Ադրբեջանական հասարակությունն իր միֆերով է ապրում, և մենք չունենք որևէ հնարավորություն դա փոխելու. Անժելա Էլիբեգովա

«Այս իրավիճակում մեզ համար խնդրահարույց է Ադրբեջանում հայի դեմոնիզացված կերպարի ընկալումը, որը հայատայացության հիմքն է, դրա վրա կառուցվում է Ադրբեջանի քաղաքացու ինքնագիտակցությունը»,-ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան, որը մասնակցում էր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկմանը։

Նրա խոսքով, ահա այս խնդրի պատճառով չի աշխատելու նաև խաղաղության դարաշրջանը։

Էլիբեգովան ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ հայերի կերպարի մասին հիշյալ պատկերացումները ստեղծում, աճեցնում ու տարածում է պետությունը։

«Ադրբեջանում երեխան մանկապարտեզի, դպրոցի տարիքից, ապա նաև բուհում ու այլ հաստատություններում դասախոսների, գործիչների, կրոնի ներկայացուցիչների կողմից լսում են նույն բանը։ Այն անձինք, որոնք ունեն կրիտիկական մոտեցում, մարգինալացվում են ու որպես հետևանք լսելի չեն դառնում պետության կողմից։ Մենք գործ ունենք փակ համակարգի հետ, որտեղ քարոզչական մեքենան անխափան աշխատում է։ Մենք գրեթե չունենք հնարավորություն ներազդելու դրա վրա՝ նաև հաշվի առնելով այսօր Հայաստանի պաշտոնական մոտեցումների կոնտեքստը։ Ադրբեջանի հակահայկական քարոզչությանն ավելի շատ օգնող, քան Հայաստանի ներկա իշխանություններն են, այսօր, ցավոք սրտի, գոյություն չունի»:

Այս թեմայով