Վարչապետի «ճանապարհային քարտեզի» առիթով

1. Ն. Փաշինյանը չի գիտակցում 2.5 տարվա իր գործունեության արդյունքը՝ իր աններելի սխալների ողջ ծավալը, որը բանակցությունները բերեց փակուղու, բզկտեց հասարակությունը և մեր երկրի դռները բացեց պատերազմի առաջ։

2. Ն. Փաշինյանը չի գիտակցում բուն պատերազմի օրերին թույլ տրված աններելի սխալների ծավալը. մերժեց պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկները, չկարողացավ պետությունը մոբիլիզացնել պատերազմական պայմաններին համահունչ, չլսեց ոչ մի խորհուրդ, նույնիսկ պատերազմի օրերին էր փնտրում դավաճան ու փորձում խառնակչություն տարածել երկրում։

3. Ն. Փաշինյանը չի գիտակցում բուն պատերազմի հետևանքները։ Շուշիի հանձնումը, Հադրութի հանձնումը, Արցախի դատարկումը, հազարավոր զոհերը և վիրավորները նրա համար աշխատանքային ընթացիկ հարցեր են։ Նա չի զգում աղետի իրական մասշտաբը։

4. Ն. Փաշինյանը չի գիտակցում պատերազմից հետո Հայաստանի նոր կարգավիճակը, Հայաստանի նոր ծանրագույն խնդիրները։ Նա ունի գավառական պատկերացումներ՝ մեր երկրի ներկայի և ապագայի մասին։ Չի պատկերացնում այն փլուզումների հեռանկարը, որ կարող է անկասելի դառնալ։
Հայաստանը պարզապես կարող է լեգոյի նման փլուզվել, եթե շատ արագ երկրում չփոխվի կառավարման թիմը և երկրի մթնոլորտը։ Նա չի հասկանում ռիսկերի և իրական վտանգների ծավալը՝ անվտանգություն, տնտեսություն, բանկեր, արտագաղթ, սոցիալական արհավիրք։

5. Ն. Փաշինյանը կամ չի հասկանում ոչինչ, և նրա այսօրվա դատողությունները պարզունակության սահմանից այն կողմ են, կամ՝ իր թիմին է այս կերպ փորձում խաբել, ևս մի քանի օր պահել, որովհետև անձնական շահից ելնելով՝ նա պետք է թիմին «քցի» ու թողնի հարվածի տակ, և ոչ՝ հակառակը։

6. Ն. Փաշինյանը չի հասկանում, որ որևէ լուրջ մարդ չի կանգնի իր կողքին, չի լինի իր կառավարությունում, չի աշխատի իր հետ։

7. Ն. Փաշինյանն իր թիմին փորձելու է խաբել, թե Պուտինն իրեն սատարեց։ Իրականում Պուտինը հանրայնացրեց փաստը, որ պատերազմը, որը հոկտեմբերի 19-20 կարող էր դադարել, չի դադարել Փաշինյանի´ մեղքով, և դա պատճառ է դարձել հազարավոր նոր զոհերի և նոր կորուստների։ Իսկ մյուս ձևակերպումներում ՌԴ նախագահը փորձեց հայ ժողովրդին ներկայացնել մեր տեսական շանսերը։ Կարո՞ղ եք՝ օգտագործե´ք։

8. Ն. Փաշինյանին պետք է տալ անվտանգության երաշխիքներ։ Եվ հերոսության կամ խոհեմության ցուցանիշ չէ՝ բարձր ու ավելի բարձր դավաճան ասելը կամ սպառնալիքներ ձևակերպելը։ Պետության շահի առանցքում է նրա և իր մերձավորների անվտանգությունը, նրա թիմի անդամների հանդեպ հաշվեհարդարների բացառումը։ Առողջ ուժերի խնդիրը պետությունն այս ճգնաժամից հանելն է և ոչ՝ մասնավոր հաշվեհարդարները։

Հ.Գ.
Այս ֆոնին շատ կարևոր է, որ Փաշինյանի հրաժարականի համընդհանուր պահանջից աստիճանաբար հանվի զգացմունքային գործոնը, և հանրությանը ներկայացվեն այն իրական ռիսկերը, որոնք օրերի ընթացքում մեր դռան առաջ են կանգնելու։
Հայաստանում չկա համարժեք պատկերացում ճգնաժամի խորության մասին։ Դա չկա ո´չ իշխանության մոտ, ո՛չ հանրության մեծամասնության, ո՛չ էլ ընդդիմության մի զգալի մասի։

Չեմ ուզում ամեն ինչ մութ գույներով ներկայացնել, բայց եթե մենք ճիշտ չհասկացանք հետպատերազմյան վիճակը և գոյացած ու գոյացող ռիսկերը, ապա մեզ սպառնալու են խոշորամասշտաբ փլուզումներ։ Հենց առաջիկա շաբաթներում դրանք կարող են սկսվել։
Գրագետ և ռացիոնալ խոսքը շատ կարևոր է նաև Իմ քայլի մի մեծ խումբ պատգամավորների համար, որոնք այսօր կարիք ունեն հանդարտ երկխոսության։ Այդ մարդկանց պետք է պարզ բացատրել, որ «թիմին չդավաճանելու» բարոյական արգելանքն այսօր արհեստական ու հնացած է, և եթե իրենք ունեն պատասխանատվություն երկրի առաջ, ապա ճանապարհը մեկն է, քանի որ Փաշինյանի վարչապետության շարունակվելը նոր, ավելի ծանր աղետի երաշխավորն է։



Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով