Հայաստանի կրթական համակարգը` 1918-ից մինչ այսօր

Հայաստանի կրթական համակարգը` 1918-ից մինչ այսօր

1918-1920 թվականներ

1918 թվականին հայերենն օրենքով ճանաչվեց պետական լեզու։ Ձևավորվեց պետական կրթական համակարգը։ Թույլատրվեցին նաև մասնավոր դպրոցները։ Դպրոցն ավելի աշխարհականացավ։ Առաջին Հանրապետության ղեկավարները դիմեցին հայ մտավորականությանը՝ մասնակից լինելու կրթական համակարգի ձևավորմանը։ Շատ գործիչներ՝ Հ.Թումանյանը, Մ.Սարյանը, Հ.Աճառյանը և ուրիշներ արձագանքեցին և մասնակից դարձան կրթության համակարգի ձևավորմանը։ Գրեթե բոլոր գյուղերում սկսեցին գործել ծխական-տարրական դպրոցներ։ Այդուհանդերձ, դպրոցական կրթական համակարգում առանձնապես զարգացում չեղավ։ Թերևս ամենակարևոր իրադարձությունը 1919 թվականին Երևանի պետական համալսարանի բացումն էր Ալեքսանդրապոլում։

1920-1990 թվականներ

Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։

Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ Իրականացվում էին նաև բազմաթիվ փորձարկումներ։ Մասնավորապես, փորձարկվեցին լաբորատոր-բրիգադային, կոմպլեքսային և դալտոն-պլան մեթոդները։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։

Ընդհանուր առմամբ Խորհրդային կրթական համակարգն ուներ ինչպես թերություններ, այնպես էլ առավելություններ։ Հիմնարար թերություններից մեկն այն էր, որ մտածելու ազատություն չկար։ Առավելություններից էր այն, որ գրագիտության մակարդակը բարձր էր, կրթությունն անվճար էր և հասանելի բոլորին։ Մեծ հաջողություններ կային նաև բնագիտական առարակների ուսուցման ասպարեզում։

Հայաստանի կրթության համակարգը 1991 թվականից հետո

Անկախության տարիներին կրթական փոփոխություններն իրականացվել են բոլոր ուղղություններով։ Փաստորեն ստեղծվում էր նոր կրթական համակարգ, որը պետք է հարմարեցվեր անկախ պետության պահանջներին: Անհրաժեշտ էր ստեղծել նոր դասագրքեր, անհրաժեշտ էր նոր մոտեցում և նոր ծրագրեր: Անկախությունից հետո Հայաստանի կրթական համակարգը բացվեց արտաքին աշխարհի առաջ:

Առաջիններից մեկը Հայաստանում դեռ 1991թ. հաստատվեց Ամերիկյան համալսարանը: Համալսարանն այն եզակի ուսումնական հաստատություններից է, որը հիմք է ընդունում արևմտյան ոճի բարձրագույն կրթությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ուսուցման, հետազոտությունների և ծառայության բարձր որակը ապահովելու անհրաժեշտության վրա։

2000-ից բացվեց Ֆրանսիական համալսարանը, որը ոչ ֆրանսիախոս երկրների ամենամեծ ֆրանսիական ուսումնական հաստատությունն է: Այս հաստատությունն ունի մոտ վեց հարյուր ուսանող:

Դրանից երեք տարի առաջ հիմնադրվեց Սլավոնական (Հայ-ռուսական) համալսարանը, որն իր զգալի ավանդը բերեց կրթական համակարգի զարգացման և կատարելագործման գործում:

Հետագայում բացվեցին նաև այլ նմանատիպ ուսումնական հաստատություններ: Հանրակրթական դպրոցում առաջին արմատական փոփոխությունը բերեց Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ ստեղծված Մխիթար Սեբաստացու անվան կրթօջախը: Ճիշտ է, այն հիմնադրվել էր դեռևս 1989 թվականին, բայց որպես այդպիսին կայացավ անկախության տարիներին:

Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։

Իսկ ամենակարևորն այն է, որ հենց այս կրթահամալիրը ներշնչանքի աղբյուր դարձավ հետագայում բացված այլ կրթահամալիրների համար, որոնց կանդրադառնանք քիչ ավելի վերևում: Անկախությունից հետո կրթական համակարգի բարեփոխումների առաջին և խորքային փորձը կատարել է Աշոտ Բլեյանը՝ 1994-1995 թթ. զբաղեցնելով Լուսավորության նախարարի, իսկ՝ 1995-1996 թթ. ԿԳՆ առաջին փոխնախարարի պաշտոնը։

Այժմ դիտարկենք անխախությունից հետո տեղի ունեցած փոփոխությունները մի փոքր ավելի մանրամասն:

Օրենսդրական փոփոխություններ

1999 թվականին ընդունվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքը։ Ավելի ուշ ընդունվեցին նաև «Հանրակրթության մասին» (2009), «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» (2005), «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» (2004) ՀՀ օրենքները։ Այս օրենքներից զատ, Հայաստանում օրենքի կարգավիճակ ստացավ նաև Կրթության զարգացման պետական ծրագիրը։ Ծրագրին օրենքի կարգավիճակ տալու պատճառն այն էր, որ նախարարների փոփոխությամբ պայմանավորված փոխվում էին կրթական ծրագրերը։ Չկար շարունակականություն։ Այդ պատճառով ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը, ով կրթության պետական ծրագիր ունենալու գաղափարի հեղինակն էր, առաջարկեց այդ ծրագիրը օրենքի կարգավիճակով հաստատել Ազգային ժողովում, որպեսզի նախարարների փոփոխությունը չազդի կրթական քաղաքականության շարունակականության վրա։ Կրթության զարգացման առաջին ծրագիրն ընդունվեց 2001-2005 թվականների համար։ Երկրորդ ծրագիրն ընդունվեց 2011-2015 թվականների համար։ Այդ ծրագրի թերևս ամենակարևոր կետերից մեկն այն էր, որ մինչև 2015 թվականը կրթության պետք է հատկացվեր ՀՆԱ-ի 4%-ը։ Կրթության զարգացման 3-րդ պետական ծրագիրը 2-րդի նման նույնպես ձգձգվում է։ Այն պետք է ընդունվեր 2016-2025 թվականների համար, սակայն այսօրվա դրությամբ այն ընդունված չէ։

Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ կրթության ոլորտի կարևոր օրենսդրական փոփոխություններից մեկն այն էր, որ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին փոփոխություններ կատարվեցին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխությունների համաձայն Հայաստանն անցնում է համընդհանուր ներառական կրթության։

Ներկայումս Ազգային ժողովում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծի շուրջ բավական բուռն քննարկումներ են ընթանում։ Նոր նախագծով քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ և մարզպետներն այլևս չեն կարող լինել բուհերի կառավարման խորհրդի կազմում։ Սա չափազանց կարևոր քայլ է և կնպաստի համակարգի զարգացմանը:

Կառավարման և ֆինանսավորման համակարգի փոփոխություններ

Անկախության տարիներին էապես փոխվեց կրթության համակարգի կառավարումը։ Մակրո մակարդակում ստեղծվեցին բազմաթիվ նոր կառույցներ։ Օրինակ՝ Գնահատման և թեստավորման կենտրոնը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Լեզվի պետական տեսչությունը և այլն։

Անկախության տարիներին փոխվեց ուսումնական հաստատությունների կառավարման ձևը։ Այսօր դպրոցների, քոլեջների, համալսարանների ղեկավարներն ընտրվում են կառավարման խորհուրդների կողմից։ Կառավարման այս համակարգը ձևով լինելով ժողովրդավարական, Հայաստանում դեռևս չի տալիս ցանկալի արդյունքներ։ 

Կառավարման համակարգի թերևս ամենամեծ խնդիրը համակարգի կուսակցականացումն է։ Հայաստանի ուսումնական հաստատությունների ղեկավարների ճնշող մեծամասնությունը և ուսուցիչների զգալի մասը անդամագրվել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը։

