Անմտությունը դառնում է մտավոր գործունեություն
Ադրբեջանի քաղաքագիտական, պետական շրջանակներում կա ձևակերպում. «Խաղաղօվկիանոսյան նավատորմը Կասպից ծով չի կարող հասնել»։ Համառոտ՝ սա Ադրբեջանի սառը հաշվարկված արտաքին քաղաքականությունն է, որի շնորհիվ այն լուրջ գործընկեր է միաժամանակ Արևմուտքի ու Ռուսաստանի համար, և նրա ազգային շահերն ու նույնիսկ հակամարդկային քայլերը դառնում են «ընկալելի»։
Վրաստանի վարչապետ Ի. Կոբախիձեն ասում է. «Մենք չտրվեցինք հսկայական համակարգված ճնշմանը, չբացեցինք երկրորդ ճակատ (Ռուսաստանի դեմ), չմիացանք պատժամիջոցներին, որոնք կարող էին երկիրը տանել պատերազմի և տնտեսական աղետի»։
Լուրջ պետությունները սիրողականներից տարբերվում են առաջին հերթին բովանդակությամբ, մտածողության առկայությամբ։ Այս ադրբեջանական, վրացական ձևակերպումների տակ կոնկրետ նպատակներ են դրված՝ ազգային խնդիրներ, ենթակառուցվածքային լուրջ նախագծեր, անհավանական թվացող լուծումներ, մեծ փողեր, կոմունիկացիաների տարբերակներ՝ նոր ճանապարհներ, երթուղիներ և այլն։
Ինչ ունենք Հայաստանում. աշխարհի մասին գավառական պատկերացումներով մի իշխանություն, որը բոլորի հետ փչացնելով հարաբերությունները՝ աղետ բերեց մեր երկիր, և մենք այսօր գտնվում ենք ԶՐՈ դաշնակից վիճակում։
Անմիտ պետությունները պատժվում են դաժանորեն, և նրանց անմիտ վերնախավերը կրում են ուղղակի պատասխանատվություն։
Ինչ է իրենից ներկայացնում այսoրվա հայաստանյան քաղաքական միտքը. արևմտամետների ու ռուսամետների բաժանված ճամբարներ, որոնք քաղաքական գնչուների պես «դաբրոներ» են ակնկալում մոսկվաներում, բրյուսելներում, վաշինգտոններում։ Մեր հավաքական միտքը՝ անկախ որևէ ճամբարից, չի փորձում Հայաստանի հետպատերազմյան վերականգնման տեսլականը մշակել ու որևէ ռացիոնալ բան առաջարկել սեփական ժողովորդին ու արտաքին աշխարհին։ Հատուկենտ գործիչների բացառությամբ։
Բոլոր մտածող երկրները դնում են կարճաժամկետ և ստրատեգիական նպատակներ։ Ի՞նչ է անում Երևանը. Երևանը չկա, անլեզու, անդեմ, անիմաստ մի միավոր է, որին արդեն առանց դիվանագիտական կոռեկտության ասում են «այսպես շարունակեք` մորթվելու եք», ու Երևանը, միևնույն է, դա էլ չի հասկանում։
Մեզանում անմտությունը գրավել է բոլոր կենսական ոլորտները։ Մեր քաղաքական միտքը ազգային-ապազգային արխայիկ բարիկադավորման մեջ է։ Մենք ոչ մի ռացիոնալ նպատակ չենք դնում. սա սարսափելի իրողություն է։ Մենք այլևս չենք էլ հասկանում՝ դրսից մեզ ինչ են ասում, ուր է տանում պրոցեսը։ Մենք նույնիսկ մեր երկրով անցնելիք մի ճանապարհի կամ մի խողովակի ճիշտ տարբերակը մեզ համար չենք կարողանում հաշվարկել ու առաջ տանել։
Պետությունները և ժողովուրդները երբեք չեն հասնում իրենց նպատակներին, եթե չեն ձևակերպում այդ նպատակները։
Հարցը մեր մարդկային, քաղաքական ռեսուրսի մեջ է. պիտի կարողանանք ձևավորել նոր բովանդակությամբ ու նոր խաղի կանոններով վերնախավ, որը խիզախորեն կխոսի սեփական ժողովրդի հետ ու կվերցնի պատասխանատվություն, ոչ թե շարունակենք կա´մ սպասարկել «մեծարգոյին» կամ էլ կառչել դիզած հարստությունից ու սպասել հրաշքի։ Մի տարի առաջ արդեն սպասել ենք հրաշքի և ունենք կորսված Արցախ։
Կատարված ու հավանական աղետի ծավալներն այնքան սահմռկեցուցիչ են, որ հանրային կյանքում անխուսափելի է դառնում բարդ–ցավոտ հարցերի հրապարակային քննարկումը, որը հետագայում վերածվելու է լուրջ ռազբորկայի։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