Պատմություն, որ սկսվեց մեծ աղմուկով, բայց ավարտվեց անձայն

«Մարտի 1-ի» գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը օգոստոսի 4-ին ազատ արձակվեց:

Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց, որովհետեւ պարզվեց , որ նրա զենքով չի կատարվել սպանությունը:

Այս պատմությունը սկսվեց մեծ աղմուկով, բայց ավարտվեց՝ լուռ։ ՀՔԾ, դատախազություն, իշխանամետ լրատվամիջոցներ, իմքայլական պատգամավորներ լծվեցին մեծ աղմուկի կազմակերպման գործին։ Տակը դատարկ էր, ջուր, դեռ բան չկար, բայց ամեն ինչ ներկայացվեց որպես վերջին ատյանի ճշմարտություն։ 70-ամյա մարդուն առանց հիմքի սարքեցին մարդասպան։

Աղմուկի վերջին ակորդը, իհարկե, ժանրի կանոնների համաձայն, պետք է խփեր վարչապետ Փաշինյանը։ «Սա նախ ցույց է տալիս ՀՔԾ-ի հետեւողական աշխատանքը ... ես ուղղակի այդ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել...»,- հայտարարել էր Փաշինյանը երկու ամիս առաջ: Ավելին, մոտ մեկ տարի առաջ էլ նա ասել էր, եւ կրկին հուզականության վիճակում, թե ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտվել է:

Հիման ի՞նչ. պարզվեց, որ ՀՔԾ-ն եթե անգամ հետեւողական է աշխատում, ապա ոչ գործը իրականում բացահայտելու ուղղությամբ: Պարզվեց նաեւ, որ մարտի մեկի գործը չի բացահայտվել, այն էլ ամբողջ ծավալով:

Իսկ ո՞վ պետք է պատասխան տա մարդուն վարկաբեկելու, հանրությանը մոլորեցնելու, զոհվածների ծնողներին կրկին խաբելու համար։ Չէ որ այդ գործին լծվել էր գործող ամբողջ իշխանությունը։

70 տարեկան մարդուն առանց հիմքի խափանման միջոցը կալանք պահանջած ՀՔԾ-ն, դատախազը պետք է պատասխան տան, թե՞ ոչ։ Իսկ առանց հիմքի 70 տարեկան մարդուն կալանք տված դատավորը պատասխան պետք է տա, թե՞ ոչ։ Թե նա արդեն յուրային է. վեթինգ անցած։ Իսկ կեղծ ցուցմունք տված ինչ-որ մեկը պետք է պատասխան տա, թե՞ դարձյալ ոչ։

Սրանք շատ կարեւոր հարցեր են, որովհետեւ վաղը դարձյալ հնչելու են՝ Սիլվան պետք է պատասխան տա, թե՞ ոչ, վիկիլիքսի հերքված լուրի հիման վրա գործ սարքողները պետք է պատասխան տան, թե ՞ոչ։

Ո՞ւր են իրավապաշտպանները. փափուկ տեղավորված ու ձկան նման լուռ։
Մարտի մեկի ամբողջ քրեական գործն է այսպես դրվագ առ դրվագ մեկը մյուսի հետեւից փլվելու։ Սիլվայի ցուցմունքների վրա հորինված գործերն են մեկը մյուսի հետեւից փլվելու։

Սա գիտեն ոչ միան բարձրակարգ իրավաբանները, որոնք վաղուց արդեն պնդում են, որ հարուցված քրեական գործերը «ջուր» են: Սա գիտեն նաև «հետեւողական »ՀՔԾ-ն ու սրտի դատախազը։ Հետաքրքիր է, իսկ Գեղամ Պետրասանի ազատ արձակման լուրը ստանալիս վարչապետ Փաշինյանը դարձյա՞լ « էմոցիոնալ պահեր ապրեց» եւ դարձյա՞լ համարում է, որ իր ՀՔԾՆ ու Դատախազը հետեւողական են։

Մնալու է միայն նստվածքը եւ այն, որ մեր երկրի առաջ գնալու, փոփոխվելու փայլուն հնարավորությունը մենք մսխեցինք հորինված քրեական գործերի ու անվերջ դատերի ճահիճում։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով