680 հազարի ժամանակը
Սկսել բանակցություններ՝ խաղաղ իշխանափոխության շուրջ
Կա պայմանական ընտրազանգված՝ 680 հազար ձայն, որն իհարկե մինչ այս պահն արդեն էապես պակասել է։ Այդ 680 հազարը հունիսին Նիկոլին ձայն տվել է բազմաթիվ այլ նպատակներով, բայց ոչ՝ պետության ոչնչացման։ Հիմա 680 հազարի ընդվզման և սեփական ընտրությունը վերանայելու ժամանակն է։
Ազգային համերաշխությունը, միջընտրազանգվածային երկխոսությունը պետք է սկսվի այդպես։
Պետք է գտնվեն այն գործիչները, որոնք հանգիստ կխոսեն հունիսին Նիկոլին ընտրած ընտրազանգվածի հետ ու կկարողանան նրան բացատրել, որ հիմա լրիվ ուրիշ պրոցես է, ու նրանց աջակցությունն է պետք՝ պետությունը փրկելու և անցնցում պրոցեսներ տանելու համար։
Հակասությունները շատ են, դրանք արագ չեն հաղթահարվելու, բայց հիմնական հարցի գիտակցումը հերիք է՝ լուծումներ գտնելու համար։ Ուղիղ է պետք աշխատել 680 հազարի հետ, իսկ այս թիվը, նորից եմ շեշտում, վաղուց նվազել է։
Կա նախագահ, որի մասին բոլորը մոռացել են. նա ոչինչ չի տեսնում, չի լսում, պոչը քաշած՝ նստել է։ Վահագն Խաչատուրյանն այն մարդն էր, որ 98-ից և հատկապես 2008- ից հետո մեղմ ասած, ընդգծված բացասական վերաբերմունք էր ցուցաբերում պետական համակարգում աշխատող անձանց հանդեպ և կերտել էր սկզբունքային մարդու համբավ։
Հիմա նա չի տեսնում ուժայինների բորենիությունները, իր ընկեր-թիմակիցների լկտի ողջույնի խոսքերը՝ քացի տվող, հայհոյող բարձրաստիճան իրավապահներին և այլն։ Չի տեսնում ձևավորված ճգնաժամը։
Եթե այդպես վարվեր սովորական քաղաքացի Վահագն Խաչատուրյանը, կամ նույնիսկ Հայէկոնոմբանկի խորհրդի անդամ Վ. Խաչատուրյանը, դա ներելի էր. կլիներ սովորական կոմֆորմիզմ, որի պակասը չկա։ Բայց երբ այդպես է վարվում նախագահ Խաչատուրյանը, ապա դա ուղիղ պատասխանատվություն է ենթադրում՝ իրավիճակի և հետագա զարգացումների համար։ Լուռումունջությունը չի լինելու արդարացում։
Ակնհայտ է, որ այս պրոցեսը կանգ չի առնելու, փոփոխությունների ալիքը հետ չի գնալու։ Ոստիկանությամբ, բռնելով, վախեցնելով հնարավոր չի լինելու կասեցնել Հայաստանում նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Պետք են քաղաքական լուծումներ։
Ու հենց սա գիտակցելով է պետք գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Երկրում կա շուրջ 2 միլիոն մարդու հստակ պահանջ՝ Նիկոլը պետք է գնա։ Այս կետի բավարարման դեպքում հնարավոր են սահուն, անցնցում զարգացումներ։ Ու այս պայմաններում շատ կարևոր է լսել պայմանական 680 հազարի ձայնը։ Ամենայն հավանականությամբ նրանք էլ ունեն իրենց պատկերացումները կամ պահանջները՝ սահուն իշխանափոխության և նույնիսկ որոշ անձանց հանդեպ վետոյի մասին։ Պետք է լսել, հարգել ու պետք է գտնել լուծումներ։ ՔՊ ընտրազանգվածը պետք է գտնի նոր լիդեր, համակարգող, որը կսկսի բանակցություններ՝ խաղաղ իշխանափոխության շուրջ, կապահովի ընդունելի, անցնցում իշխանափոխություն և դրան հասնելու մեխանիզմները։
Սրան զուգահեռ՝ ձևավորվում է միջնորդի բացառիկ կարևորության կարգավիճակ՝ անցնցում և սահուն լուծումներ գտնելու առաքելությամբ։ Դրա կարիքը լինում է բոլոր ճգնաժամերի պայմաններում, ու նաև՝ այս պահի Հայաստանում
Հիմա բոլորը հարցնում են՝ ի՞նչ կլինի, ե՞րբ, ինչպե՞ս և այլն։ Կա նոր իշխանության հանրային տոտալ պահանջ, և այդ պահանջն անկասկած կատարվելու է։ Սա է բովանդակությունը։ Ի՞նչ-ը, ե՞րբ-ը, ինչպե՞ս-ը տեխնիկական հարցեր են, որոնք կախված են մեզնից։ Ո՞վ կամ ովքե՞ր կստանձնեն միջնորդի դերը՝ խաղաղ փոփոխոթյունների համար. սա բնականորեն պետք է ձևավորվի՝ ելնելով տարբեր անձանց հեղինակությունից և տարբեր շրջանակների համար ընդունելի լինելու պարամետրերից։ Ամեն դեպքում, պետության շահը պահանջում է, որ բանակցային պրոցեսը մի պահից սկսվի՝ հանուն սահուն, անցնցում փոփոխությունների՝ բերելով սոլիդ և հանրության լայն շրջանակների համար ընդունելի լուծումների։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