Քաղաքական գործիչը երբեք չպետք է իր առջեւ անհաղթահարելի նշաձող դնի. Սերժ Սարգսյանի հարցազրույցը La Stampa-ին

Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականը հարցազրույց է արել ապրիլի 4-6-ը պաշտոնական այցով Սուրբ Աթոռ եւ աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի (պաշտոնավարման ժամկետն ավարտվել է ապրիլի 9-ին) հետ: «Արմենպրես»-ը ներկայացրել է «Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» խորագիրը կրող հարցազրույցն ամբողջությամբ:

 

«Հայաստանի Հանրապետության Նախագահ Սարգսյանը Հռոմում է աշխատանքային այցով. «Գիտեմ, որ Նախագահ Մատարելան ցանկանում է հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին Երեւանում»:

«Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են»:

Պարոն Նախագահ, Ձեր ինստիտուցիոնալ հանդիպումների առիթով ի՞նչ ուղերձներ էիք բերել եւ ի՞նչ պատասխաններ ստացաք Ձեր երկրին առնչվող հիմնական թեմաների վերաբերյալ՝ անկախությունից ավելի քան քառորդ դար անց:

Հինգշաբթի օրը Պապի հետ միասին մասնակցեցինք Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը, ով հռչակվել է Տիեզերական եկեղեցու վարդապետ՝ որպես հայ ժողովրդի կողմից քրիստոնեական արժեքների պահպանությանն ուղղված ջանքերի ճանաչում: Նախագահ Մատարելայից հաճույքով տեղեկացա, որ նա ծրագրում է այցելել Հայաստան: Խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հետ ընդգծեցինք միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարեւորությունը, հատկապես նաեւ այն պատճառով, որ խորհրդարանական կառավարման անցում կատարելիս ոգեշնչվել ենք նաեւ իտալական մոդելով:

Հանդիպե՞լ եք նաեւ քաղաքական կառույցերի առաջնորդներին:

«Իհարկե, հնարավորություն ենք ունեցել հանդիպելու նաեւ կուսակցությունների ղեկավարների հետ: Շատ ուրախ եմ արձանագրել, որ իրենք նույնպես մոտ ապագայում կայցելեն Հայաստան: Մենք ոգեւորված ենք մեր երկրի նկատմամբ այս գործիչների դիրքորոշմամբ»:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Իտալիային՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի, հորդորել է անել այն, ինչ նախորդ նախագահողները երբեւէ չեն արել՝ այցելել Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ եք կարծում այս մասին:

Լեռնային Ղարաբաղը կենսական հարց է: Պետք է ընդգծեմ, որ եւ՛ Նախագահ Մատարելան, եւ՛ Սենատի նախագահ Կազելատին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը: Առկա է նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որում տեղ են գտել Արցախի վերաբերյալ նույն ձեւակերպումները, որոնք օգտագործվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից` հակամարտության լուծման երեք հիմնական սկզբունքները հարգելու վերաբերյալ. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշում, պետությունների տարածքային ամբողջականություն: Վավերացումից հետո այս համաձայնագիրը ԵՄ անդամ բոլոր երկրների համար օրենք կդառնա: Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են: Եվրամիությունը պետք է համոզի Բաքվին թոթափել անուրջները, այդ դեպքում Մինսկի խումբն արդյունավետ կլինի: Այս իմաստով խնդրել եմ Նախագահ Մատարելային շտապեցնել Բրյուսելին:

Կարո՞ղ է դա լինել Արցախի ճանաչման գործընթացի սկիզբը:

Իհարկե, ճանաչումը ենթադրում է անվտանգություն, երբ այն հաստատվի, մենք առաջինը կճանաչենք Արցախի անկախությունը: Անկախությունը ճանաչել հիմա՝ կնշանակեր բանակցությունների ընդհատում: Կարեւորը Բաքվի կողմից ճանաչումն է:

Ալիեւը կարծես թե հակված չէ համագործակցության, այլ ընդհակառակը…

Առաջին անգամը չէ, որ Ալիեւը ագրեսիվ ելույթներ է ունենում, եւ նա Ադրբեջանի առաջին նախագահը չէ, ով այդպիսի ելույթներ է ունենում: Նախորդ նախագահները նույնպես հայտարարում էին. «Մեկ շաբաթից գնալու ենք Ստեփանակերտ՝ թեյ խմելու»: Բարեբախտաբար, այդպես չեղավ: Քաղաքական գործիչը երբեք չպետք է իր առջեւ անհաղթահարելի նշաձող դնի, որովհետեւ այդպես ինքն իրեն է վնասում: Երբ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանի պատմական տարածքը Ադրբեջանի տարածքն է, նա պետք է հիշի, որ Ադրբեջանը քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ հայտնվել է ընդամենը հարյուր տարի առաջ, իսկ մենք գալիք աշնանը կտոնենք մայրաքաղաք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը:

Ցեղասպանության վերաբերյալ. Ցեղասպանության հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, աշխարհի առաջնորդները ծառեր են տնկում՝ ի հիշատակ զոհերի: Այնտեղ ծառեր են տնկել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II, Ժակ Շիրակը, Վլադիմիր Պուտինը, բայց չկա Իտալիայի որեւէ նախագահի անուն: Ինչո՞ւ:

Որովհետեւ այս 25 տարիների ընթացքում Իտալիայի որեւէ նախագահ Հայաստան չի այցելել: Հուսով եմ, որ Նախագահ Մատարելայի այցից հետո եւս մեկ ծառ կավելանա պուրակում: Դա կարեւոր քաղաքական ուղերձ կլինի, սակայն Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու որոշումը պետք է Խորհրդարանն ընդունի: Իտալացիները մեծագույն նպաստ են ունեցել մարդկության զարգացման գործում, իսկ ցեղասպանությունը դրա հակառակ գործողությունն է:

Այս թեմայով