Էապես փոխվեց նաև համակարգի ֆինանսական կառավարումը։ Անկախությունից հետո Հայաստանում թույլատրվեց վճարովի կրթությունը։ Բուհերում և միջին մասնագիտական հաստատություններում վճարովի կրթությունը մեծ ծավալ կազմեց։ Հատկապես բուհերի պարագայում ցուցանիշը հասավ ահռելի մեծության։ Այսօր Հայաստանում կան պետական բուհեր, որոնք իրենց եկամուտների 80-90 %-ը ստանում են վճարովի կրթական համակարգից։ Այն կանխատեսումը, որ վճարովի ուսուցումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը, չարդարացավ։ Ցավոք, վճարող ուսանողին ավելի շատ հետաքրքրում է դիպլոմ ստանալը, քան ուսուցման որակը։

Դպրոցական համակարգում ըստ դասարանի ֆինանսավորումից անցում կատարվեց ըստ աշակերտի ֆինանսավորման։ Վերջինս մրցակցային մոդել է և հնարավորություն է տալիս ավելի շատ աշակերտներ ունեցող դպրոցներին ավելի շատ ռեսուրսներ ստանալ։

Կառուցվածքային փոփոխություններ

Անկախության տարիներին փոփոխություններ եղան նաև կրթական հաստատությունների կառուցվածքում։ Մասնավորապես, դպրոց գնալու տարիքը 7 տարեկանից իջեցվեց 6-6.5-ի։ 10-ամյա դպրոցական կրթությունից անցում կատարվեց 12-ամյա կրթության։ Մինչև 2017 թվականը պարտադիր էր համարվում 9-ամյա կրթությունը։ Այս տարվանից Հայաստանում գործում է 12-ամյա պարտադիր կրթություն։ 2006 թվականից Հայաստանում ստեղծվեցին առանձնացված ավագ դպրոցներ։ Շուրջ 110 ավագ դպրոցները գերազանցապես ստեղծվեցին քաղաքներում, ինչն ավելի սրեց քաղաք-գյուղ տարբերությունները։

Թերևս ամենածանր վիճակում նախադպրոցական կրթությունն է։ Անկախության տարիներին վաճառվեցին կամ այլ նպատակներով օգտագործվեցին նախադպրոցական հաստատությունների շենքերը։ Արդյունքում, Հայաստանի բազմաթիվ համայնքներում մանկապարտեզներ չկան։ Երևանում մանկապարտեզներն անվճար են, իսկ մարզերում՝ վճարովի, ինչը անհավասարություն է ստեղծում։ Հայաստանում մանկապարտեզ է հաճախում 0-6 տարեկան երեխաների միայն 30%-ը, գյուղերում այդ ցուցանիշը՝ 17% է։

Փոխվեց նաև բուհական կրթության կառուցվածքը։ 2005 թվականից Հայաստանը միացավ Բոլոնյայի գործընթացին և 5-ամյա բարձրագույն կրթությունից անցում կատարվեց 4 տարի բակալավրիատ և 2 տարի մագիստրատուրա համակարգին։

Կրթության բովանդակության

Կրթության բովանդակության թերևս ամենակարևոր խնդիրը դասագրքերն են։ Խորհրդային տարիներին դասագրքերը գրվում էին Մոսկվայում, բացառությամբ Հայերենի և Հայոց պատմության դասագրքերի։ Այդ պատճառով Հայաստանն առ այսօր դժվարություններ ունի որակյալ դասագրքեր հրատարակելու հարցում։ 1996 թվականից Հայաստանում ներդրվեց դասագրքերի վարձակալության համակարգը։ Այդ համակարգը հնարավորություն է տալիս դասագրքի համար վճարել գնի 25%-ը և մեկ ուսումնական տարի օգտագործելուց հետո վերադարձնել դպրոցին։ Այս հարցի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վերջերս դիմել է Սահմանադրական դատարան, որով վիճարկում է վարձակալության համակարգի սահմանադրականությունը։

Խնդիրն այն է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, միջնակարգ կրթությունը Հայաստանում անվճար է։ Հետևաբար, դասագրքերի համար վճարելն անօրինական է։
Հաճախ դպրոցներն ազատ չեն դասագիրք ընտրելու հարցում, քանի որ նրանց պարտադրվում է դասագրքերից մեկը։ Խնդրահարույց է նաև դասագրքերի բովանդակության հարցը։

