Ո՞րն է Մուրի այցի նպատակը
Երեկ պաշտոնական այցով Երևան էր ժամանել բրիտանական հետախուզական ծառայության` ՄԻ 6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը, որին ընդունել էր Նիկոլ Փաշինյանը: Այս փաստը երեկ գրեթե անտարբերության մատնվեց հայաստանյան քաղաքական և հանրային լայն շրջանակների կողմից, ինչը մեզ մոտ հաճախ է պատահում առավել կարևոր հարցերի պարագայում։
Թե ինչու է այս պահին կարևոր այս այցը, կհասկանանք` ուսումնասիրելով Ռիչարդ Մուրի կենսագրության որոշ դրվագներ։
2003-2005 թվականները գործուղված է եղել Թուրքիա: Երկու տարի ապրել և աշխատել է Ստամբուլում:
Ազատ տիրապետում է թուրքերենին, ըստ տարբեր տեղեկությունների՝ մայրենի լեզվին համարժեք:
2014-2018 թվականներին զբաղեցրել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը:
Այդ տարիները թուրք-բրիտանական հարաբերությունների լավագույն տարիներից էին: Մուրի պաշտոնավարման ժամանակաշրջանը կարելի է գնահատել, որպես թուրք-բրիտանական «մեղրամիս»:
Մուրը այսպես կոչված Մեծ Թուրանի կամ թուրանականության եթե ոչ գաղափարախոսն է, ապա առնվազն աջակիցը: Ցանկության դեպքում կարող եք գտնել Մուրի կողմից գրված տարբեր հոդվածներ և հարցազրույցներ, որտեղ նա հիացումով է արտահայտվում «Մեծ Թուրանի» մասին: Ըստ նրա՝ պետք է նպաստել Թուրքիայի ֆունդամենտալ ամրապնդմանը մեր տարածաշրջանում, այդպիսով՝ Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին դուրս մղելով այս տարածաշրջանից:
Ռիչարդ Մուրն ունի բավականին ջերմ, նույնիսկ ընկերական հարաբերություններ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Մի շարք կիսամասնավոր և հրապարակային զրույցների ժամանակ Մուրը շեշտել է, որ Թուրքիայում ունեցած աշխատանքային արդյունքների և իր թուրքական պաշտոնավարմանը հետևած կարիերայի թռիչքաձև աճի համար պարտական է նաև Էրդողանին:
Ռիչարդ Մուրն արևմտյան ռազմաքաղաքական էլիտաների շրջանակներում հայտնի է իր ընդգծված ռազմատենչ և հակառուսական տրամադրություններով:
Եվ ահա այս պաշտոնյան երեկ ժամանել էր Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու։ Այցը տեղի ունեցավ շրջափակված Արցախի և Հայաստան-Ադրբեջան՝ օրեցօր լարվող հարաբերությունների ֆոնին: Սա իհարկե բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները հանրությանը ոչ ոք չի բարեհաճում տալ։ Իհարկե, ենթադրություններ անելը դժվար չէ։
Կարող ենք ասել միայն, որ երեկ օրվա կեսից Ադրբեջանի «էկոակտիվիստները» սկսել էին հավաքել վրանները՝ պատրաստվելով բացել ճանապարհը, սակայն Մուրի այցին զուգահեռ՝ այդ գործընթացը կտրուկ սառեցվեց։ Պատահականությու՞ն է։ Ի դեպ, հայկական սոցցանցերում լուրեր են պտտվում, որ Մուրի պատվիրակությունը երեկ եղել է Ջերմուկում։ Այս մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել։
Այլընտրանքային նախագծեր խումբ