Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ...

Երևանում այսօր խաղաղ էր, փողոցները բաց ու հանգիստ, դպրոցները լիքը ուրախ երեխաներով։

Սա այն վիճակն է, որը մենք պետք է ունենանք մայիսի 2-ին։ Բայց այսօր սա ժամանակավոր «մարդասիրական ընդմիջում» է։

Մենք ունենք 2-3 օր՝ լուծումներ գտնելու, առաջ գնալու, ողբերգությունից խուսափելու։ Սա մեր բոլորի 2-3 օրն է։ Ոչ մեկի սեփականությունը չէ, խաղաղության և ողբերգության որոշումը ոչ մեկի հեղինակային իրավունքը չէ։ Ուրեմն բոլորս ներդնում ենք մեր ջանքերը՝ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։

Իմ առաջարկները

1. Իրավիճակը պետք է հանգուցալուծվի մինչև ԱԺ նիստը։ Ապրիլի 30-ին (ամենաուշը) պետք է հանրությանը ներկայացվի քաղաքական համաձայնության հիմնական սխեման։

2. Համաձայնությունը ունենում է երաշխավորներ։

3. Մայիսի 1-ին ԱԺ-ն ուղղակի վավերացնում է արդեն իսկ ձեռք վերված պայմանավորվածությունների կետերը։

4. Այսօրվանից սկսած իշխանությունները պետք է ներկայացնեն լուծման մի քանի տարբերակները։ Իշխանությունները չեն անի՝ պետք է անենք մենք, բոլոր նրանք, ովքեր կարող են գրագետ լուծումներ առաջարկել։ Եվ խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ։ Սա ամենակարևոր սկզբունքն է։ Խնդիրը Նիկոլին, Իշխանությանը և մեզ բոլորիս օգնելն է՝ դուրս գալ փակուղուց, արժանապատվորեն քայլ կատարել դեպի քաղաքական, խաղաղ հանգուցալուծում։

5. Պետք է արագ քննարկել չեզոք, տեխնիկական վարչապետի տարբերակը։

6. Պետք է՝ հաշվի առնելով օբյեկտիվ հանգամանքները, որոշել արտահերթ ընտրության մոտավոր ժամկետները։

7. Մշակել արդար ընտրության մեխանիզմներ. Ըստ այդմ՝ ԿԸՀ նախագահ պետք է լինի Փաշինյանի առաջարկած, հեղինակավոր, ընդունելի թեկնածու։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովը պետք է գլխավորի Փաշինյանի առաջարկած հեղինակավոր որևէ իրավաբան։

8. Պետք է կազմակերպվի միջազգային դիտորդական առաքելություն։
Առայժմ այսքանը

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբ

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ

Հ. Գ.
Կոչ եմ անում, խնդրում եմ բոլոր կարող և մտագոհ մարդկանց ու շրջանակներին՝ մամուլը հեղեղեք ռացիոնալ առաջարկներով։ Նիկոլի շրջապատին և իշխանության նեղ շրջանակին՝ անմիջապես ձեր լիդերների սեղաններին դրեք ձևակերպված ցանկացած լավ առաջարկ։ Ժամանակ քիչ ունենք։
Չպետք է ստեղծվի տպավորություն թե լուծումները միայն սև ու սպիտակի մեջ են։

Այս թեմայով