Վարկանի՞շ, թե՞ պատերազմ. ողջ իրականությունը՝ մեկ ձևակերպմամբ

«Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր։ Իրականում սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք, ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկն ինձ ասի, թե դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք», - երեկ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենայն հավանականությամբ, սա այս մարդու արտահայտած բազում զարհուրելի մտքերից ամենազարհուրելին է։ Սա զարհուրելի մտքերի համառոտ հանրագումարն է, որովհետև սրա տակ ամփոփվում է իր ողջ գործունեության բովանդակությունը։

Այս ձևակերպման տակ կոնկրետ մի ամբողջ սերնդի զոհաբերումն է, հազարավոր տղերքի կյանքը, ավելի մեծ թվով վիրավոր, հաշմված մարդիկ, կորսված Հադրութն ու Շուշին։

Նիկոլն այդպես էլ չհասկացավ, որ Հայաստանի ղեկավարի թիվ 1 առաքելությունը պատերազմ թույլ չտալն էր։ Նրա նախորդները գիտեին՝ պատերազմը ինչ է, ու այդ պատճառով էին պատրաստ ստորագրել Քի վեսթի, Կազանի փաստաթղթերը, այդ պատճառով հրաժարվեցին իրենց վարկանիշի հաշվին ապրիլյանի ժամանակ մի քանի կորսված դիրքերը հետ վերցնելու գաղափարից՝ որպեսզի նոր 200-300 զոհ չտան։ Այդ պատճառով իր նախորդները 26 տարվա ընթացքում մեկ վայրկյան անգամ չխափանեցին, չվտանգեցին բանակցային գործընթացը։ Գուցե իրար չսիրելով, բայց ոչ մի անգամ չեն ասել «սկսում ենք բանակցել նոր, զրոյական կետից», որովետև հասկանում էին, որ զանգվածին հաճելի ձևակերպման տակ հազարավոր մարդկանց կյանքը կարող է լինել։ Ոչ մի անգամ չեն թռվռացել ու տեսախցիկների տակ քեֆեր արել Շուշիում, որովհետև լավ գիտեին, որ թորքական ընկալման տեսակետից Շուշին պատվի հարց է, ու չի կարելի նման բան անել։

Այո, եթե տեսնում ես, որ պատերազմը անխուսափելի է, ուրեմն պետք է անեիր անհնարինը, որ այն չլիներ։ Առնվազն 2-3 ամիս առաջ պարզ էր, որ պատերազմ է լինելու, ու երբ 7-8 հազար գրոհայիններ էին Սիրայից ու Իրաքից տեղափոխում Արցախ, պետք էր աշխարհը խառնել իրար ու, այո, գնալ սեղանին դրված փաթեթի գործնական քննարկմանը։ Բայց չէ, դա կվնասեր սեփական վարկանիշին. տղերքը ավելի հարմա՞ր գին էին։
Կարելի է նաև այլ բանի համար մեղադրել՝ հոկտեմբերի 19-ի պատերազմը չկանգնեցնելու մեջ, երբ էլի գործել է նույն կշեռքը՝ սեփական վարկանի՞շ, թե՞ հազարավոր մարդկանց կյանք։


Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով