Կա՛մ անում ես անարդարություն ու մաս կազմում դավաճանությանը, կա՛մ մնում ես մարդ ու սպա

Երեկվանից Փաշինյանի հրահանգով սկսվել են ձերբակալություններ։ Սա իշխանության միակ արձագանքն էր ստեղծված բարդագույն իրավիճակին և հասկանալի է, որ ընդամենը մոտեցնելու է իշխանության տրամաբանական վախճանը։

Պրոցեսն իրավական չէ։ Փաշինյանի անօրինական հրահանգներին ենթարկվելուց առաջ իրավապահները պետք է գնահատեն իրենց գործողությունները։ Սա նրանց մասնակից է դարձնում հայրենիքը հանձնելու անպատիվ գործին։

Ուզում եմ դիմել ժողովրդին բռնության ենթարկող ոստիկաններին: Մարդիկ պայքարում են իրենց հայրենիքի համար։ Դուք ում դեմ կամ ինչի համար եք պայքարում։ Դուք չպետք է կաշկանդված լինեք անօրինական հրահանգներով։

Ուզում եմ դիմել իմ գործընկեր փաստաբաններին։ Հարգելի փաստաբաններ, այստեղ այլևս դատավարական պրոցեսներ չեն ընթանում։ Պետք չեն անդեմ հայտարարություններ «ՀՔԾ քննիչ», «ԱԱԾ աշխատակից», «Դատավոր»։ Հասարակությունը պետք է իմանա ում համար է իր «ընտանիք պահելու» արդարացումը ավելի կարևոր, քան երկրի ճակատագիրը։ Հասարակությունը պետք է իմանա ովքեր են իրենց պաշտոնները պահելու համար մասնակից դառնում հակաօրինական պրոցեսներին։ Հասարակությունը պետք է իմանա նրանց անունները։ Հիմա պետք է անվանապես ասել, որ քննիչը, որ դատավորն է անօրինական գործողություններ կատարում՝ Վանեցյանի, Ծառուկյանի, Սաղաթելյանի և մյուսների դեմ։ Եվ այդ մարդիկ պետք է իմանան, որ անհատական պատասխանատվության են ենթարկվելու՝ այս ճակատագրական պահին անօրինականություններ անելու համար։ Հերիք է ամեն ինչ արդարացնել «տուն պահելու» կամ «համակարգի մարդ» լինելու կեղծ արդարացումներով։ Կա՛մ անում ես անարդարություն ու մաս կազմում դավաճանությանը, կա՛մ մնում ես մարդ ու սպա։

Բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Դա կապահովի մեր երկրի ներքին անվտանգությունը և հնարավորություն կստեղծի այս բարդ իրավիճակից լուծումներ գտնելու համար։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով