Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր

Համաճարակի տեմպերի աճի վտանգով և ներքին խիստ սահմանափակ ռեսուրսներով պայմանավորված Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է։ Մեզ անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր։ Ընդ որում իրավիճակային յուրաքանչյուր քայլ կարող է բերել հեռանկարային լուծումների։ Այս պայմաններում պետությունը չի կարող անտեսել որևէ խմբի շահեր, քանի որ հավասարապես պատասխանատու է հասարակության բոլոր շերտերի համար։

1.Մարտի 20-ին ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից հրապարակվեց Կորոնավիրուսի վարակի հետ կապված հրատապ սկզբունքները։ Սկզբունքների շարքում շեշտվում է, որ պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։ Տարբեր երկրների արձագանքը այս սկզբունքին խիստ համարժեք էր։ Էական քայլեր ձեռնարկվեցին մինչդատական կալանքի ներքո գտնվող, ինչպես նաև դատապարտված անձանց առանձին խմբերի ազատ արձակելու ուղղությամբ։ Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն հայտարարեց, որ աշխատում է բանտերից հիվանդություններ ունեցող կալանավորներին և մինչև 1 ամիս կալանքի ժամկետ ունեցողներին ազատ արձակելու ուղղությամբ: ԱՄՆ Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հրահանգ տվեց ԱՄՆ Կալանավայրերի բյուրոյին, որպեսզի տնային կալանքի պրակտիկան սկսեն ավելի լայն կիրառել։

Իրավիճակն այլ է մեր երկրում։ Բացի առանձին դատավորների հատուկենտ որոշումներից, ընդհանուր քաղաքականություն այս ուղղությամբ չի իրականացվում։ Ավելին, համաճարակով պայմանավորված նիստերի պարբերաբար հետաձգումը, առավել անբարենպաստ պայմաններ է ստեղծում այն անձանց համար, ում ազատության իրավունքը սահմանափակված է։

Մեր պետությունը պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկի, առավել ևս, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշմամբ խստորեն սահմանափակող նշանակություն ունեցող կարգավորումներ են սահմանվել հատկապես փակ հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ։ Քրեակատարողական հիմնարկներում այսօր պահվում է շուրջ 2800 անձ։

Այստեղ հրատապ լուծումներ են պահանջվում։ Իշխանություններն այս ուղղությամբ պետք է ռադիկալ մոտեցում դրսևորեն՝ մշակելով քայլեր կալանքը որպես խափանման միջոց միայն խիստ բացառիկ դեպքերում կիրառելու, իսկ կիրառված կալանքը վերանայելու և այլընտրանքային խափանման միջոց ընտրելու ուղղությամբ։

Կարծում եմ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետք է իր վրա վերցնի այս գաղափարի պաշտոնական հնչեցումը, որից հետո համապատասխան կառույցները չեն կարողանա շրջանցել թեման։ Թեման կա և այդ թեման չի կարող շրջանցվել։ Որպես մասնավոր և բավական ցցուն դեպք պարտավոր եմ նշել դատավոր Աննա Դանիբեկյանի շաբաթներ ի վեր ինքնամեկուսացումը, որը նաև ինքնամեկուսացում է արդարադատությունից։ Արդյունքում անձնական երաշխավորությամբ միջնորդությունը շաբաթներ ի վեր չի քննում արհեստական պատճառաբանությամբ։ Խախտվում է լսվելու և արդարադատության մատչելիության իրավունքը, այն դեպքում երբ միջազգային փաստաթղթերը և պրակտիկան պահանջում են ազատության հարցը քննել հրատապության կարգով։ Իսկ իրավիճակի ողջ զավեշտը կայանում է նրանում, որ ոչ ԲԴԽ-ից, ոչ դատարանից որևէ մեկը չի կարողանում հստակ պատասխանել, թե երբ կլինի հաջորդ դատական նիստը։ Անտեսել արդարադատության ոլորտում այսպիսի անպատասխանատու մոտեցումը անթույլատրելի է։

2.Իրավիճակային կարևոր քայլ կարող է լինել Արմավիրի ՔԿՀ դատարկելը և փոքր վերանորոգումից հետո պարետատանը տրամադրելը համաճարակային խնդիրներ լուծելու համար՝ ժամանակավոր հիվանդանոց, մեկուսացում։ Արմավիրի ՔԿՀ-ն նախատեսված է շուրջ 1350 անձի համար։ ՔԿՀ-ն ունի նաև ստացիոնար բուժման համար նախատեսված հիվանդանոց, որը ներառում է երկու վիրահատարան և չորս հետվիրահատական սենյակ։ Այսօր ՔԿՀ-ն թերծանրաբեռնված է, այնտեղ պահվում է շուրջ 700 անձ, որոնցից մի մասը գտնվում են կալանքի տակ։

Համաճարակի պայմաններում այս կառույցը կարող է վերապրոֆիլավորվել և բացառիկ արդյունավետ վայր դառնալ վարակի դեմ պայքարի հարցում։

3.ԱԺ-ում վերջին օրերի քննարկումները և քվեարկությունը հակասական տպավորություն են թողնում։ Անկախ աղմկահարույց օրինագծի հանդեպ իմ վերաբերմունքից, որ մասին իմ կարծիքը հստակ արտահայտել եմ, ուզում եմ արձանագրել բավական վտանգավոր մի երևույթ. տպավորություն է, որ իշխող մեծամասնությունը կորցնում է ամբողջականությունը։ Եթե ընդամենը այս լարվածության պայմաններում է քաղաքական մեծամասնությունը ճաք տալիս, ապա վաղը շատ ավելի բարդ իրավիճակներում պետությունը կարող է դառնալ թույլ կառավարելի կամ անկառավարելի։ Չեն կարող մեծամասնության ներկայացուցիչները ԱԺ-ում ծաղրել, սպառնալ այս պայմաններում կառավարության առանցքային անդամին։ Հասկանալի է, որ իմ մտահոգությունը ԱԺ մեծամասնության մոնոլիտը չէ, այլ լրիվ ուրիշ բան՝ ներկա և առաջիկա հնարավոր իրավիճակներում պետության կառավարելիությունը ու նաև պահի լրջության ընկալումը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով