Հետևությունների ժամանակը

Մեր ընթացիկ պատմության հերոսամարտերը վտանգավոր կերպով հաճախանում են՝ ապրիլյան պատերազմ, Տավուշի հաղթանակ։ Մենք տոնում ենք դրանք և, ոգևորության ալիքի տակ, գուցե բաց թողնում շատ վտանգավոր հեռանկար։ Եթե Հայաստանում չարձանագրվի այս մտահոգությունը՝ որպես հետագա պետական քաղաքականություն, և չարվեն բազմաշերտ հետևություններ, ապա պատմական շոկը թերևս անխուսափելի է։

Մենք պատերազմի ռիսկերը և խաղաղության հավանականությունը սկսել ենք հաշվարկել՝ ելնելով Ադրբեջանի ներքին իրավիճակից։ Սա, որքան էլ կարևոր, այնուամենայնիվ առնվազն խիստ թերի հիմք է։ Հեռանկարի վերահսկիչ փաթեթը (հաջողության և սխալի) պետք է միշտ լինի մեր ձեռքում։

 Հետևություններ բանակում

Սա ամենաարագ և առաջնահերթ խնդիրն է։ Այսօր ՀՀ և Արցախի ռազմական վերնախավը կազմված է լուրջ ռազմական կրթություն ստացած զինվորականներից։ 30 տարվա բանակաշինության արդյունքները տեսանելի են։ Եվ նրանք, անշուշտ, կանեն մեր և հակառակորդի ուժեղ ու թույլ կողմերի վերլուծությունը, կգտնեն ճիշտ լուծումներ։ Նմանատիպ հետևություններ արվեցին ապրիլյան քառօրյայից հետո՝ բերելով դինամիկ բարեփոխումների։

Հետևությունների հաջորդ մեծ շարքը վերաբերում է պետության կենսագործունեության քաղաքացիական ոլորտներին, միտված է պետության ընդհանուր անվտանգության բարձրացմանը։ Եթե այդ հետևությունները չարվեն, ողջ ծանրաբեռնվածությունը կընկնի բանակի վրա, իսկ դա անհաղթահարելի բեռ է անգամ լավագույն բանակի համար։

Հետևություններ իշխանության մեջ

2018-ի լայվերի օրակարգը պետք է փոխվի։ Դա իմ ցանկությունը չէ, դա հասարակության մի մեծ մասի ցանկությունը չէ. դա թուրքական ինտերվենցիայի ռեալ վտանգի ստեղծած պահանջն է։ Մեզ տրված է մի ժամանակային հնարավորություն. ես չգիտեմ, թե դա ինչքան է՝ ամիսներ թե տարիներ, ոչ ոք չգիտի, բայց օրակարգի փոփոխությունը պետք է արվի տեսանելի, հստակորեն և առանց ժամանակ կորցնելու։ Եթե շարունակվեն նախատավուշյան փուլի օրակարգը, մթնոլորտը և կառավարման ոճը, ապա մենք կհայտնվենք մեծ աղետի ճանապարհին։ Մեկ հոգու կառավարման մոդելը, որտեղ գործում է բացառապես մեկ հոգու սուբյեկտիվ նպատակների և պատկերացումների ու դրանք սպասարկող համակարգերի տրամաբանությունը, չի կարող շարունակվել։ Եթե վարչապետը ընկալեց այս պատմական անհրաժեշտությունը, ապա զարգացումները Հայաստանում սահուն կընթանան։

 Հետևություններ ոչ իշխանական համակարգում

Նույն պահանջով այստեղ էլ պետք է փոխվեն օրակարգը և գործելաոճը։ Արհեստական հուշագրերի, արհեստական-հորինած լիդերների, արհեստական-չհիմնավորված ամբիցիաների փուլն ավարտվել է։ Ամեն ինչի հիմքում անձնական շանսերի հաշվարկը դնելը դավաճանություն է։ Միևնույն է, նոր իրականությունը բերելու է նոր պայմաններին բավարարող լիդերներ և նոր աշխատելաոճ։ Ժամանակը կարող է քիչ լինել, դրա համար կարևոր է գիտակցված որոշումների կայացումը և ոչ թե իրավիճակի բութ պարտադրանք։ Արհեստական լիդերների, արհեստական դաշինքների փուլն անցել է։

Քաղաքականության մեջ պետք է վերջապես մտնի քաղաքական միտք։ Քաղաքականությունը փողկապ կապելը, հարցազրույց տալը, սոցցանցերում հայրենասիրական կոչեր գրելը չէ։ Քաղաքական դաշտը զբաղված է մասսայական սպառման հայրենասիրությամբ։ Մենք հարյուրամյակների կտրվածքով հետևություններ չենք անում։ Միտք և աշխատանք տապալելուց հետո մասսայական սպառման հայրենասիրության սպեկուլյացիայով են զբաղվում նաև իշխող քաղաքական ուժը, կառավարությունը, պետական համակարգը։ Արդյունքում ստանում ենք մի իրավիճակ, որտեղ հասարակությունը ճիշտ չի ընկալում իրականությունը, և ողջ բեռը մնում է բանակի վրա՝ մեր սպաների, մեր զինվորների, մեր երեխաների։

 Հետևություններ հայկական աշխարհում

Վերջին օրերին աշխարհով մեկ ադրբեջանական ցույցերը, ծիրանային պատերազմը վկայում են, որ Բաքուն Հայաստանի դեմ պատերազմում նոր ճակատ է բացում՝ ադրբեջանական սփյուռք։ Այստեղ ոչ մի ինքնաբուխ բան չկա։ Սա երկար նախապատրաստած, հստակ կազմակերպչական մեխանիզմներով արշավ է, որն ունի վտանգներ, և մեզնից պահանջում է արագ հետևություններ ու աշխատանք։ Ադրբեջանը մեզ պատերազմ է հայտարարել սփյուռքում։ Ներարկել է ազգայնականության մեծ դոզաներ, ձևավորել է կազմակերպչական կառույցներ և անցել հարձակման։ Առաջին հայացքից թվում է, թե աբսուրդ է, որովհետև մեր հնարավորությունները, մեր սփյուռքի ավանդույթները և կշիռը շատ ավելի մեծ են։ Բայց հենց այստեղ է մեխը, որովհետև Ադրբեջանը հենց այստեղ էլ է ֆիքսել վերջին տարիների մեր տապալումները։ Եվ հարվածել է, իր հաշվարկով, մեր թույլ պահին։ Մենք պարտավոր ենք արագ անել հետևություններ և սրբագրել սխալները.

ա. Վերականգնել սփյուռքի նախարարությունը կամ դրան հավասարեցված որևէ լուրջ կառույց

բ. Հասկանալ, թե չմտածված քայլերի և անլուրջ պահվածքի պատճառով վերջին երկու տարում իշխանությունը սփյուռքի ո՛ր ազդեցիկ գործիչներին և շրջանակներին է նեղացրել, վիրավորել (դրանց ցանկը մեծ է)։ Պետության անունից շտկել իրավիճակը, պետության անունից բացատրել խնդիրը, խնդրել՝ միասին աշխատել։

գ. Դաշնակցության հասցեին հնչեցրած փողոցային ձևակերպումների փոխարեն՝ պետության անունից դաշնակցությանը դիմել՝ ողջ ռեսուրսներով լծվել աշխարհով մեկ ադրբեջանական ագրեսիան չեզոքացնելու գործին։ Դա անել հրապարակային՝ հասարակության համար տեսանելի։

դ. Սփյուռքի ազդեցիկ շրջանակների հետ միասին ձևավորել ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարի կազմակերպչական կառույցներ և մեխանիզմներ։

ե. Ադրբեջանա-թուրքական պլանավորված միջազգային-փողոցային պատերազմում մեզ պետք են դաշնակիցներ, և դրանցից ամենաբնականը և էֆեկտիվը կարող է լինել մեծաթիվ քրդական համայնքը։ Քրդերն ունեն իրենց խնդիրը Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան այսօր սպառնում է մեզ։ Ընդհանուր թշնամու գաղափարը պետք է աշխատեցնել։ Պետք է շատ արագ, օգտագործելով բոլոր կապերը, քրդական և հայկական սփյուռքի միասնական գործունեության խնդիրը լուծել՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական պլանների։ Եվրոպական մայրաքաղաքներում և փողոցներում թուրքերը պետք է ստանան լուրջ հակաքայլեր։

Զ. Հայ առաքելական եկեղեցու և պետության հարաբերությունների կտրուկ և հրապարակային լավացում։ Սփյուռքի համախմբման կարևորագույն առանցքներից մեկը եկեղեցին է։ Սա վերաբերում է ոչ միայն դասական սփյուռքին, այլև՝ հարյուր հազարներով վերջին տասնամյակներում Հայաստանից հեռացած մեր հայրենակիցներին։ Եկեղեցին կարող է հսկայական օգուտ տալ համահայկական համախմբվածության գործում, այդ թվում՝ տեխնիկական լուծումների առումով, քանի որ ունի բազմաթիվ համայնքային կառույցներ, կապեր, հավաքների կազմակերպման փորձ։ Պետք է հարթել բոլոր տարաձայնությունները եկեղեցու հետ և միասին աշխատել։

Է. Արևմտյան խոշոր քաղաքներում, որտեղ ունենք հայկական ազդեցության կենտրոններ, պետք է բոլոր քաղաքակիրթ միջոցներով ձևավորել պրոհայկական տրամադրություններ։ Հատկապես հին հայկական սփյուռքի ներկայացուցիչներն այս հարցում կարող են դեր խաղալ։ Պետք է ցույց տալ հայկական մտավոր, մշակութային պոտենցիալը, հայերին՝ որպես խաղաղության մշակույթի, եվրոպական և համամարդկային հումանիստական արժեքների կրող ժողովուրդ։

Հետևություններ՝ տոքսիկ հակառուսականության հարցում

Վստահ չեմ, որ լայն հասարակությունը հասկացել է նոր իրավիճակի ողջ լրջությունը և երրորդ կողմի պլանները։ Բայց վարչապետ Փաշինյանի վերջին ելույթների ձևակերպումներից երևում է, որ նա իրավիճակի ռիսկայնությունը, կարծես թե, ընկալում է լրջությամբ։

Դա պետք է օգնի Հայաստանում տոքսիկ հակառուսականության սողացող մթնոլորտի կասեցմանը։ Պահի լրջությունը ստիպում է խոսել առանց պայմանականությունների. հակառուսականությունը Հայաստանում սպասարկում է թուրքական շահը։ Միտումնավոր, կոմերցիոն թե այլ ազդեցության տակ, թող պարզեն հատուկ ծառայությունները։ Նման բաները, որպես կանոն, սինթեզված են լինում։ Թուրքիայի նախագահը, պաշտպանության նախարարը բաց սպառնում է մեզ, միջազգային որոշ լրատվության աղբյուրներ գրում են, թե Թուրքիան Սիրիայի տարածքում հավաքագրում է գրոհայինների՝ մեր դեմ պատերազմելու համար։ Եթե անգամ դա քարոզչական հնարք է, Թուրքիայի ղեկավարությունն իր տեքստերում բավականին բաց է և անկեղծ։ Այս պայմաններում Հայաստանում հակառուսական ֆրոնտի գործունեությունը համարժեք է ներքին դիվերսիայի։

Պետք է կասեցնել հիբրիդային հակառուսականությունը, որը վերջին տարիներին զգալի չափերի է հասել.

