Դժվար բանակցություններ, թե ողբերգական պատերազմ

Երեկ ուշ երեկոյան Երևանը, թերևս առաջին անգամ, սկսեց հասկանալ պատերազմի իրականությունը։ Տեսնելով իր երկնքում հրթիռները` սովորական Երևանը սկսեց գիտակցել, որ Արցախի մատույցներում ընթացող պատերազմը պլանշետներով նայելու հեռավոր միջոցառում չէ։

Թշնամու ԱԹՍ-ների երևանյան երկնքում հայտնվելը, կարծում ենք, քննարկումների որակը պետք է էականորեն լրջացնի։ Հասարակական Երևանը երեկ սկսեց գիտակցել, թե ինչ ողբերգականություն ունի իր մեջ պատերազմը։ Հերթը պաշտոնական Երևանինն է։

Մինչև ԱԹՍ-ների հայտնվելը երևանյան վերնախավը խոսում էր, թե գերտերությունների հրադադարի միջնորդությունը ընդունելու դեպքում մեզ սպասում են դժվար բանակցություններ. հետևաբար, արդյո՞ք, ճիշտ է ընդունել այդ պայման-առաջարկը։ Ողջ երեկո Երևանում նման քննարկումներ էին։ Ու սա մեր ողբերգությունն է։
Միակ հարցը, որը ծագում էր հետևյալն է. Իսկ ո՞րն է այլընտրանքը։ Դժվար բանակցությունների միակ այլընտրանքը ողբերգական պատերազմն է։ Բոլոր պատերազմները մի պահից կորցնում են իրենց հերոսականությունը և դառնում են ողբերգություն։

Եվ ոչ մի իշխանություն ու ընդդիմություն իրավունք չունի չարաշահելու կամքը, հերոսությունը, հայրենասիրությունը։ Այդ բոլոր հատկանիշները պետք է ընկալվեն որպես գենում առկա զարգացման ահռելի ռեսուրս ու օգտագործվեն խաղաղ կյանքում։

Պետք չէ հաշվարկներ անել, թե դժվար բանակցությունները ու՞մ, ի՞նչ քաղաքական դիվիդենտներ կամ հեռանկար կարող են խոստանալ։ Դա ոչ միայն բարոյական չէ, այլև՝ հաշվի չի առնում պատերազմի հնարավոր ողբերգականության ծավալները։

Հիմա սառը հաշվարկների, սառը քայլերի, իրավիճակի և հեռանկարի սառը գնահատման պահն է։

Վերջին օրերին մեր դիվանագիտությունը հարակից համակարգերի օգնությամբ չափազանց լուրջ հաջողություն ունեցավ. լոկալ ռազմական գործողություններին միջազգային տեռորիզմի դեմ պայքարի կարևոր երանգ տալով։ Սա իսկապես լուրջ տրանսֆորմացիա էր, լուրջ աշխատանքի արդյունք։ Հիմա խնդիրը այդ դիվանագիտական հաջողությունը պահելն է, շեշտադրումները զարգացնելը, ղարաբաղյան բանակցությունների վերսկսմանը հասնելը։ Հակառակ դեպքում կստացվի ի՞նչ. ողջ բեռը բանակի ու հայրենասիրության ալիքի վրա՞։ Դա պետության մոտեցում չէ։

Այնուհանդերձ, եթե դժվար բանակցությունների և ողբերգական պատերազմի ընտրության հարցը շարունակի առաջիկայում մնալ օրակարգում, ապա պետք է գիտակցել, որ դա չի կարող լինել մեկ հոգու որոշում։ 

Շատ կարևոր է Արցախի ինքնուրույն կարծիքը, զինվորական վերնախավի մասնագիտական կարծիքը, դիվանագետների կարծիքը, պատերազմ տեսած և հաղթած մարդկանց կարծիքը։ Եվ եթե մենք կարող ենք մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և կռվել, ապա նույնը կարող ենք անել դժվար, բայց խաղաղ բանակցությունների դաշտում։ Խաղաղ բանակցությունը հակամարտության դրսևորումներից մեկն է։

Հիմա խնդրի շուրջ կա գերտերությունների և միջազգային հանրության կենտրոնացում, գուցե հիմա իսկապես պահն է օգտվել այդ հնարավորությունից։


Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

 

Այս թեմայով