Շատ ավելի վատ է վիճակը միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում։ Այստեղ շատ քիչ են հայալեզու դասագրքերը։ Իսկ օտարալեզու դասագրքերը հին են, սակավաթիվ։ Բացի այդ շատ ուսանողներ չեն տիրապետում օտար լեզուների։

Այդուհանդերձ, Հայաստանը կրթության բոլոր մակարդակներում անցել է չափորոշիչների վրա հիմնվող մոտեցման, ինչը նշանակում է, որ ուսուցիչներն ու դասախոսները ազատություն ունեն դասագրքերի, ուսումնական նյութերի ընտրության հարցում։

Մարդկային ռեսուրսի կառավարում

Կրթության ոլորտում կարևոր նշանակություն ունեն տնօրենների, մանկավարժների կրթության և մասնագիտական զարգացման գործընթացները։ Այս առումով Հայաստանում լուրջ խնդիրներ կան մանկավարժական կրթության ոլորտում։

Մանկավարժական բուհեր ընդունվում են ամենացածր միավորներ ստացող դիմորդները, ինչը նշանակում է, որ ուսուցիչների նոր սերունդը լուրջ խնդիրներ ունի առարկայական գիտելիքների հետ կապված։ Կան կոռուպցիոն ռիսկեր ուսուցիչների աշխատանքի ընդունման գործընթացում։

Առկա են նաև դժգոհություններ ուսուցիչների մասնագիտական զարգացման դասընթացներից։ Ըստ ուսուցիչների, դրանք ձանձրալի են և ոչ օգտակար։

Աշակերտների առաջադիմություն

Հայաստանի դպրոցներում նշանակվող թվանշանները հիմնականում չեն արտացոլում երեխաների առաջադիմության իրական վիճակը: Հետևաբար, կարևոր են միջազգային ստուգատեսների արդյունքները։ 2003, 2007, 2011 և 2015 թվականներին Հայաստանը մասնակցել է Գիտելիքների ստուգման TIMMS ստուգատեսին։ TIMMS –ը միակ միջազգային ստուգատեսն է, որին մասնակցում է Հայաստանը։ Հրապարակվել են 2003 և 2011 թվականների արդյունքները, որոնց համաձայն, Հայաստանի 4-րդ և 8-րդ դասարանցիների արդյունքները Մաթեմատիկա և Բնագիտություն առարկաներից շատ ցածր են։

Դպրոցական օլիմպիադաներին մեծ տեղ է տրվում Հայաստանում, թեև միջազգային օլիմպիադաների արդյունքները հանրակրթության որակի չափման ցուցանիշ չեն։

Մեր դիտարկումը ցույց է տալիս, որ բացահայտված ընդհանուր միտումն այն է, որ Ֆիզիկա առարկայի օլիմպիադաներից գերազանցապես հաղթում են հայտնի վարժարանների սաները։ Հաղթողները գերազանցապես Երևանից են և տղաներ են։ Նույն վիճակն է Մաթեմատիկայի պարագայում։ Ընդ որում, համաշխարհային օլիմպիադաներում մասնակցում են գերազանցապես տղաներ։

Հայաստանը 1993 թվականից մասնակցում է Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադաներին։ Այդ տարիների ընթացքում ընդամենը 2 աղջիկ մասնակից է ունեցել Հայաստանը։ Դիտարկենք վերջին 3 տարիների ցուցանիշները ըստ առարկաների։

Հայոց լեզվի օլիմպիադայի արդյունքներն էապես տարբերվում են մաթեմատիկայից և ֆիզիկայից։ Նախ, այստեղ մրցանակների թիվը շատ քիչ է, ինչը նշանակում է, որ լավ պատրաստված աշակերտները քիչ են եղել։ Երկրորդն այստեղ մրցանակները գերազանցապես նվաճել են աղջիկները։ 9-րդ դասարանցի բոլոր մրցանակակիրները աղջիկներ են, իսկ 12-րդ դասարանցիների դեպքում՝ 13-ից 9-ը։

Համաշխարհային օլիմպիադաներում մեր աշակերտների հաջողությունը ոչ թե բնորոշում է ամբողջ կրթական համակարգի, այլ առանձին դպրոցների որակը, ինչպես նաև աշակերտների անհատական որակները:

Միջազգային օլիմպիադաներում Հայաստանն ամենալավ արդյունքը ցույց է տվել 2012թ. թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաններում, որտեղ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ նվաճելով 16 մեդալ: 2012 թվականին Մաթեմատիկա, Ֆիզիկա, Կենսաբանություն, Քիմիա, Ինֆորմատիկա և Աստղագիտություն առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր:Ի դեպ, 2003 թվականից սկսած հայ աշակերտները միջազգային օլիմպիադաներում նվաճում են առնվազն հինգ մեդալ:

Վերջին տարիների կարեւոր քայլերը

2009 թվականից Հայաստանում գործում է «Լույս» հիմնադրամը, որի շնորհիվ Հայաստանում բնակվող կամ արտերկրում ապրող հայկական ծագում ունեցող 18-40 տարեկան անձինք հնարավորություն են ունենում սովորելու աշխարհի լավագույն 10 համալասարաններում։ Հիմնադրամը վճարում է անհրաժեշտ ծախսերի 50 տոկոսը։ Հիմնադրամի հիմնադիրներն են Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը:
Ցավոք, ծրագիրը շրջանավարտներին չի պարտադրում վերադառնալ Հայաստան: Կարծում ենք, որ այս բացը պետք է լրացվի։

Դիլիջանի միջազգային դպրոցը ստեղծվել է 2013-ին: Այն միջազգային համագործակցությամբ անգլիական միջին դպրոց և դպրոց-պանսիոն է, Cambridge IGCSE և IB Diploma ակադեմիական ծրագրերով: Զբաղեցնում է ավելի քան 88 հեկտար հողատարածք։

Այս դպրոցում այժմ սովորում է աշխարհի 61 երկների ներկայացուցիչներ: Նրանց թիվը հասնում է 180-ի:

Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը՝ տիկնոջ հետ։ Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Դպրոցը Միացյալ համաշխարհային քոլեջներ խմբի անդամ է:

«Այբ» դպրոցը (պաշտոնական անունը՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ) Երևանում գործող 12-ամյա հայկական դպրոց է, կարգավիճակով՝ հիմնադրամ: Ստեղծվել է 2011 թվականին և կարևոր դերակատարում ստանձնել հայաստանյան կրթական համակարգում:Ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից:

2011 թվականին բացվեց «Այբ» դպրոցի առաջին բաղադրիչը՝ «Այբ» ավագ դպրոցը: Դպրոցի բացումն ու հետագա բաղադրիչների կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել են անհատ բարերարներ աշխարհի տարբեր անկյուններից: «Այբ» ավագ դպրոցը հայկական ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է, որտեղ աշակերտներին շնորհվում է կրթաթոշակ (ուսման արժեքի փոխհատուցում)՝ բարերարների նվիրատվություններից գոյացած կրթաթոշակային ֆոնդից: Շնորհիվ սոցիալական բաղադրիչի՝ ուսումը «Այբ» դպրոցում հասանելի է բոլոր ընդունված երեխաներին:

2013 թվականին մեկնարկեց դպրոցի տարրական, իսկ 2014 թվականին՝ միջին բաղադրիչի գործունեությունը:

2013 թվականին Դիլիջանում «Այբ» կրթական հիմնադրամի և ՀԿԲ-ի համագործակցության շնորհիվ բացվել է «Այբ» դպրոցների ընտանիքին պատկանող երկրորդ դպրոցը: Դպրոցում սովորում է 352 աշակերտ (2016 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ), որոնց թվում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտերկրի (ընդհանուր թվի մոտ 10%-ը) քաղաքացիներ:

«Արարատյան բակալավրիատ» ծրագիրն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Ծրագրի շրջանակներում ներկայումս ընտրված են 21 թեկնածու դպրոցներ Հայաստանից և Արցախից։ Ծրագրի վերապատրաստումներին մասնակցում են քննությունները հաջողությամբ հանձնած ուսուցիչներ։ Տարեկան պետական բյուջեից ծրագրին հատկացվում է շուրջ 660 մլն դրամ։

ԱԲ-ը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է՝ նախատեսված ժամանակակից պետական և մասնավոր կրթական հաստատությունների համար: ԱԲ-ը մշակված է հատուկ հայկական դպրոցների համար, և ԱԲ-ով ուսուցումը հայերեն է:

2016 թվականին Մեծ Բրիտանիայի Ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ) ԱԲ-ը համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին, և նույն թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց «Արարատյան բակալավրիատը» որպես Հայաստանում պետական հանրակրթական ծրագիր։

ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ դպրոցական որակավորումներին և ճանաչումը որպես պետական հանրակրթական ծրագիր Հայաստանում հնարավորություն են ընձեռում ծրագրով սովորող բոլոր աշակերտներին հայերենով հանձնելու իրենց ավարտական քննությունները և այդ քննությունների արդյունքներով ընդունվելու ՀՀ կամ միջազգային բուհեր կամ կրեդիտավորելու այդ արդյունքներն արտասահմանյան բուհերում։

Այլ ձեռքբերումներ

Վերջին մի քանի տարիների հաջողություններից կարելի է համարել մոտ 150 համայնքում ստեղծված նախադպրոցականոն կրթական օջախները, քանի որ համայնքների 2/3-ը նախադպրոցական կրթության հնարավորություն չունի:

Հաջորդը ձեռքբերումը, կարելի է համարել բարձրագույն կրթության ոլորտում սահմանված կրթության ոլորտի նոր չափանիշներր, որով խստացվել են լիցենզավորման պայմանները, երկու անգամ կրճատվել է մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատաությունների թիվը, որից ոչ մի ուսանող չի տուժել: Ինչն իրոք կաևոր նվաճում է:

Երրորդ ձեռքբերումը շախմատը դպրոցում դասավանդելն է: Այս նախագիծը միջազգային բավական մեծ արձագանք գտավ: Եվրոպական երկրներն ուսումնասիրում են հայկական փորձը, ծանոթանում են այս նախաձեռնությանը:

Ամփոփում

1991-ից ի վեր կրթական համակարգի ամենակարևոր ձեռքբերումը օտարալեզու դպրոցների վերացումն էր, սակայն մինչ օրս լուրջ խնդիր է հատկապես բարձրագույն հաստատություններով հայերենով համապատասխան մասնագիտական ձեռնարկների և գրքերի առկայությունը: Այս խնդիրը լուրջ հարված է հասցնում մեր կրթական համակարգին: Կարծում ենք հատուկ ծրագիր պետք է իրականացվի ամենաբարձր մակարդակով այս խնդիրը լուծելու համար:

Կարևոր խնդիր է նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառումը կրթական համակարգում: Երեխաների ընդհանուր զարգացման համար անհրաժեշտ է տեխնոլոգիաների կիրառում նախկրթարաններում, դպրոցներում և բարձրագույն կրթական հաստատություններում: Ամեն ինչ պետք է արվի ավագ դպրոցների կայացման խնդիրը լուծելու համար, որ այն ինքնանպատակ չդառնա: Այն օրենսդրական փոփոխությունները, որ իրականացվել են հատկապես վերջին տասը տարիներին ի վիճակի են նպաստել կրթական համակարգի բարելավմանը, սակայն անհրաժեշտ են գործուն և հետևողական քայլեր:

Մենք բավարար ներժուժ ունենք համաշխարհային առաջադեմ փորջը Հայաստանում կիրառելու համար, մնում է համապատասխան հատկացումներ լինեն և բարելավվի ուսուցոիչների և դասախոսների կենսամակարդակը, որի համար հսկայական աշխատանք է պետք իրականացնել: Անհրաժեշտ է բարեփոխումների շարունակականություն: Այնպես, որ նախարարների փոփոխությունը չհանգեցնի ծրագրերի դադարեցմանը: Մենք կրթության վերաբերյալ պետական մշակված հայեցակարգ պետք է ունենանք, որը չպետք է փոխվի նոր նախարարի նշանակումով: Մենք ունենք կրթության ոլորտի սպեցիֆիկ խնդիրներ, որոնք հատուկ մոտեցում են պահանջում, և միջազգային փորձն այստեղ մեզ չի կարող օգնել:Մեզ հարկավոր են կրեատիվ, ոչ ստանդարտ մոտեցումներ։

Սերոբ Խաչատրյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» պատվերով

Այս թեմայով