Շատ հարցերի լուծման բանալին

Շատ հարցերի լուծման բանալին

Կա մի գործ, որը պետք է անելի հիմա՝ հեղափոխական ալիքի վրա։ Պետք է սկսել հենց հիմա, օգնել, խրախուսել, որ դա արվի։

Խնդիրն՝ իրական, անկախ արհմիությունների ստեղծումն է։ Սա մարդկանց արդարացի բողոքներն ու պայքարն անհնազանդության ակցիաներից կտեղափոխի աշխատասենյակներ, (այն ինչի մասին խնդրում և պահանջում է Ն. Փաշինյանը), իսկ երկարաժամկետ կտրվածքով կստեղծի աշխատողների իրավունքների պաշտպանության կայուն մեխանիզմներ։

Սա հասարակության կայացման ամենաամուրն հիմքը կդառնա, երկրում հարաբերությունների նոր մշակույթ կձևավորի։

Պետականության վերականգնման պահից աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրը միշտ խոցելի և ցավոտ է եղել: Եւ այսօր էլ տարբեր ոլորտների աշխատողների բողոքները՝ տաքսիստներ, ուսուցիչներ, բժիշկներ, տոնավաճառների առևտրականներ, հանքարդյունաբերության համակարգի աշխատողներ և այլն, ովքեր երկար լռել են, բայց այսօր, ի վերջո, բարձրաձայնում են տարիների ընթացքում կուտակված բողոքն ու անհամաձայնությունը, արժանանում է հակահարվածի, թե այսքան տարի չէիք բողոքում, մի քիչ էլ համբերեք: Չէին բողոքում, որովհետև մեխանիզմ չկար, հիմա բողոքում են, որովհետև՝ խնդիրներ կան։

Մեղադրել չես կարող, իսկ խրախուսել անհնազանդության ակցիաներն, իսկապես, վտանգավոր է պետության համար։

Խնդիրը պետք է մեկընդմիշտ լուծվի, որպեսզի աշխատողը հասկանա, զգա, գիտակցի, որ ինքը գործատուի ստրուկը չէ, որ կան մեխանիզմներ իրենց իրավունքների պաշտպանության համար:

Եւ գործատուն, ով էլ լինի՝ պետությունը, թե օլիգարխը, սուպերմարկետի տերը, թե մի այլ գործարար, պետք է հասկանան, որ նրանք ստրկատերեր չեն։ Չեն կարող ստիպել, ստորացնել, վախեցնել, սպառնալ, խաբել, ծեծել և այլն։

Սոցիալական վիճակով և գործազրկության մակարդակով պայմանավորված՝ աշխատողները հաճախ աշխատանքը չկորցնելու համար ստիպված են եղել համակերպվել իրենց իրավունքների ոտնահարման հետ, որոնք պարբերաբար կրել են անմարդկային դրսևորումներ։

Արդյունքում ստացվել է, որ մարդիկ կամ աշխատանք ունեն, կամ իրավունքներ՝ առանց աշխատանքի: Աշխատանքի ընդունվելը համարվում է այնպիսի «նվեր», որի համար աշխատողը պետք է «վարձահատույց լինի» իր աշխատանքային գործունեության ընթացքում: Աշխատանքի ընդունելու փաստը դարձել է լծակ գործատուի ձեռքին և աշխատանքն այն արժեքն է, որի համար աշխատողը վարձահատույց է լինում սեփական իրավունքներից և երաշխիքներից օգտվելուց հրաժարվելով:

Դա վառ արտահայտություն էր ստանում հատկապես ընտրությունների ժամանակ, երբ գործատուները աշխատողներին իրենց կամքին հակառակ ստիպում էին մասնակցել նախընտրական հանդիպումների, հավաքների և հանրահավաքների, որովհետև աշխատանք ունենալու հնարավորությունը նրանց զրկում է միջոցառումներից հրաժարվելու իրավունքից։ Իսկ թե քվեարկելու ու «ձայներ բերելու» ինչպիսի պարտականություն էր դրվում աշխատանքից չազատելու դիմաց, բոլորին է հայտնի: Սա, ի դեպ, վերաբերում է և պետական հիմնարկների, և մասնավոր ընկերությունների աշխատակիցներին։

Հիմա, փոխվե՞լ է արդյոք երկրի սոցիալ տնտեսական վիճակը, նվազե՞լ է արդյոք գործազրկության մակարդակը: Իհարկե՝ ոչ: Այս երկու գործոնները շարունակելու են իրենց բացասական ազդեցությունն ունենալ իրավունքների պաշտպանության հարցում:

Քաղաքակիրթ աշխարհը մշակել և ստեղծել է արդյունավետ մեխանիզմներ, որոնք հիմնված կլինեն հատկապես արհեստակցական միությունների դերի և նշանակության փոփոխությամբ: Եւ որպեսզի ամեն օր այս կամ այլ ոլորտի մի շարք աշխատողներ բողոքի ակցիաների դուրս չգան, անհրաժեշտ է ստեղծել իրավուքների պաշտպանության ռեալ մեխանիզմներ՝ ժամանակակից աշխարհում ընդունված արհմիությունների տեսքով:

Եթե ուզում ենք դնել փոփոխությունների հիմք, պետք է խրախուսել անկախ արհմիությունների ստեղծումը։ Քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենց իրավունքերի խախտումների դեպքում կա մարմին, որը հանդես կգա որպես միջոց , գործիք իրավուքների պաշտպանության համար։

Անկախությունից ի վեր, իշխանությունները երբեք չեն կարևորել այս խնդիրը, չեն խրախուսել, որ ստեղծվեն իրական արհմիություններ։ Պետք է սկսել քննարկումներ այս հարցի շուրջ, մշակել նորարարական և ճկուն մոտեցումներ: Հիմա ճիշտ ժամանակն է ստեղծելու մթնոլորտ և մեխանիզմներ, որոնց պարագայում այլևս չի կարող օրինաչափ լինել շահագործումը, իսկ դրա դիմաց՝ պարզապես լռելը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով