Առաջին քայլը ֆուտբոլի զարգացման ճանապարհին

Առաջին քայլը ֆուտբոլի զարգացման ճանապարհին

Հայաստանում ֆուտբոլ սիրում են, շատ են սիրում: Ֆուտբոլը գրեթե միակ լայն մասսայականություն վայելող խաղն է մեր երկրում (շախմատը չհաշված): Բնականաբար, ֆուտբոլն առանձնահատուկ վերաբերմունքի պետք է արժանանա:

Հայաստանի ազգային հավաքականը երկու անդեմ խաղ է անցկացնում, իսկ մարզիչը գոհ եւ երջանիկ է: Մինչեւ 19 տարեկանների հավաքականը 4:0 հաշվով պարտվում է Արաբական Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի հավաքականներից, իսկ որ ամենաամոթն է՝ 2:2 խաղում Թայլանդի թիմի հետ: Մենք գլորվել-գլորվել, հավասարվել ենք մի երկրի հետ, որը ֆուտբոլ, որպես այդպիսին, երբեք չի ունեցել:

Այս արդյունքները, հատկապես պատանիների ցույց տված խաղերը, վկայում են, որ ֆուտբոլում լուրջ խնդիրներ կան: Օրերս գրեթե բոլոր հեռուստաալիքներով ցուցադրեցին, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այցելել է Տավուշի մարզ եւ այնտեղ պետք է մարզադաշտեր կառուցվեն, որ տեղի թիմերը կարողանան մասնակցել Հայաստանի առաջնությանը:

Դեռ անցած տարվա վերջերին մենք՝ «Այլընտրանքային նախագծեր խումբը» հանդես եկավ ֆուտբոլի մասին ծավալուն հրապարակումով, որտեղ կոնկրետ առաջարկներ էինք արել ֆուտբոլը տեղից պոկելու, զարգացնելու համար: Շատ լավ է, որ մեր առաջարկն արձագանք է գտել: Շատ լավ է, որ ֆուտբոլի զարգացմամբ սկսել են զբաղվել ամենաբարձր մակարդակով:

Հիմա, իհարկե, կարելի է ասել, թե ինչու ավելի վաղ նման քայլեր չէին արվում, եւ այլն, եւ այլն: Կարծում ենք, որ ամենակարեւորն այն է, որ քայլն արդեն արված է: Մնում է հետեւողական լինենք:

Մենք նշել էին, որ ֆուտբոլի զարգացումը միայն ՀՖՖ-ի ուսերին թողնելով էական հաջողության չենք հասնի: Հիմա եւս շեշտում ենք, որ ֆուտբոլի զարգացումը միայն ՀՖՖ-ով չի կարող իրականություն դառնալ:

Ժամանակակից աշխարհում ֆուտբոլը ձեւավորում է հասարակական արժեքներ, հարաբերությունների համակարգ: Մարդիկ ապրում են ֆուտբոլով: Սերնդեսերունդ ընտանիքներում երկրպագում են այս կամ այն թիմին, եւ դա ընտանեկան ավանդույթ է: Ֆուտբոլ նայելու համար մարզադաշտ գնալը կյանքի մի մասնիկ է: Դա կյանքի մի մասն է: Հիմա, երբ ֆուտբոլը մտնի մարզ, մտնի գրեթե յուրաքանչյուր տուն, մեր երկրում եւս գեղեցիկ ավանդույթներ կձեւավորվեն:

Մեկ անգամ եւս կրկնենք մեր առաջարկը՝ ֆուտբոլը Հայաստանում վերակենդանացնելու համար անհրաժեշտ է.
Ա. Ձեւավորել ֆուտբոլային ինդուստրիա
Բ. Վերականգնել ֆուտբոլի եւ ժողովրդի կապը:

Մարզային մարզադաշտերի, ենթակառուցվածքների ստեղծումն այս ուղղությամբ արվող կարեւոր քայլերից մեկն է:

Քաղաքները, գյուղերը կապրեն ֆուտբոլով: Օրինակ, Աչաջրի եւ Սեւ քարի հանդիպումը կդառնա իրադարձություն: Մարդիկ կսպասեն Ալավերդու եւ Շնողի հանդիպմանը: Ֆուտբոլի զարգացումը կնպաստի նաեւ փոքր եւ միջին բիզնեսի աշխուժացմանը, մշակութային կյանքի աշխուժացմանը: Փոքրիկ եւ գեղեցիկ մարզադաշտերում հնարավոր կլինի նաեւ մշակութային միջոցառումներ անցկացնել:

Շեշտենք, որ մարզադաշտերը պարտադիր չէ որ ունենան հինգ կամ տասը հազարանոց տրիբունաներ: Անգլիան լեցուն է փոքրիկ, ընդամենը հազար կամ երկու հազար մարդ տեղավորող մարզադաշտերով, բայց դրանք ունեն հսկայական էներգետիկա: Վստահ եղեք, մեզ մոտ եւս այդպես է լինելու, եթե հետեւողական քայլեր անենք, խելամիտ մոտեցում ցուցաբերենք այս խնդրի լուծմանը:

Տեղաշարժեր արդեն կան: Խոշոր գործարարները հետաքրքրություն են ցուցաբերում ֆուտբոլի նկատմամբ: Վերջապես Բարձրագույն խումբը կունենա տասը թիմ: Ճիշտ ժամանակն է մտածել Առաջին եւ երկրորդ խմբեր ձեւավորելու մասին, եւ պարտադիր չէ այդ թիմերից սկզբնական շրջանում բարձրակարգ խաղ սպասել: Կարեւորը էներգետիկայի կերտումն է:

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով