Մենք կանք եւ մեզ հնարավոր չէ կեղծել

Հնարավորին չափ արագ արտահերթ ընտրությունների անցկացման թեման ավելի ինտենսիվ եւ միաժամանակ գռեհիկ է դառնում:
Այն վերածվում է գերագույն գլխավոր մեղավորի փրկության գաղափարի:

Արտահերթ ընտրությունները միայն մեկ դեպքում կարող են հանգեցնել լիցքաթափման, եթե գերագույն գլխավոր մեղավորը հրաժարական տա, իսկ արտահերթ ընտրություններն անցկացվեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից հետո:
Հակառակ դեպքում արտահերթ ընտրություններն ավելի են խորացնելու ճգնաժամը, առկա գերլարված իրավիճակը եւ հանգեցնելու են նոր ցնցումների:

Հաշվի առնելով այս ամենը, որոշում ենք կայացրել երկրի ամբողջ տարածքում ստեղծել «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ներկայացուցչություններ, ստեղծել մեր ցանցը, ձեւավորել մեր համակարգը: Հարյուրավորներ այս պահից սկսած ձեռնամուխ են լինելու այս գործի իրականացմանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրան Փաշինյանի եւ իր թիմի մասնակցության դեպքում մենք նրանց համար ամբողջ ընտրարշավը վերածելու ենք դժոխքի:

Եթե վարչախումբը գնում է արտահերթ ընտրությունների, հաշվի չառնելով պատերազմում զահվածների, անհետ կորածների, հաշմանդամ դարձածների, վիրավորվածների, գերեվարվածների տասնհինգ հազարից ավելի ընտանիքներին, ապա ստացվում է, որ պարզապես թքած ունեք մեզ վրա: Ձեզ համար սոցհարցումներ պատվիրելը, ձեր աթոռի համար պայքարելը շատ ավելի կարեւոր է, քան մեր ձայնը լսելը, մեր կարծիքի հետ հաշվի նստելը:

Փաշինյանը եւ իր թիմը փորձելու են կեղծել հապճեպորեն կազմակերպված ընտրությունների արդյունքները, բայց նրանք մոռանում են մի կարեւոր հանգամանք՝ մեզ չեն կարող կեղծել: Մենք իրական ենք, մենք ավելի քան իրական ենք: Մենք իրական ընտանիքներ ենք եւ ավելի շատ ենք քան պատկերացնում եք:

Ստեղծելով մեր նախաձեռնության ցանցն ամբողջ Հայաստանով, մենք հստակ ասում ենք, որ արագ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, եւ դրանց երկիրը կործանման տարած, մեր երկիր պատերազմ բերած, հինգ հազարից ավելի երիտասարդների զոհվելու պատճառ դարձած Փաշինյանի եւ իր թիմի մասնակցության պարագայում նրանց համար ընտրարշավը վերածելու ենք իրական դժոխքի:

 

«Ճշմարտություն սերունդների համար»

Այս թեմայով