Մոնթեից մինչև Էրատո, Քոչարյանից մինչև Արայիկ ու Նիկոլ

Ղարաբաղյան առաջին պատերազմի փառահեղ հաղթանակը և այսօրվա ողբերգական պարտությունն ունեն իրենց սիմվոլները։

Մոնթեն հաղթող հրամանատարի սիմվոլն էր։ Ինչ-որ իմաստով՝ հավաքական սիմվոլ, որովհետև նա բոլոր հերոսների հավաքական կերպարն է։

Օրեր առաջ ավարտված պատերազմում նույնպես եղել են անհավանական հերոսություն գործած զինվորներ ու հրամանատարներ, բայց ամենից շատ հնչել է Էրատոյի անունը։ Նոր Հայաստանում մեզ փաթաթվող պատերազմի հերոսը Էրատոն է։ Հաղթանակից մինչև պարտություն կորը միշտ ունենում է տրամաբանություն, և Մոնթեից Էրատո կորը հենց այդ տրամաբանությունն է։ Սա լրջության, պետականության կորն է։ Եվ արդյունքն էլ տրամաբանական է։

Երկու օր է՝ համացանցում մի լուսանկար է շրջում՝ գլխիկոր հայր Ալիևը՝ Ռ. Քոչարյանի կողքին։ Ցանկացած մարդ կարող է սիրել-չսիրել Քոչարյանին, կարող է լինել նրա երդվյալ հակառակորդը, բայց ժխտել այս պատմական տարբերությունը՝ անհնար է։ Հաղթական պատերազմում Արցախը ղեկավարում էր Քոչարյանը, պարտության պատերազմում՝ Արայիկը։ Սա է կորի տրամաբանությունը։ Հաղթող Քոչարյանը պատերազմի ժամանակ արել էր Արայիկ Հարությունյանի քայլերի լրիվ հառակը։ Ավելին՝ ողջ իր տեսակով էր նա հակառակը։ Եվ հետևաբար՝ արդյունքն էր՝ լրիվ հակառակը։ Քոչարյանը նույնիսկ հաղթանակը չէր սարքում PR-ի թեմա, իսկ սրանք մահը, նահանջը, կորուստը ամենօրյա PR-ի էին վերածել։ Եվ նույնիսկ երբ թշնամու զորքը Շուշիից 5 կմ վրա էր՝ Արայիկը իր համար կլիպ էր նկարում։ ՀՀ նախագահ Քոչարյանի մոտ հայր և որդի Ալիևները երբեք իրենց թույլ չեն տվել մեկ անհարգալից բառ՝ Հայաստանի կամ Քոչարյանի մասին։ Իսկ հիմա...

Պատերազմից պարտություն տրամաբանական կորը ունի շատ այլ ապացույցներ՝ Վազգեն Սարգսյանից մինչև Դավիթ Տոնոյան և նրան փոխարինելու եկած Վաղարշակ Հարությունյան։ Վաղարշակը Քոչարյանին մեղադրում էր Մեղրին հանձնելու մեջ, անում էր դա անամոթաբար և գեներալին ոչ վայել ձևով։ Իսկ հիմա նա Մեղրիի մասին ռեալ թուղթ ստորագրածի պաշտպանության նախարարն է։
Օրինակներ կարելի է շատ բերել՝ տարբեր մակարդակներում և ոլորտներում։
Հաղթանակն ունենում է իր հեղինակները, պարտությունը՝ նույնպես։ Եվ դրանք պետք է անպայման նշել։ Այս տարածաշրջանում դեռ շատ բան է փոխվելու, բայց հաղթանակից պարտություն կորի տրամաբանությունը պետք է շատ հստակ պատկերացնել, որպեսզի ապագայում պարտությունից հաղթանակ կորը ճիշտ կառուցել։ Իսկ այդ կորը անպայման լինելու է։


Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով