Գեղամ Նազարյան. Այս հարցերը քեզ ամեն օր տանջելու են

Իմքայլականների խմբակցության առաջնորդ Լիլիթ Մակունցը մի կարճ փուլ ստվերում մնալուց հետո, երեկ հայտնվեց հանրության առաջ ու հայտարարեց. «ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջնորդվել, հետեւաբար՝ արտահերթ ընտրությունների օրակարգի առաջարկը կա»։

Լիլիթ Մակունց, ասում էին վերջին շաբաթներին դեպրեսիվ էիր, լռակյաց։ Սա թույլ էր տալիս ենթադրել, որ ի տարբերություն քո թիմակիցներից շատերի, մարդկային էմոցիաները եւ ապրումները քեզ խորթ չեն, եւ քեզ համար Մարդը ավելի կարեւոր է, քան նիկոլը։ Բայց Ջհանգիրյան սատարելու առիթով հրապարակային քո խոսքը ստիպում է հստակ հակադարձման։

Լիլիթ Մակունց.
1. Երբ պատերազմից շաբաթներ առաջ, որպես իշխող խմբակցության դեկավար հայտարարում էիր, որ Թուրքիան չի խառնվի հայ-ադրբեջանական հակամարտությանը, հասկանո՞ւմ ես, որ կրում ես անձնական պատասխանատվություն թուրքական բայրաքթարների եւ թուրքական հատուկ ջոկատայինների դեմ մեր որդիներին մահվան ուղարկելու համար։ Այս միտքը քեզ այլեւս ոչ մի օր հանգիստ չի տալու՝ ոչ ԱԺ-ում, ոչ սրճարաններում, ոչ ընտանիքում, ոչ սեփական երեխան ունենալիս։

2. Իսկ երբ 18 տարեկան քաղաքացի, զենք չտեսած նորակոչիկներին տեղաբաշխում էիք առաջին գծում, մտածո՞ւմ էիք այդ նույն քաղաքացու իրավունքների մասին, թե ոչ: Հարցրու Արարատ Միրզոյանին, ու նա թույլ չի տա, որ հանկարծ «շշկռվես» գերագույն գլխավոր հրամանատարի հարցում։

3. Մտածո՞ւմ էիք ՀՀ քաղաքացու մասին, երբ պատերազմը դադարեցնելու առաջարկները Գերագույն գլխավորը մերժում էր, եւ դու էլ, Տիկին Մակունց, կարծեմ Անվտանգության Խորհրդի այդ նիստին ներկա ես եղել։

4. Մտածո՞ւմ էիք ՀՀ քաղաքացու մասին, երբ ձեր հանցավոր գործողությունների, հանցավոր անկազմակերպվածության հետեւանքով հաշմանդամ դարձան մոտ տասը հազար երիտասարդ, ու այսօր հիվանդանոցները լեցուն են այլեւս երբեք քայլել, տեսնել, լսել չկարողացող մեր տղերքով։

5. Իսկ գուցե ՀՀ քաղաքացու մասի՞ն էիք մտածում, երբ ադրբեջանցուն տեղաբաշխեցիք Կապանի, Շուռնուխի եւ Սյունիքի մյուս բնակավայրերի գլխին:

6. 18,19,20 տարեկան որդիներ կորցրած ՀՀ քաղաքացիների մասի՞ն էիք մտածում, երբ գիտակցված չկանխեցիք պատերազմը, իսկ հետո էլ գիտակցված չկանգնեցրիք ռազմական գործողությունները:

7. Տիկին Մակունց, դու եւ քո առաջնորդը ՀՀ քաղաքացու մասի՞ն էիք մտածում, երբ նրանց կոչ էիք անում տնից կասկա եւ զրահաբաճկոն գտնել եւ նետվել մարտադաշտ՝ իմանալով, որ ԳՇ պետը ասել էր, որ պետարազմը պետք է դադարեցվի՝ ռեսուրս չկա։ Ձեր իշխանությունը, ստացվում է, դիտավորյալ մահվան է ուղարկել մեր քաղաքացիներին։

8. Գիշերները կարողանո՞ւմ ես քնել: Աչքիդ առաջ հինգ հազար լույս տղերքը չեն հայտնվո՞ւմ: Աչքիդ առաջ մեր հարյուրավոր գերիները չեն երեւո՞ւմ, ձեռք, ոտք, աչք կորցրած հազարավոր տղերքն աչքիդ չե՞ն երեւում, թե՞ նրանք ՀՀ քաղաքացի չեն:

9. Տիկին Մակունց, այդպես մոլեռանդ Ջհանգիրյան պաշտպանելիս, տեղյա՞կ ես, որ բանակի բարքերի համար ուղիղ պատասխանատվություն է կրում երկար տարիների զինդատախազը, իսկ 2008թ. մարտի 1-ի նախօրեին, ըստ մամուլի հրապարակումների, նա էր Մանվել Գրիգորյանին համոզում զինված երկրապահներին դուրս բերել Երեւանի փողոցներ։ Սա հիշո՞ւմ եք, տիկին Մակունց։



Գեղամ Նազարյան

Այս թեմայով