Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ
Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները այրված տներն ու հյուրանոցները չէին։ Դրանք այսպես կոչված նյութական վնասներն են, իսկ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից խոսքը լրիվ այլ որակի ռիսկերի մասին է։
Գրագետ աշխատանք՝ ուժեղ Ջավախք
Վրաստանի տարածքում երկու հայկական գյուղերի, խմբավորումների «սումգաիթյան ոճի» բախումներն առաջին հերթին վկայում են առկա՝ խոր միջնադարյան բարքերի և վերահսկողության-կառավարելիության բացակայության մասին։ Վրաց պետության իրավապահների տեսակետից՝ դա քրեական միջադեպ է, և այդ պետությունն այսօր ունի բոլոր հնարավորությունները կոշտ մեթոդներով կարգ ու կանոն հաստատելու համար, եթե ունենա նման ցանկություն։
Վրացական պետության հեռանկարային շահի տեսակետից ներհայկական վանդալիզմը գուցեև վատ չէ։ Այն հայաբնակ շրջանները կդարձնի ավելի թույլ, ավելի բզկտված, ավելի կառավարելի։
90-ականներից Հայաստանում շատ հստակ էր գիտակցումը, որ ուժեղ Հայաստանը և ամենօրյա նպատակային աշխատանքը շատ կարևոր են Ջավախքում միասնականության և հայկականության գործոնի համար։ Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը և աշխատանքն այս հարցում ունեցան կարևոր նշանակություն։
Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի օրոք այս ուղղությամբ աշխատանքը ստացավ ինստիտուցիոնալ բնույթ, դրվում էին ավելի երկարաժամկետ խնդիրներ, ձևավորվեցին կազմակերպչական կոորդինացիոն լուրջ համակարգեր։ Կառավարման համակարգում կար բարձրաստիճան պաշտոնյա, որը տիրապետում էր հարցի բոլոր նրբություններին և համակարգում էր գրեթե բոլոր կապերը։ Հատուկ ուզում եմ ընդգծել դրա բնույթը. այն չէր պարունակում հակավրացական որևէ տարր, այն ուղղակի բացառում էր հակավրացականությունը։ Այդ համակարգն ապահովում էր հայաբնակ տարածքներում հայապահպանություն, աշխատանքների որոշակի համակարգվածություն։ Սրանով մեծանում էր հայկական գործոնի դերը և, փոխադարձ շահերի հարգմամբ՝ Վրաստանի իշխանությունների հետ, անկախ այդ երկրում զարգացումներից, միշտ հնարավոր էր լինում գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ։
Ս. Սարգսյանը, հասկանալով հանդերձ խնդիրը, որդեգրեց այլ մոտեցում՝ հիմնված կամ պաշտոնական Երևանի և Թբիլիսիի ուղիղ հարաբերությունների վրա, կամ՝ այլ տիպի և որակի անձանց։
Վարչապետ Փաշինյանը, ինչպես շատ հարցերում, այստեղ նույնպես սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ։ Օբյեկտիվորեն՝ նա կարող է և տեղյակ չլիներ, թե ինչ համակարգերի, անհատների և շրջանակների հետ և միջոցով է աշխատել Հայաստանը Ջավախքում, և ինչու է աշխատել. նրա շրջապատում արդեն չկա մարդ, որ դրանից տեղյակ լինի, իսկ սփյուռքի հանձնակատարը դժվար թե հստակ իմանա Ջավախքի աշխարհագրական դիրքը։
Բայց սա բացառիկ կարևորության հարց է, որովհետև, եթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը, ապա այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ, միասնականության խաթարում, ինչին Վրաստանի իշխանությունները կարող են առանձնապես դեմ չլինել։ Եվս մեկ անգամ արժե ընդգծել. Հայաստանի «ներկայությունը» Ջավախքում որևէ կերպ վրացական պետության դեմ չէ. հակառակը, ճիշտ օրակարգը և աշխատանքի ճիշտ խողովակները բերում են հայ-վրացական ավելի արդյունավետ հարաբերությունների։
Իսկ քանի դեռ Հայաստանը բացակա է, իրավիճակի ընդհանուր վերահսկողությունը, ներքին խմորումների վերահսկողությունը դառնում են դժվար, հայկականության գործոնի մակադակը դառնում է շատ կասկածելի։ Միամտություն է կարծել, թե նախօրեի միջադեպը եզակի է, և այդ տարածաշրջանում միշտ ամեն ինչ հանգիստ է եղել։ Բացարձակ ոչ. եղել են շատ ավելի սուր և շատ ավելի պայթյունավտանգ դրվագներ՝ կապված թե կենցաղային հարցերի, թե սահմանային անցակետերի, թե ընտրությունների, թե ավելի գլոբալ՝ ռուսական ռազմաբազայի հետ առնչվող, թե բանտի կառուցման հետ և այլն, և այլն... Բայց, երբ Հայաստանը ունեցել երևացող և չերևացող աշխատանքի խողովակներ, հնարավոր է եղել խուսափել վատագույն սցենարներից և հարթել հարցերը՝ նախքան պայթյունը։
Ուժեղ Հայաստան՝ ազդեցիկ համայնքներ
90-ականների սկզբից հետխորհրդային տարածքի պետություններում սկսեցին արագ ձևավորվել հայ համայնքները։ Արտագաղթի առաջին մեծ ալիքի արդյունքում արդեն իսկ գոյություն ունեցող հայ համայնքները դարձան ավելի մեծաթիվ։ Սկսվեց դրանց իրավական կարգավիճակի, ղեկավար մարմինների ձևավորումը։ Առավել հաջողակ մեր հայրենակիցները ձգտում էին ղեկավարել համայնքային կառույցները և հաճախ մեծ օգուտ էին տալիս տեղի հայ բնակչությանը։ իսկ իրավական կարգավիճակը նրանց հետաքրքիր էր այդ պետություններում, մարզերում, քաղաքներում գործոն դառնալու համար։ Համայնքի ղեկավարի կարգավիճակն ավելի հեշտ էր բացում տեղական պաշտոնյաների դռները՝ համայնքի և սեփական բիզնես հետաքրքրությունների համար։ Սկսած 90-ականներից՝ շատ երկար ժամանակ ձևավորվել էին բոլոր կողմերի համար բացառիկ շահավետ հարաբերություններ. Հայաստանը տարբեր խողովակներով և տարբեր մակարդակներով մշտապես առկա էր համայնքների կյանքում, համայնքի ղեկավարությունը սովորաբար լավ հարաբերություններ էր ունենում Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների միջոցով կարողանում էին լավ հարաբերություններ հաստատել նահանգապետերի, քաղաքապետերի և այլ պաշտոնյաների հետ։ Եվ այս բազմակողմ հարաբերությունների արդյունքում շահում էին բոլորը, քանի որ ցանկացած հարց լուծվում էր արագ և վստահության հիմքի վրա։ Իսկ հարցերի քանակը և որակը բազմազան է և դա մեծապես պայմանավորում է համայնքի շահերը։ Հենց այդ հարաբերությունների շնորհիվ օրինակ Ռուսաստանի բազմաթիվ հայ համայնքներ լավագույն կերպով են լուծել հայապահպանության, լեզվի,մշակույթի, հայկական դպրոցների և շատ այլ հարցեր։
Մեկ վայրկյան անգամ չի կարելի թուլացնել Հայաստանի և հայ համայնքների հետ կապը։ Դա ամենօրյա աշխատանք է։ Դա գործընկերների հետ վստահության և հարգանքի վրա հիմնված աշխատանք է։
Ցավով պետք է արձանագրվի, որ վերջին մի քանի տարում այդ աշխատանքները գրեթե տապալված են։ Դարձյալ չարաբաստիկ զրո կետը։ Դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ գործ չկա։ Եվս մեկ այդպիսի անգործունյա փուլ և մենք կկորցնենք շատ մեծ ռեսուրս։
Կա տպավորություն, որ Փաշինյանը տեղյակ չէ այդ գործի նրբություններից և, դարձյալ, իր շրջապատում չունի մարդիկ, որոնք կհուշեն։
Ի դեպ, տեղերում հայ համայնքների և տեղական իշխանությունների հարաբերությունները շատ զգայուն են առաջին դեմքերի հարաբերությունների հանդեպ։ Եթե Ռուսաստանի որևէ նահանգապետ, քաղաքապետ հասկացավ, որ իր երկրի նախագահը Հայաստանի ղեկավարի հետ ունի կամ չունի լավ հարաբերություններ, նույնը նա պրոյեկտելու է համայնքի վրա։
Օրեր առաջ լուր տարածվեց, որ Մոսկվայի հայ համայնքի ղեկավար ներկայացող անձը հայկական եկեղեցում ծեծի է ենթարկել մեկ այլ գործարարի։ Արդեն հասնում ենք դրան։
Եթե Հայաստանը, որպես պետություն, ներկա չլինի իր համայնքներում, ապա դրանք շատ արագ, միտումնավոր կամ ինքնահոսով, թուլանալու են։ Անձնական հավակնությունների պատճառով ստեղծվելու են զուգահեռ կառույցներ, որոնք ներքին պառակտում և անձնական շահեր են հետապնդելու։ Եվ որոնց հետ աշխատելու են այլ պետությունների իշխանություններ և այլ ծառայություններ։
Ի դեպ, ժամանակին Հարավային Ռուսաստանի հայ համայնքների հետ աշխատանքի և բարձր վստահության հարաբերություններ էր ձևավորել Երևանի քաղաքապետարանը, գործում էր ՀՀ այլ քաղաքների և տարբեր պետությունների հայաշատ քաղաքների միջև բարեկամական կապերի համակարգը, հայ համայնքների կայացման և միասնականության հարցում բացառիկ դեր ուներ և ունի հայ առաքելական եկեղեցին, որի շուրջ են առ այսօր կենտրոնանում համայնքը և նրա ազդեցիկ անդամները։ Ակնհայտ է, որ իր պոտենցիալով ներկա քաղաքապետը ի վիճակի չէ հասկանալ նման խնդիրներ, իսկ եկեղեցու դեմ ծավալվող պայքարը ուղղակի նվազեցնում է եկեղեցու հնարավորությունները՝ մեծ աշխատանք կատարելու։
Ամփոփում
Կան խնդիրներ, որոնք պահանջում են անընդհատություն։ Հարցն այս կամ այն կառավարության հանդեպ վերաբերմունքը չէ։ Ի վերջո հեռանալու է թե այս կառավարությունը, թե հաջորդը։ Մեծ պրոբլեմ առաջանում է այն ժամանակ, երբ կառավարությունը չի հասկանում խնդիրը։ Եթե այլ ոլորտներում կառավարության անգործությունը ստեղծում է ժամանակավոր և վերականգնվող դժվարություններ, ապա այլ պետություններում հայ համայնքների հետ աշխատանքի տապալումը դասվում է անդառնալի կորուստների շարքին։ Դա զգալի ծանր կորուստ է։
Այլընտրանքային նախագծեր խումբ