Դատավարության երկու կողմը
Իրավական կողմ
1. «Դարի դատավարություն» ներկայացվող՝ մարտի 1-ի գործի դատական քննության առաջին իսկ օրվանից մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս շոկային hանգամանքներ, դեռևս՝ միայն խափանման միջոցի ընտրությանն առնչվող, որոնք վկայում են նախաքննության միակողմանիության մասին: Ներկայացված փաստերն արդեն իսկ ստվերում են գործի քննության իրավական ողջ գործընթացը:
Փաստացի՝ նախաքննության ընթացքում խափանման միջոցի ընտրության և կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննության ժամանակ դատարանից թաքցվել են գործի համար էական նշանակություն ունեցող նյութեր։ Դա չի կարող կասկածներ չհարուցել նախաքննության օբյեկտիվության և կալանքի՝ անհիմն, ոչ իրավաչափ լինելու մասին: Այն, ինչ այսօր լսում ենք դատարանում՝ արդեն բաց քննության շնորհիվ, ցույց է տալիս, որ կալանքի հիմնավորումները նախաքննության փուլում ոչ միայն բավարար չեն եղել, այլև ներկայացվել են նյութերը թաքցնելով, իրականությունը կեղծելով:
2. Նախաքննությունն ավարտված է, վերացել է քննությանը խոչընդոտելու՝ դատախազության վարկածը, իսկ ինչ վերաբերում է փախուստի վտանգին, ապա այն ի սկզբանե խոցելի է եղել հենց այն պատճառով, որ Ռ. Քոչարյանը, գտնվելով արտերկրում, ՀՔԾ առաջին իսկ ծանուցագիրը ստանալով վերադարձել է Հայաստան և չի խուսափել քննությունից, այն դեպքում, երբ ոմանք այլ գործերի շրջանակներում որոշակի «պայմանավորվածությունների» արդյունքում հանգիստ շրջում են օտար պետություններում, հանգիստ լքում են երկիրը, վերադառնում՝ հաջորդ պայմանավորվածությունների համար: Սա եզակի դեպք է, երբ մարդն արտերկրից ինքնակամ վերադարձել է՝ պաշտպանելու իր իրավունքները, երբ հանգիստ կարող էր հանգրվանել որևէ գերտերությունում։
3. Անհնար է հաշվի չառնել Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահների երաշխավորությունը: Սա աննախադեպ քայլ է։ Այս երաշխավորությամբ նրանք ընդգծում են իրենց վստահությունը, որ Քոչարյանը չի խուսափելու և չի խոչընդոտելու քննությանը: Եվ եթե այս ամենից հետո դատարանը, այնուամենայնիվ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը թողնի անփոփոխ, ապա դա կնշանակի, որ այս պարագայում խափանման միջոցը ծառայում է որպես մարդուն պատժելու, կալանքի միջոցով մարդուն «կոտրելու» գործիք: Իսկ սա լրիվ այլ պատմություն է։
Հանրային կողմ
Ա/ Դատավարությունը պետք է վստահություն ներշնչի: Հնչելու են բազմաթիվ հարցեր, և դրանց պետք է տրվեն հստակ պատասխաններ: Հարցերի պատասխանները պետք է համոզիչ լինեն քաղաքացու և հասարակության համար։ Հարցերի պատասխանները պետք է լինեն հիմնավոր ու փաստարկված և ոչ մանիպուլյատիվ: Դատավարությունը պետք է պատասխանի բոլորի հարցերին՝ և՛ նրանց, ովքեր ազատություն են պահանջում, և՛ նրանց, ովքեր ցմահ ազատազրկում են վանկարկում: Եվ այստեղ խնդիրն ամենևին նրանում չէ, որ ոմանք Քոչարյանին համարում են լավ նախագահ, մյուսները՝ ոչ, ոմանք համակրում են, ոմանք՝ հակակրում, ոմանք կարևորում են նրա նախագահության ժամանակ եղած ձեռքբերումները, տնտեսական աճը, մյուսները մատնանշում են բացթողումները: Խնդիրն այն է, որ դատավարությունը պետք է հանրային վստահություն ունենա։ Հակառակ դեպքում այն ունենալու է զրոյական արժեք, և քաղաքական իրավիճակի փոփոխության հետ սկսվելու են նոր դատավարություններ՝ այլ դերակատարներով։ Եվ եթե այսօր չփոխվի Ռ. Քոչարյանի խափանման միջոցը, ապա դատարանը տապալելու է վստահության քննությանը։ Ուղղակի առաջին իսկ նիստից այն չի ունենալու վստահության որևէ պաշար։
Բ/ Ակնհայտ է, որ այս դատավարությունը տևելու է երկար։ Եվ հանրությունը երկար ամիսներ հետևելու է քննությանը։ Շատ կարևոր է այս պայմաններում թույլ չտալ ներհասարակական լարվածության աճ, ներքին թշնամանք և ավելի վտանգավոր զարգացումներ։ Եթե դատավարության հենց սկզբնական փուլում չլուծվի կալանքի հարցը, կողմերն այդ կերպ չհանդարտեցվեն, դա բերելու է արհեստական լարվածության:
Ի՞նչ ենք ուզում, որ մարդիկ իրար բախվե՞ն: Ուզում ենք հասարկության տարբեր թևեր իրար բզկտե՞ն: Չե՞նք տեսնում, որ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ նույնիսկ անչափահասներն են հայտնվում այս՝ արհեստականորեն լարվող միջավայրում: Սրա միակ ռացիոնալ լուծումը խափանման միջոցի փոփոխությունն է և դատավարության ողջ ընթացքի մոնիտորինգի համար քաղաքացիական մեխանիզմների ստեղծումը, դատի շուրջ հնարավորինս հանդարտ հանրային մթնոլորտ ու առողջ քննարկումներ ապահովելը։ Լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների համար դատարանի դահլիճում մեծ աշխատանք կա անելու՝ ճշմարտությունը բացահայտելու, մեր ընդհանուր պատմության այս ցավոտ դրվագի մասին բազմակողմանի տեղեկություններ ստանալու և հանրությանը փոխանցելու համար։
Պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա, ոչ թե ավելորդ աղմուկով բարձր պահել լարվածության շեմը, որպեսզի աղմուկի մեջ դատավարության իրական ասելիքը խեղդվի։ Մենք ուզո՞ւմ ենք լուծել մարտի մեկի խնդիրը, ուզո՞ւմ ենք, որ երկիրը հաղթահարի այս փուլն ու շարժվի առաջ, թե՞ ուզում ենք անընդհատ շահարկել ու քաղաքական դիվիդենտներ քաղել այս թեմայից: Թեման կփակվի և ներքին թշնամանքն ու չարությունը կսպառվեն միայն այն դեպքում, երբ քաղաքացին ու հասարակությունը ստանան պատասխաններ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»