100 տարվա հետեւություններ

2018-ին լրանում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ինչպես նաև փակվում է պետության կառավարման նախագահական էջը։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է նոր նախագիծ՝ 100 տարվա հետևությունները։ Մենք տարբեր ժանրերի համակցությամբ կփորձենք փորձագիտական տեսակետից ներկայացնել մեր նորագույն պատմությունը, դրա ամենակարևոր կետերը։

100 տարին կարճ փուլ է՝ մեկ մարդու կյանքի տևողություն, մյուս կողմից՝ մեր ժողովրդի ու մեր պետության համար ծայրահեղ վայրիվերումների շրջան։ Այլ ժողովուրդներ ունեն հազարամյակներով չընդհատվող պետականության և նույնքան պետական մտածողության ավանդույթներ։ Մեզ մոտ ամեն ինչ մի տեսակ «ոտքի վրա է», ցաքուցրիվ։ Իրականում այսօրվա Հայաստանը մեր ընդհանուր անցյալի ու անցած ճանապարհի շարունակությունն է, ընդամենը մի հանգրվանը։ Այսօրը ճիշտ գնահատելու, ճիշտ հասկանալու համար մենք գոնե 100 տարվա կտրվածքով պետք է հասկանանք մեր ընթացքը, որպեսզի ամբողջական լինեն մեր պատկերացումները ներկայի և ապագայի շուրջ։

Հաճախ տպավորություն է ստեղծվում (և ոչ անհիմն), որ մենք միայն օրվա կտրվածքով ենք նայում մեր երկրում և մեր շուրջը կատարվող իրադարձություններին։ Ասես՝ դրանք չեն ունեցել արմատներ, չի եղել նախապատմություն, նախադեպեր։ Ինչո՞ւ են հայերն այդքան հեշտ հեռանում սեփական երկրից։ Նաև այն պատճառով, որ շատերն իրենց օտար են զգում նաև սեփական երկրում, սեփական պատմության մեջ։ «Օրվա կուրսով հայրենիք» չի լինում։ Մենք վստահ ենք, որ նորագույն պատմության առավել կարևոր դրվագների՝ նոր, առավել սառը հայացքով քննարկումները, դիտարկումները, բանավեճերը, օբյեկտիվ գնահատականները շատ կարևոր են մեր ներկան ամբողջականացնելու, հարցերն այլ՝ պաշտոնականից և արմատականից տարբեր տեսակետներով ներկայացնելու, Հայաստանում ապրող քաղաքացու շահը և հեռանկարը ձևակերպելու համար։ Թույլ կտա նաև ներկա սերունդների և պատմության համար մաքրել տասնամյակներով ձգվող ստերը, կեղծիքը, բամբասանքը։ Մենք քննարկման առարկա ենք դարձնելու թեմաների լայն շրջանակ՝ մեր երկրի կայացման ճանապարհը 1918 թվականից մինչև այսօր։

Այսօրվա՝ ամենաակտուալ թվացող հարցերը նույնպես քննարկելու ենք 100 տարվա ընթացքի և հետևությունների համատեքստում։ Օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունները պետք է նայել հենց այդ համատեքստում՝ Սարդարապատից մինչև Ցյուրիխյան արձանագրություններ։ Հայաստանում մինչ օրս կան մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում ականատեսն են եղել թե՛ Սարդարապատի կռվին, որով հիմք դրվեց մեր պետությանը, թե՛ Ցյուրիխյան արձանագրություններին, որով փորձ էր արվում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։

Մենք ժամանակային համատեքստում ենք քննարկելու հայ-իրանական, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունները։ Բոլոր նշված պետությունները և մենք՝ նրանց հետ, անցել են էվոլյուցիոն փուլեր, և հարաբերությունները, հետևաբար, ունեցել են համարժեք էվոլյուցիոն ընթացք։ Պետական հիշողության պակասը մեզ շատ է խանգարում հիշել այդ ընթացքը, տարիների ընթացքում փոփոխված հարաբերությունների օրակարգը։ Բայց առանց դրա ուղղակի հնարավոր չէ ապահովել այսօրվա և ապագայի մեր խնդիրների և մեր օրակարգերի շարունակականությունը։

Մենք 100 տարվա ընթացքում կարողացել ենք ստեղծել պետություն։ 1918 թվականի փողոցներում ապրող մի քանի հարյուր հազար անօգնական, հիվանդ ու անտանիք փախստականներով մենք սկսել ենք պետություն կառուցելու գործը։ Հսկայական ջանքերով, հսկայական փոփոխություններով հասել ենք այսօրվան։ Մենք ցույց ենք տալու բազմաթիվ ոլորտների կայացման և զարգացման դժվար ընթացքը, մեր ստեղծածն ու ամեն առիթով ասելու ենք, որ մեր պետականությունը չպետք է վտանգվի այսօրվա կենցաղային վերնախավի պատճառով։ Պետք է փոխել այդ վերնախավը, ոչ թե՝ քաղաքացիությունը, հայրենիքը։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» շուտով սկսելու է հրապարակել այս նախագծի նյութերն իր կայքում և հատուկ հավելվածում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք մոտակա օրերին։ Մենք բաց ենք համագործակցության, հետաքրքիր առաջարկությունների և նոր գաղափարների համար։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով