Հարգանքով փողոցի նկատմամբ՝ գիր-առաջարկ

Արդեն քանի օր բուհական ընդունելության մրցույթից դուրս մնացած բազմաթիվ դիմորդներ, նրանց ծնողները նոր օրակարգ են ստեղծել իշխանությունների և հասարակության համար։ Չեմ կարող դիտորդ լինել։ Եվ որպեսզի հեշտանա բոլորիս վիճակը, այս արտակարգ ետքննական հուլիսին փողոցում հայտնված հարյուրավոր սովորող (առաջադիմող) շրջանավարտ-դիմորդների բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը 2020-2021 ուսումնական տարում պետք է ապահովել արդարության և համերաշխության սկզբունքների պահպանմամբ…

Ի՛նչ եմ առաջարկում ես։

2020-ին Հայաստանում բուհական կրթություն ընտրելու համար ունենք.
ընդունելություն Հայաստանի ամերիկյան և ֆրանսիական համալսարանների որոշած կարգով.

ընդունելություն, այսպես կոչված, ներբուհական քննությունների միջոցով՝ երաժշտության, կերպարվեստի, թատրոնի, կինոյի, սպորտային մասնագիտությունների համար.

ընդունելություն միասնական քննությունների միջոցով.

Արարատյան բակալավրիատի քննությունների միջոցով։

2020-2021 ուստարվա՝ անվճար 2 հազար 936 և վճարովի հիմունքներով 21 հազար 200 ուսուցման տեղի համար, որ սահմանված է ՀՀ կառավարության 21.05.2020թ. 797-Ն որոշմամբ, ունենք ընդամենը 13 հազար դիմորդ։ Նրանցից 2 հազար 200-ը ստացել է անբավարար՝ դուրս մնալով մրցույթից, մյուսները հայտարարված շեմն անցել են։

Այսպիսով, ՀՀ կառավարության 21.05.2020թ. 826-Ն որոշմամբ հաստատված կարգով կազմակերպված ընդունելության առաջին փուլում Հայաստանում գործող հավատարմագրված բուհերում առկա է 12 հազար 250 թափուր տեղ… Մարդու հավատ չի գալիս, բայց տարիներ շարունակ այսպես է։ Եվ արդեն քանի՜ տարի բուհերի ընդունելության, ուսանողների ընտրության կարգը այս իրողությունն անտեսում է։

Կորոնովիրուսն էլ իրավիճակ չփոխեց…

Տարիների իմ առաջարկը փողոցի օգնությամբ կարո՞ղ է լսելի դառնալ։ Մինչև ընդունելության քննություններից ընդհանրապես հրաժարվելը եկեք այս տարի բուհերին հնարավորություն տանք դրական միավորներով իրենց նախընտրած ֆակուլտետը չընդունված 739 դիմորդներից ընտրել ուսանողներ. ինչպես նշեցի, հայաստանյան բուհերն ունեն 12 հազարից ավելի թափուր տեղ։ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակը միասնական և ներբուհական քննություններով ընդունված բոլոր առաջին կուրսեցիների համար դարձնենք անվճար, պայմանով, որ 2021-ից սկսի գործել Հայաստանի բուհերում պետական ֆինանսավորմամբ ուսանողական կրթաթոշակի հատկացման բաց ընտրության համակարգ։

Կրկնում եմ. Հայաստանի բուհեր ընդունելության կարգը վաղուց վերանայման կարիք ունի։ Վերջին շրջանում ես անհոգնել խոսել եմ այս մասին։ Բոլոր բուհերը 2020-2021 ուսումնական տարվան ընդառաջ պիտի իրենց մարմինների միջոցով ազատորեն ընտրեն իրենց կազմակերպական-իրավական ձևը, առաջին կուրսից ընդունելության, ուսանող ընտրելու կարգը։ Սրանով կվերանա գործող անհավասարությունը բուհերի միջև. բուհերը կդառնան պատասխանատու, նաև իրենց կենսական գոյության համար անհրաժեշտ ուսանողների ընտրության համար՝ ամբողջ Հայաստանից, Հայաստանից դուրս։

Հանրակրթական դպրոցը կզբաղվի իր բուն գործով՝ հանրակրթությամբ։ Հատկապես որ գլխավոր խոչընդոտը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու՝ նախկինում եղած անհավասարությունն էր։ Ժամկետային պարտադիր զինծառայության համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով 2018-ից չի գործում խտրությունը՝ տարկետում կոչվածի տեսքով։
Եվ դա շատ կարևոր է։ Մեր աչքի առաջ ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարարի որդի Էդգար Տոնոյանը իսկական զինվորական ծառայություն անցան։ Գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին ՀՀ կառավարության որոշումով, անհատական կարգով, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվում է տարկետում։

Աշոտ Բլեյան

ashotbleyan.mskh.am

Այս թեմայով