպուլսիվ շինարարություններով, այլ կոնցեպտուալ լուծումներով («Այլընտրանքային նախագծեր խումբը» առաջիկայում կներկայացնի իր առաջարկները)։

Օրինակ, որպես տարբերակ պետք է քննարկել քաղաքի բանուկ հատվածից դեպի Էրեբունի թանգարան ճոպանուղու կառուցման գաղափարը։ Դա ՝ իր հարակից բաղադրիչներով՝ սրճարաններ, խանութներ, հուշանվերներ, դիտահրապարակ եւ այլն կբերի Երեւանի տուրիստական գրավչության որակական փոփոխության։

Համաձայնեք, եթե Երեւանում զիփլայն լինի, ապա Տավուշ մեկնողների թիվը կտրուկ կնվազի: Բնականաբար, կնվազի նաեւ տավուշցիների մի մասի եկամուտները: Ամեն ինչին պետք է մոտենալ մտածված, եւ ոչ թե այնպես, ինչպես հիմա է: Մեկ Երեւանում գյուղ են ուզում կառուցել, հիմա էլ զիփլայն: Գյուղը պետք է կառուցել որեւէ մարզում, Տավուշի զիփլայնին չի կարելի խանգարել։

Տուրիզմը Հայաստանի համար գերակա ճյուղ է։ Պետք է մի օր հրաժարվել տարածաշրջանի ամենա-ամենա-ամենա ձեւակերպումից ու դրա փոխարենը գտնել տուրիզմի զարգացման կոնցեպտուալ լուծումներ։ Մենք պատրաստ ենք էական առաջարկներով հանդես գալ այս խնդիրների վերաբերյալ։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով