Քայլեր ուղղված պետականության հիմքերի դեմ

Տիգրան Եգորյանը երեկ իր գրառմամբ կոչ է արել՝ «… ստեղծված իրավիճակում Սահմանադրական դատարանի անդամների այս գործունեության հետեւանքով ընդունված որեւէ «որոշում» չի կարող ճանաչվել որպես Սահամանադրական դատարանի որոշում, իրավաչափ եւ իրավազոր: ՀՀ հանրային իշխանություն կրող սահմանադրական մարմինները, պետական իշխանության ճյուղերը՝ Ազգային ժողովը, գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը, ինչպես նաեւ ՀՀ Նախագահը պատասխանատվություն են կրում ՀՀ Սահմանադրության պահպանման համար, ինչը ոչ միայն քաղաքական պարտականություն է, այլ նաեւ` իրավական: Ուստի Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի անունից կայացված որեւէ որոշում չպետք է ճանաչվի եւ կատարվի իշխանության մյուս թեւերի կողմից»:

Տիգրան Եգորյանի կոչը շատ նման է սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հայտարարության: Նա պահանջում է, որ Ազգային ժողովը, վարչապետը, նախագահը, դատական իշխանությունը չենթարկվեն ՍԴ-ի որոշումներին:

Եթե պետական մարմիններն առաջնորդվեն Տիգրան Եգորյանի կոչով, ապա արդարադատության դեմ ուղղված հանցագործություն կանեն։

Վստահաբար, եթե ոչ այսօր, ապա վաղը իրավապահ մարմինները կանդրադառնան այս դրվագին։

Ի դեպ, այս ամենը նույն հակասահմանադական քայլերի շղթայի մի օղակն է։ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի ինքնահռչակում որպես ՍԴ նախագահ, բացահայտ ճնշումներ ՍԴ անդամների վրա, հրապարակային «կաշառքի առաջարկում»՝ օրենքի տեսքով: Հիշեցնենք, որ առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները որոշակի ժամանակահատվածում հրաժարական ներկայացնելու դեպքում կպահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը եւ այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո կօգտվեն դատավորի համար օրենքով սահմանված կենսաթոշակից:

Տեսակետ կա եւ այն շրջանառվել է մամուլում, որ Տիգրան Եգորյանը Վահե Գրիգորյանի հետ միասին հանդիսանում է այն նեղ ստվերային խմբի անդմը, ովքեր դատաիրավական համակարգի համար որոշումներ են կայացնում ու պարտադրում պետական ինստիտուտներին ու հետո հրամցնում «Իմ քայլի» պատգաավորներին ՝ որպես սեփական նախաձեռնություն գովազդելու համար։

Այս եւ ստվերայաին կառավարման մյուս դրսեւորումները ուղղակի ռումբ են մեր պետականության տակ, որոնք քանդում են պետական ինստիտուտներ, որոշումներ կայացնելու օրինական ճանապարհները փոխարինելով այլ մեխանզիմներով։ Վաղ թե ուշ այս մասին խոսվելու է ավելի առարկայական։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով