Հայկական օրակարգ. Պետություն՝ զրոյից

Աղետից հետո մեզ չի հաջողվում ձևակերպել պետության և հայկականության հետպատերազմյան բովանդակությունը։
Իշխանությունը իներցիա է, իսկ հանրային պրոցեսները չեն բերել մեր վերապրած փոփոխություններին համարժեք «ոչիշխանության» ձևավորմանը, և հետևաբար չի ձևակերպվել փոփոխությունների՝ հասարակության համար հասկանալի և ընդունելի փաթեթ։

Փոփոխությունների ծավալն ահռելի է. փոխվել է մեր երկրի տարածքը, փոխվել են սահմանները, անվտանգության աստիճանը, հեռանկարը, սուվերենության աստիճանը, ունենք պետականության կորուստ Արցախում, փոխվել են մեր երազանքները, տարածաշրջանը, այսօր փոխվում է Եվրոպան, գուցե նաև՝ ողջ աշխարհի հարաբերությունների տրամաբանությունը։

Նման մեգափոփոխությունների պայմաններում հայաստանյան պետական և քաղաքական միտքը չի գիտակցում և չի կարողանում ձևակերպել նոր բովանդակություն. մեր այսօրվա ողջ գոյությունը մաքուր իներցիոն ընթացք է։

Եվ հենց այսօր ակնհայտ է, որ կա սուր պահանջ՝ հայկական նոր օրակարգի։ Դա չի կարող ձեռնարկել գործող իշխանությունը՝ որակի բերումով, բայց դա չի անում նաև այլ որևէ ուժ։ Այս պահին չկան ձևաչափեր, չկան ինստիտուտներ, որոնք կարող են ձևակերպել և առաջ մղել այդ նոր օրակարգը։

Հայկական օրակարգը Հայաստանի և հայկական աշխարհի հետպատերազմյան վերելքն է։ Որտե՞ղ դա պետք է արվի, ո՞ր ինստիտուտներն են այդ ուղղությամբ աշխատում։ Դա հնարավոր է Հայաստանում նո´ր քաղաքական մտքի և նոր քաղաքական հոսանքների ձևավորման դեպքում միայն։

Հայաստանի նոր օրակարգը զրո կետից է։

Տապալումները շատ խոշոր են։ Պետականության փլուզումներն այնքան խորքային են, որ մասնակի կամ իներցիոն փոփոխություններով, հին պատկերացումներով կամ իշխանության մեխանիկական պարզ փոփոխությամբ արդեն հնարավոր չէ էական հաջողությունների հասնել։

- Զրոյից պետք է կառուցել ներքին հարաբերություններ
- Զրոյից պետք է կառուցել արտաքին հարաբերություններ
- Զրոյից՝ Հայկական պետության տեսլականը,
- Զրոյից՝ հայկական աշխարհի տեսլականը և օրակարգը
- Պաթետիկ չհնչի՝ զրոյից քաղաքացի է պետք սարքել։

Գուցե դա ագրեսիվ է հնչում, գուցե՝ ոչ հաճելի, բայց սա է ճշմարտությունը, և որքան շուտ ընդունվի այս գաղափարը, այնքան քաղաքական և հասարակական առողջացումն ինտենսիվ կլինի։
«Զրոյից պետության» գաղափարը կարող է դառնալ միավորող՝ բոլոր սերունդների և բոլոր ընտրազանգվածների առողջ հատվածների համար։
Սա ամենևին չպետք է նսեմացնի նախորդ սերունդների և անհատների ձեռքբերումները կամ գաղափարները, համագործակցային պրոյեկտները կամ պատկերացումները, պարզապես կոնկրետ այս պահին արդեն Հայաստանում, Հայաստանի շուրջ և աշխարհում կատարված փոփոխություններն այն չափերի են հասնում, որ պետք է հստակ պատրաստել բոլորովին նոր մոտեցումներով «կյանք մտնելու»
աշխատանքային փաթեթը՝ հանուն երկրի և սերունդների անվտանգության։

«Զրոյից՝ պետություն» բանաձևի ռեսուրսը.

1. Սա հաջողության հիշողությունն է. մենք մի անգամ արդեն դա արել ենք, մեր մեջ դա նստած է։
2. Մարդկային ռեսուրսը. եթե Հայաստանում կա 200 հազար մարդ, որ ուզում է և հավատում, որ մենք կարող ենք պետություն կառուցել, ուրեմն մենք կարողանալու ենք։ Ես վստահ եմ, որ այդ ռեսուրսը կա՝ անկախ այն բանից, թե հունիսին ով ում է քվեարկել։

Հայաստանի նոր օրակարգը պետք է լուծի սուր խնդիրներ.

-Հայաստանի և Արցախի անվտանգության
-Հայկական աշխարհի փլուզման կասեցման
-Արցախի հայաթափության կասեցման
-Սյունիքի թեմայի փակման
-Տնտեսական զարգացման
-Կովկասյան նոր ճարտարապետության ամենաանբարենպաստ տարբերակներին զոհ չդառնալու։

«Հայկական օրակարգը» պատերազմից ու պարտությունից հետո Հայաստանի վերականգնման գաղափարն է և այն բարդ ճանապարհը, որը մենք պետք է անցնենք, և որի մասին պատկերացումներն այսօր աղոտ են։

Այլընտրանքային նախագծեր խումբը սկսել է «Հայկական օրակարգ» հանրային բաց նախագիծը։ Մենք փորձելու ենք ապահովել շահագրգիռ քննարկում՝ փորձի, գիտելիքի, առաջարկների, նոր գաղափարների հենքի վրա։ Մեր նպատակը Նիկոլի «անտիֆանատների» ակումբ ստեղծելը կամ այլոց մեծարելը չէ։

Այսօր հանրային հարթակներում, պայմանականորեն, 100 անհատականապես գրագետ ձայն կա , բայց այդ ցաքուցրիվ ձայների հանրագումարը չի դառնում բովանդակություն՝ լայն հասարակությանը միացնելով ընդհանուր պրոցեսին։ Անհրաժեշտ է մտահոգ անհատների և գրագետ ձայների համախմբում՝ գաղափարների ու սկզբունքների շուրջ։

Հայկական օրակարգը Հայաստանի հետպատերազմյան վերականգնում է։ Օրակարգի առաջին կետն է՝ սկսել խոսել այս մասին։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով