Սիլվայականից մինչև անցումային արդարադատություն

Երկու օր ողջ երկիրը քննարկում է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա հարուցված հերթական քրեական գործը: Քննարկման առարկա ոչ թե բուն գործի հանգամանքներն են, այլ իրավիճակի զավեշտալի լինելը: Օգտատերերից շատերը իրենց գրառումներում նշում են. «Պաշտոնապես հայտարարում եմ Սիլվա Համբարձումյանին չեմ ճանաչում, կյանքում տեսած չկամ»:

Ամեն ինչ իսկապես զավեշտալի կլիներ, եթե այդքան ցավալի չլիներ: Այստեղ ամենևին խնդիրն այդ կինը չէ, խնդիրը նաև այն չէ, որ այդ կինը տարբեր լրատվամիջոցներին տարբեր վարկածներ է ասում, ինքն իրեն հերքում։ Խնդիրն այն է, որ այդ մերկապարանոց հայտարարությունների հիման վրա արդեն որերրորդ մեղադրանքն է առաջադրվում: Ի՞նչ ենք անում։ Հասկանալի է, չէ, որ գործերը դատարանում փլվելու են։ Սա դառնալու է մեր դատաիրավական համակարգի ամենաամոթալի էջերից մեկը։

Եվ այսպիսի իրականության պայմաններում խոսվում է անցումային արդարադատության մասին: Երեկ ԱԺ ամբիոնից հայտարարվեց, որ անցումային արդարադատության հարցը պետք է լինի խորհրդարանի օրակարգում, որպեսզի մեկնաբանություն չլինի, թե կառավարությունը փորձում է արտակարգ դատարաններ ստեղծել: Սա հերթական մանիպուլյացիան է: Խոսքը մի խորհրդարանի մասին է, որը երկու օր շարունակ քծնանքի մաստեր-կլասս էր տալիս, մի խորհրդարանի մասին է, որտեղ հայտարարում են, որ եթե նույնիսկ գրված լիներ ամեն ինչ լավ է լինելու, միևնույն է կողմ էի քվեարկելու, մի խորհրդարանի մասին է, որտեղ իշխանությունը ճնշող մեծամասնություն է:

Եթե Սիլվայի արդարադատության մոդելով էլ անցումային արդարադատությունն է իրականացվելու, ուրեմն մեր երկրի իրավական հիմքը լուրջ վտանգի տակ է դրվելու:

Մենք կարիք ունենք դատաիրավական լուրջ բարեփոխումների, արեք այն, ինչ չուզեցին կամ չկարողացան անել նախկին իշխանությունները: Եթե վերականգվի վստահությունը այդ համակարգի նկատմամբ, դա ամենալուրջ ձեռքբերումը կլինի: Բայց որպես առաջին քայլ պետք է հրաժարվել Սիլվաների ծառայություններից։ Հնարավոր չէ համատեղել նման քրեական գործերը և արդարադատության նկատմամբ հավատը:

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով