Ինտելեկտի, թե 5-րդ շարասյան պրոբլեմ

ՔՊ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, իր խոսքերով 37 տարվա մանկավարժ, պատմության մասնագետ Նաիրա Մանուչարյանը, խոսելով ընդդիմադիր մրցակիցների մասին, նրանց կոչում է մահմեդական երկրից ժամանած ոչ լիարժեք քրիստոնյաներ, չմոռանալով խոսքը համեմել «լափել, սատկել», «մեծահարուստ տականք» արտահայտություններով։

«Լափել, սատկել», «մեծահարուստ տականք»-ը թողում ենք իր կրթվածությանը։ Բայց մյուս ձևակերպումները առանձին թեմա են։

Նախ. կարևոր է հասկանալ, թե Նաիրա Մանուչարյանն արտահայտում է իր քաղաքական թիմի տեսակետը, թե՞ դա նրա անձնական եզրահանգումներն են՝ հիմնված երկարատև «մանկավարժական գործունեության և փորձի» վրա։ Ըստ էության, հանրությունը աղճատելուց, «սևերի և սպիտակների» բաժանելուց անցում է արվում լիարժեք և ոչ լիարժեք քրիստոնյաների դասակարգման։ Եվ սա արվում է ուսուցչի կողմից։

Այս երևույթին պետք է համարժեք արձագանքեն կրթության ոլորտի պատասխանատուները։ Չի կարող նման աշխարհահայացք և բառապաշար ունեցող տիկինը կրթել մեր երեխաներին։ Այս հարցը պետք է լինի նաև ԱԱԾ ուշադրության կենտրոնում, քանի որ շատ կարևոր է հասկանալ, թե դա ինտելեկտի, թե 5-րդ շարասյան պրոբլեմ է։ Նրա տեսակետը կրողները մեզնից մի քանի կիլոմետր այն կողմ են՝ զենքներն ուղղած մեզ վրա, ում պատճառով մարդիկ հայտնվել են փախստականի կարգավիճակում՝ ստիպված լինելով լսել իրեն ուսուցիչ համարողի վիրավորանքները։

Եթե մենք չկանխենք հերթական անգամ հասարակության աղճատումը նոր «չափանիշների» հիման վրա, վաղն արդեն նույնիսկ ՀԱՊԿ-ին դիմելը չի փրկելու։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

«Հայաստան» դաշինք

 

Այս թեմայով