Ա. Իշխանությունը պետք է տարանջատվի հակառուսականության դրոշակակիրներից, դնի իր և նրանց միջև նկատելի հեռավորություն։ Այնքան նկատելիորեն, որ դա արձանագրվի թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։ Լինեն դրանք քաղաքական ուժեր, առանձին պատգամավորներ, հիմնադրամներ, անհատներ, լրատվամիջոցներ։

Բ. Իշխանությունը պետք է դադարեցնի հակառուսականության օջախներն իր ներքաղաքական նպատակներով օգտագործելը։ Դրանից տուժում է պետությունը, դրանից շահում են թուրքական պլանները։

Գ. ՀՀ իշխանությունները նկատելի ռեստարտ պետք է տան հայ-ռուսական հարաբերություններում, փորձեն վերահաստատել բոլոր մակարդակներով աշխատանքային սերտ հարաբերություններ՝ հիմնված վստահության վրա։ Սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով այդ երկրի առանձնահատկությունները և թույլ տրված սխալները։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր այդ հարաբերությունների տեխնոլոգիաներին և բովանդակությանը տիրապետում են, բայց նրանք հեռու են իշխանությունից, և իշխանությունը 2 տարի նախընտրեց նրանց հետ ոչ թե համագործակցել, խորհրդակցել, այլ՝ քրեական գործեր հարուցել։

Ե. Ռուսաստանում հայամետ, հայանպաստ տրամադրությունների ձևավորում։ Հիմա լրիվ հակառակն է՝ հասկանալի պատճառներով։ Պետությունը հայ-ռուսական հարաբերությունների հրապարակային ռեստարտին զուգահեռ պետք է ահռելի աշխատանք տանի Ռուսաստանի հայ էլիտայի հետ՝ մշակութային, գիտական, գործարար, տեղեկատվական և այլն։ Միայն բարի ցանկությամբ ոչինչ չի ստացվի։ Հստակ նպատակներ, մարդիկ, աշխատանք, «նեղացածության» հաղթահարում, աշխատանքային մեխանիզմներ։ Սա է արդյունք ստանալու միակ ձևը։ Պետությունը պետք է դնի խնդիրներ և, մոբիլիզացնելով ռեսուրսները, աշխատելով մարդկանց և շրջանակների հետ, լուծի դրանք։

Զ. Ոչ իշխանական շրջանակները հանրության հետ պետք է խոսեն ավելի բաց և առարկայական։ Հասարակությունը կարիք ունի նման զուսպ և գրագետ ուղերձների։ Ոգևորությամբ և հաղթանակի «սալյուտով» հնարավոր չէ պետությունն ապահովագրել գալիք ռիսկերից։

Պետք է դադարել հայ-ռուսական լավ հարաբերությունները հակադրել մեր ազգային ինքնուրույնությանը՝ ներկայացնելով դրանք որպես երկու՝ իրար բացառող իրողություն։ Երկար տարիներ մենք կարողացել ենք գնալ ԵՄ հետ հարաբերությունների սերտացման ճանապարհով՝ մասնակցելով բազմաթիվ ինտեգրացիոն գործընթացների, ԱՄՆ հետ տարիներ շարունակ բազմաթիվ կարևոր նախագծեր են իրականացվել, անգամ՝ անվտանգությանն առնչվող ոլորտներում, և զուգահեռ՝ պահպանվել են Ռուաստանի հետ կարևորագույն ռազմավարական հարաբերությունները։ Հայաստանն այս առումով ընտրության ճանապարհ չունի։ Մեր ճանապարհը զգայուն և գրագետ բալանսն է՝ բոլոր ուժերի միջև։ Դա բարդ, բայց հնարավոր ճանապարհ է, որով մեզ ժամանակին հաջողվում էր ընթանալ։ Ով ավելի ճիշտ կկարողանա կազմակերպել այդ նուրբ բալանսը՝ միաժամանակ ամուր պահելով ազգային ինքնուրույնությունն ու արժեքային համակարգերը, նա էլ կկարողանա ասել, որ կարողացել է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Այդ կարևոր բալանսի խախտման ցանկացած էպիզոդ պոտենցիալ ունի՝ մեզ ներքաշելու ծանր և անհեռանկար տարածաշրջանային բախումների փուլ։

Հետևություններ մարդկային ռեսուրսի առումով

Մերժեցինք, դարձանք իշխանություն, ըստ ներդրած լումայի՝ դարձանք ազդեցիկ և պարզվում է, որ շատերը գործ անել չգիտեն։ Գործը բարդ բան է, դա հեշտ չէ անելը։ Դրա համար գիտելիք և փորձ է պետք։ Հայաստանի որակյալ մարդկային ռեսուրսները շատ չեն։ Փոխարենը՝ շատ են խնդիրները։ Իսկ հուլիսի 12-ից սկսած՝ Էրդողանն ու Ալիևը մեր առաջ լրիվ ուրիշ խնդիր են ձևակերպել։ Սա պետության լինել-չլինելու խնդիրն է։ Հետևաբար՝ պետությունը պետք է անի հետևություններ։ Պետությունը պետք է ռեստարտ անի բազմաթիվ մարդկանց հետ իր հարաբերությունները։ Իշխանությունը պետք է դադարի վախենալ խելոք մարդկանցից։

Այսօր ցանկացած պոտենցիալ վարկանիշով գործիչ իշխանության կողմից դիտվում է որպես մրցակից։ Իշխանությունից դուրս ավելի մեծ ինտելեկտուալ և կազմակերպչական ռեսուրս կա, քան՝ իշխանության ներսում։ Հիմա խանդի ժամանակը չէ։ Հիմա լրիվ այլ փուլ է՝ կենսական անվտանգային խնդիրներ լուծելու փուլ։ Հայաստանում կան տասնյակ մարդիկ, ովքեր այսօր անգնահատելի օգուտ կարող են տալ պետությանը, բայց Փաշինյանը նրանց հետ հարաբերվելու մի եղանակ գիտի ՝ քրեական գործեր։

Այդ մարդկանց պետք է դիմել պետության անունից, խնդրել՝ աջակցել տարբեր հարցերի լուծմանը, նրանց մեծ մասը, վստահաբար, կարձագանքի, պետության համար կանի առավելագույնը՝ հաղթահարելով ներքին լարվածությունը։

Երկու տարի պետությունն էքսպերիմենտալ խաղալիք է եղել իշխանության եկածների համար։ Բոլոր զգուշացումները, բոլոր ահազանգերը՝ նոր թիմի կառավարչական որակների մասին, անտեսվեցին։ Զարմանալի է, բայց Փաշինյանը նույնիսկ իր իշխանության համար որպես ռիսկ չընկալեց սա։ Հիմա, երբ թուրքական բանակը որպես ռեալ սպառնալիք ձևակերպում է իր ներխուժումը Հայաստան, և Փաշինյանը, ի տարբերություն իր թիմի զգալի մասի, դա հասկանում է, մենք որպես փաստ արձանագրում ենք, որ իշխանությունը չունի մարդկային անհրաժեշտ որակյալ ռեսուրսը՝ ահռելի խնդիրները լուծելու համար։ Սա ներքին քաղաքական խնդիր չէ, սա իշխանություն-ընդդիմություն խնդիր չէ։ Սա նոր աննորմալ բարդ իրավիճակի առաջ մարդկային ռեսուրսի մոբիլիզացիայի խնդիր է։ Հարաբերությունների վերագնահատման, ռեստարտի խնդիր է։ Պատկերավոր ասած՝ սա այն փուլն է, երբ վարչապետ Փաշինյանը պետք է դադարեցնի պայմանական «Հրաչից» Նոամ Չոմսկի կերտելու անհեռանկար փորձերը։

Շարունակելի

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով