Հայաստանը չի օգտագործում իր դիվանագիտական ողջ ներուժը

Արցախում գազատարի պայթյունից միայն 16 օր անց Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական գնահատական են տալիս ստեղծված հումանիտար աղետին:

Այսօրվա վիճակը չի ձևավորվել մեկ օրում, և հնարավոր զարգացումների և ռիսկերի մասին զգուշացվել է շատ ավելի վաղ։

Անցյալ շաբաթ Արմեն Գևորգյանը, որը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ է և որը դատարանի ապօրինի որոշումների պատճառով չի կարողանում մասնակցել այդ կազմակերպության աշխատանքներին, անգամ այս պայմաններում բազմիցս հարցը բարձրաձայնել է ԵԽԽՎ-ում: Այնինչ տվյալ հարցի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ չունենք:

Մասնավորապես, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում տեղադրված նյութերից պարզ է դառնում, որ դեռևս մարտի 14-ին Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսին, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Լուիջի դի Մայոյին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունիա Միատովիչին դիմել է պաշտոնական գրությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ս.թ. մարտի 8-ին Հայաստան-Արցախ միակ գազատարի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող հատվածի՝ չպարզված հանգամանքներում պայթյունի արդյունքում Արցախի բոլոր բնակավայրերը զրկվել են գազամատակարարումից։ Առ այսօր Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտում են գազատարի վերանորոգման աշխատանքներն ու Արցախի Հանրապետությունում գազամատակարարման վերականգնումը։

Դրանով պայմանավորված՝ առաջացել են նաև էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ, քանի որ բնակչության մի զգալի մասը ստիպված է ջեռուցումն իրականացնել էլեկտրաէներգիայով։ Այս ամենն ուղեկցվում է նաև եղանակային խիստ անբարենպաստ պայմաններով: Ծայրահեղ ծանր վիճակում են հայտվել հիվանդանոցները, ծննդատները, դպրոցները, մանկապարտեզները: Ըստ ՀՀ ԱԺ իմ գործընկերների, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, այն բնութագրվում է որպես հումանիտար աղետ:

Ավելին, վերջին շրջանում Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրեր կանոնավոր կերպով գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում՝ Արցախի բնակչության համար կյանքն անտանելի դարձնելու և այդպիսով Արցախի Հանրապետությունը հայաթափելու նպատակով։

Հարգելի՛ գործընկերներ,

Ներկայացնելով ձեզ վերը նշված իրավիճակը՝ կոչ եմ անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ պահանջելով Ադրբեջանի իշխանություններից՝

1. Չխոչընդոտել Հայաստան-Արցախ գազատարի վերանորոգման աշխատանքներին՝ թույլ տալով Արցախի բնակչությանը վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին։
2. Խստորեն պահպանել հրադադարի ձեռք բերված պայմանավորվածությունները և անհապաղ դադարեցնել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ցանկացած սադրանք։
3. Տարածաշրջան գործուղել Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և գնահատականներ տալու համար:»

Բացի այդ, մարտի 15-ին ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստում Արմեն Գևորգյանը, ի թիվս այլ մեկնաբանությունների, ԵԽԽՎ պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Արցախում ստեղծված իրավիճակի վրա՝ մասնավորապես նշելով. «Իսկ արդյոք գիտե՞ն Եվրոպայի Խորհրդի իմ գործընկերները այս օրերին Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին։ Մեկ շաբաթից ավել է, ինչ այստեղ բնակչությունը ստիպված է ապրել առանց գազի և էլեկտրականության, պարբերաբար կրակ է արձակվում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի կառավարությունը բնիկ ժողովրդին հետևողականորեն կոչ է անում լքել սեփական տները, հակառակ դեպքում կլինեն իրական հետևանքներ։ Այս ամենը վկայում է էթնիկ զտումների մասին և միջազգային իրավունքի տարրական նորմերի ակնհայտ խախտում է։
Կկարողանա՞ արդյոք մեր կազմակերպությունը կանխել նոր ողբերգությունը Լեռնային Ղարաբաղում: Այս կասկածներն առաջանում են՝ հաշվի առնելով այն, որ այս դահլիճում ընդունված բանաձևերը, արհեստականորեն երկու կողմերին հավասար մեղադրելով, փաստացի լեգիտիմացնում են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքները:»

Իսկ արդեն մարտի 17-ին ԵԽԽՎ-ի սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի երեխաների հարցերով ենթահանձնաժողովի հերթական նիստում Արմեն Գևորգյանը ևս մեկ անգամ հայտարարություն է տարածել՝ եվրոպացիների և ԵԽԽՎ ուշադրությունը հրավիրելով նույն հանգամանքի վրա.

«Հարգելի գործընկերներ,

Իմ հայտարարությունը հրատապ մի խնդրի մասին է:

Ուզում եմ ենթահանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս օրերին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար իրավիճակն աղետալի է։ Արդեն 10-րդ օրն է, ինչ չի գործում Հայաստան-Արցախ գազատարը։ Գազի բացակայությունն էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ է ստեղծում։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմաններն անելանելի դրության մեջ են դրել բնակչությանը։

Կրիտիկական վիճակում են հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները և սոցիալական այլ ենթակառուցվածքներ։ Մենք ականատես ենք բազմաթիվ երեխաների տառապանքներին, ովքեր սառչում են իրենց տներում և չեն կարողանում պատշաճ կերպով հաճախել դպրոցներ և մանկապարտեզներ:

Ադրբեջանի իշխանությունները տարբեր պատրվակներով թույլ չեն տալիս վերանորոգել գազատարը և վերականգնել գազամատակարարումը։ Մենք միտում ենք տեսնում՝ ստեղծելու ապրելու համար անբարենպաստ պայմաններ, որպեսզի բնակչությունը լքի իր հայրենիքը: Փաստորեն գործ ունենք էներգետիկ ահաբեկչության հետ։

Երկուշաբթի օրը ես այս հարցով դիմել եմ Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը, սակայն ոչ մի արձագանք չկա։

Դիմում եմ ենթահանձնաժողովին՝ խնդրելով անհապաղ ուշադրություն դարձնել Արցախում այս հումանիտար աղետալի վիճակին ՝ կանխելու համար դրա հետագա խորացումը և մարդկային ճակատագրերի խաթարումը:»

Ի դեպ, ՀՀ վարչապետ իկոլ Փաշինյանի կողմից 24.03.2022թ. կառավարությունում արված հայտարարությունների և տրված գնահատականների մի զգալի մասը համընկնում է Արմեն Գևորգյանի հնչեցրած հայտարարությունների դրույթների հետ:

Հարց է առաջանում՝ ի՞նչ էին անում դիվանագիտական անձնագրեր և ճանապարհորդելու հնարավորություն ունեցող մեր մնացած պետական պաշտոնյաները՝ միջազգային հանրության և կազմակերպությունների ուշադրությունն այս խնդրի վրա սևեռելու համար, և ինչո՞ւ այդպես էլ չի օգտագործվում մեր ազդեցիկ քաղաքական ու հանրային գործիչների ողջ ներուժը՝ նրանց գոնե չխանգարելով ներգրավվել երկրի համար կարևորագույն հարցերի լուծման մեջ։


Վարդուհի Գալստյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Այս թեմայով