Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին

Տեղեկատվությունը, որ գալիս է Բեյրութից, վկայում է ծայրահեղ աղետալի իրավիճակի մասին։ Երկիրը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Բեյրութի հայ համայնքը գոյատևման իրական մարտահրավերի առաջ է. շատ-շատերի տները վնասված են, շատ են վիրավորները, ցավոք՝ կան զոհեր։ Հենց այս կրիտիկական պահին Լիբանանի հայ համայնքը պետք է զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունն ու օժանդակությունը։ Առ այս պահը Հայաստանից հնչում են առավելապես բարոյական զորակցության կոչեր, ինչն իսկապես շատ կարևոր է, բայց, խնդրի ծավալները հաշվի առնելով, անհրաժեշտ է նաև գործուն աջակցություն։ Այս առումով առաջարկում եմ.

- Բեյրութի մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծել կառավարական օպերատիվ շտաբ, որը կհամակարգի ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր և հասարակական այն կառույցների գործունեությունը, որոնք ցանկություն կհայտնեն՝ մասնակցել մեր հայրենակիցների աջակցության խնդրին։ Հարկ եմ համարում ընդգծել, որ աղետի հետևանքների վերացումը ծանր և երկարատև աշխատանք է ենթադրում։

- ՀՀ Նախագահին՝ անցկացնել հեռավար քննարկումներ՝ հայկական առաջատար կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ջանքերի համակարգման և օգնության առաջնահերթությունների որոշման համար։

- Ձևավորել կապի և տեղեկատվության օպերատիվ խողովակ՝ ԱԳՆ-ում կամ կառավարման օպերատիվ շտաբում՝ քաղաքացիների համար։

- Նույնիսկ այսօրվա՝ պետության համար դժվար ֆինանսական պայմաններում կառավարության պահուստային ֆոնդից գումար առանձնացնել՝ աջակցության անհետաձգելի նպատակների համար։

- Բացել հատուկ հաշիվ՝ նվիրատվությունների համար՝ Բեյրութի հայերին աջակցելու նպատակով։

- Պետությունը պետք է աշխատի հայ մեծահարուստների հետ, որոնք արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ աջակցության ձեռք են մեկնում բեյրութահայերին, որպեսզի այդ աջակցությունը հնարավորինս հասցեական և նպատակային դառնա։

- «Հայաստան համահայկական հիմնադրամին»՝ մշակել հատուկ ծրագիր՝ Լիբանանի հայ համայնքին օգնելու համար։ Օրինակ՝ համայնքի կրթական, մշակութային և կրոնական հաստատությունների վերականգնումը։

- Քննարկել Հայաստանում ժամանակավոր օթևանի տրամադրման խնդիրը, հատկապես՝ Բեյրութի երեխաների և տարեցների համար, քննարկել այդ հնարավորությունը հատկապես Երևանի դատարկ հյուրանոցների համատեքստում։

- Քննարկել Երևանի և Բեյրութի միջև անխափան օդային կապի ապահովումը՝ դեպի Երևան ցանկացողների փոխադրման, իսկ հետադարձ ճանապարհով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման նպատակով։

- Ճշտել մասնագետների ցանկը՝ բժիշկներ, հոգեբաններ, փրկարարներ, շինարարներ, որոնք կամավորության հիմունքներով կարող են մեկնել և տեղում մասնագիտական աջակցություն ցույց տալ։

- Նախապատրաստել հիվանդանոցներ և այլ բուժհաստատություններ՝ Բեյրութից հնարավոր տուժածների ընդունման համար։

Վստահ եմ, որ սա միայն մի մասն է այն անհրաժեշտ քայլերի և միջոցառումների, որոնք կարող է ձեռնարկել հայկական աշխարհը՝ Բեյրութի մեր քույրերին և եղբայրներին այսօր աջակցելու համար։ Հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունները՝ զոհվածների հարազատներին և մաղթում շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին։

 

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

Այս թեմայով