Հրատապ լուրեր Նոր Հայաստանից

- Երկու քաղաքացի Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկով անցնելիս պատահաբար մոլորվել են՝ հայտնվելով հակառակորդի տարածքում։ Նախնական տեղեկություններով՝ նրանք խաչմերուկը հատել են անցորդի համար չթույլատրված հատվածում՝ վատ լուսավորության պայմաններում կորցրել տեղորոշումը։ Ռուսական կողմի հետ ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ քաղաքացիներին ետ վերադարձնելու համար։

- «Քաղաքացիական Ղազագիր» խմբակցությունը հրատապ օրինագիծ է մշակել՝ մայրաքաղաքի փողոցների վիճահարույց անվանումների վերանայման մասին։ Ռուսական կայսրության կոնսերվատորիայի քարտեզների տվյալներով Սայաթ Նովան երգել է հայերեն, ադրբեջաներեն և վրացերեն, լուծումը պետք է լինի այնպես, որ բավարարի բոլոր երեք կողմերին, նշված է օրինագծի մեջ։

- ՔՂ կուսակցության փակ նիստում առաջնորդն անընդունելի է համարել տարածաշրջանում խաղաղ դարաշրջանի ձևավորման փուլում էսկալացիայի տանող որևէ քայլ։ «Նալբանդյանի ծննդավայր նշվում է Նոր Նախիջևանը՝ Ռոստովի մարզ։ Սովետական քարտեզներով՝ Նախիջևանը Ադրբեջանի տարածքն է, և այն չի կարող լինել Նոր, ասել է ղեկավարը։ Նույնը վերաբերում է Երևանի մյուս կենտրոնական փողոցների անվանումներին։ Վահան Տերյանը ծնվել է Թիֆլիսի նահանգում, և եթե մենք Երևանի կենտրոնում ունենում ենք Տերյան փողոց, դա ուղիղ մարտահրավեր է մեր վրաց բարեկամներին։ Քաղաքացիական Ղազագիր կուսակցությունը ստացել է ժողովրդի մեծամասնության քվեն՝ նոր խաղաղ դարաշրջան բացելու համար։
Թումանյան փողոցը չի վերանվանվելու. Լոռին Հայաստան է և վերջ»։ Այս նախադասությունից հետո սկսվել է Լոռվա բնակչության հրատապ ինքնաբուխ էվակուացիան։
«Ընդհանրապես անվանումների հարցին պետք է վերաբերվել շատ զգույշ. որքան մենք ենք դնում վիճակահարույց անվանումներ, այնքան նրանք են դնում, որքան նրանք ենք դնում, այնքան՝ մենք։ Եվ դժվար հասկանալ, թե որտեղ է այս պրոցեսի սկիզբը»- ամփոփել է ՔՂ ղեկավարը։
Այս գաղափարին առաջինը հավանություն է տվել բանակցությունների համակարգող՝ Աղրիդաղ Միրզոյանը։
Այս ընթացքում Ազգային Մեջլիսի Հանձնման և անպաշտպանության հանձնաժողովը հերթական 119-րդ անգամ քննարկում էր «Նախկին Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածությունը։
Պատգամավորուհի Նաիրա Կարագզին անթույլատրելի համարեց մայրաքաղաքի կենտրոնական պողոտան Մեսրոպ Մաշտոցի անունով կոչելը։ «Սա տգիտություն է, նեղ ազգայնականություն։ Ժամանակն է՝ հրաժարվել հայերեն տառերից։ Գոյություն ունի համաշխարհային այբուբեն, և մենք պարտավոր ենք հարգել մեր հարևանների կարծիքը»։ Նա հիշեցրեց, որ Թուրքիայի տնտեսական վերելքը սկսվել էր այն բանից հետո, երբ Աթաթուրքը ներդրեց լատինատառ այբուբեն, և պետք է օգտվել այդ դրական փորձից։ Վահագն Ֆեյսբուքցին միացավ առաջարկին՝ հատուկ ընդգծելով, որ այդպիսով Քրիստինե Հալաջյանի լսարանը կկարողանա ավելի ակտիվ և արդյունավետ ներգրավվել Հայաստանի կառավարմանը, քանի որ վերջապես կկարողանա կարդալ հայերեն տպագիր տեքստերը։
Այս հայտարարությունից հետո պատիվ ունեցող պատգամավորուհի Ա. Մկրտչյանը հայտարարեց, որ սրանք այբուբենատու են և փողոցատու։
Նիստը նախագահող Ալեն Միկոնոսցու հրամանով՝ դահլիճ ներխուժած հայ-ադրբեջական համատեղ զորախումբը վնասազերծեց ընդդիմադիր պատգամավորուհուն։

- ԿԳՄՍ նախարարի որոշմամբ, հաշվի առնելով Գառնու տաճարում հարսանիքի հաջողված փորձը, հոկտեմբեր-մարտ ամիսներին մատենադարանում կկազմակերպվի «Խաղաղության խաշ» փառատոնը։

- ՔՂ խմբակցության պատվիրակությունը Աֆղանստանում մասնակցել է միջխորհրդարանական «Խուժան կռիվ՝ ուսապարկի ուժը» ռազմահայրենասիրական խաղերին։

- Կառավարության որոշմամբ՝ Սելջուկ Բայրաքթարին շնորհվել է «Խաղաղության դարաշրջանի աղավնի» շքանշան։

- Հանրապետության նախագահը Անգոլայում մասնակցել է սուբսահարյան պետությունների ջրային անվտանգության և էկոհամակարգերի մոդեռնիզացիայի կոնֆերանսին։


Նորայր Նախկինյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով