Ռուս-Իրանական ռազմավարական երկխոսությունը տեկտոնիկ տեղաշարժերի ֆոնին. Ակնկալիքներ և կանխատեսումներ
«Այլընտրանքային նախագծեր խումբը»ներկայացնում է քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի հոդվածը
Ուժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները
Միջազգային հարաբերությունների ծայրահեղ լարվածության, դիվանագիտական խողովակների գերակտիվացման և լայնամասշտաբ վերադասավորումների ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մոսկովյան այցն ու հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ դուրս են գալիս զուտ երկկողմ աշխատանքային օրակարգի շրջանակներից: Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գագաթնաժողովի շրջանակներում Կրեմլում կայացած այս առանձնազրույցը համընկնում է Թեհրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական ճգնաժամի կրիտիկական գագաթնակետի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին ուղղված ամենօրյա կոշտ սպառնալիքներին ու ռազմական հարվածների նախազգուշացումներին հակադրվում է Թեհրանի անդրդվելի կեցվածքը. Իսլամական Հանրապետությունը բաց տեքստով հայտարարում է որևէ զիջում բացառելու և ցանկացած տիպի ռազմական դիմակայության պատրաստ լինելու մասին: Այս պայթյունավտանգ իրավիճակի ֆոնին, երբ զուգահեռաբար ակտիվացել են բազմակողմ դիվանագիտական այլ խողովակներ՝ փորձելով կանխել հերթական պատերազմի հնարավորությունը, Մոսկվայի և Թեհրանի ուղղակի երկխոսությունը ստանում է որոշակիորեն նոր, ավելի խորքային իմաստավորում: Այն ստիպում է հստակեցնել, թե ներկայիս գլոբալ դիմակայության և տեկտոնիկ տեղաշարժերի պայմաններում ինչ են իրականում ակնկալում կողմերը, ինչպիսին է այս հարաբերությունների դինամիկան և ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ այս տանդեմի համագործակցության խորացումը Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի ուժերի հավասարակշռության վրա:
Մոսկվայում կայացած բանակցությունների պաշտոնական հայտարարություններն ու թվային տվյալները, ինչպիսիք են երկկողմ առևտրի՝ 10.4%-ով աճն ու գործարքների ավելի քան 95%-ն ազգային արժույթներով իրականացնելու իրողությունը, փաստում են, որ կողմերը հետևողականորեն կառուցում են արևմտյան պատժամիջոցներից անկախ տնտեսական հարթակ: Սակայն աշխարհաքաղաքական հարթությունում Մոսկվայի և Թեհրանի ակնկալիքներն ունեն շատ ավելի ընդգրկուն ռազմավարական շերտեր: Իրանի համար Ռուսաստանը դիտարկվում է որպես ռազմաքաղաքական և տեխնոլոգիական անվտանգության կարևորագույն հենարան: ԱՄՆ-ի կողմից հնչող անմիջական ռազմական սպառնալիքների պայմաններում Թեհրանն ակնկալում է ռուսական առաջադեմ սպառազինության անխափան մատակարարում, արբանյակային ու հետախուզական տվյալների օպերատիվ փոխանակում, ինչպես նաև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության անվերապահ շարունակություն, ինչի վկայությունն է բանակցություններում Բուշեհրի ատոմակայանի ընդլայնման հարցի շեշտադրումը: Մոսկվան, իր հերթին, ուկրաինական երկարատև հակամարտության և Արևմուտքի հետ գլոբալ դիմակայության խորապատկերում, Իրանը դիտարկում է որպես հարավային ուղղությամբ ճնշումը թուլացնող և ռազմավարական թիկունքն ապահովող առանցքային դաշնակից: Երկու երկրների համար էլ սկզբունքային, կենսական նշանակություն ունի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի լիարժեք գործարկումը, ինչն այսօր համալրվում է էներգետիկ հսկա դաշինքի ձևավորմամբ. դրա շրջանակներում է քննարկվում տարեկան մինչև 55 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի տեղափոխումը Իրան: Այսպիսով, եթե Թեհրանի համար Մոսկվան արտաքին գոյաբանական սպառնալիքներին դիմակայելու վահան է, ապա Մոսկվայի համար Իրանը գլոբալ աշխարհակարգի վերափոխման և իրեն մեկուսացնելու արևմտյան քաղաքականությունը տապալելու ծանրակշիռ գործընկեր է:
Այս երկկողմ դինամիկայի խորացումն ուղղակիորեն անդրադառնում է Մերձավոր Արևելքի զարգացումների ընթացքի վրա՝ զգալիորեն վերաձևելով տարածաշրջանում ուժերի դասավորությունը: Ռուս-իրանական տանդեմի սերտացումը սահմանափակում է Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունների ազատությունը՝ ստեղծելով յուրատեսակ ռազմական զսպման մեխանիզմ: Ռուսական կողմի հնարավոր հետախուզական ու լոգիստիկ աջակցությունը Իրանին կտրուկ բարձրացնում է վերջինիս վրա ուղղակի հարձակման քաղաքական և ռազմական գինը, ինչը ստիպում է անգամ ամենակոշտ հռետորաբանությունն ունեցող արտաքին ուժերին հաշվի նստել ստեղծված իրողությունների հետ: Միևնույն ժամանակ, Մոսկվան փորձում է պահպանել իր դիվանագիտական միջնորդի դերը Թեհրանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև՝ թույլ չտալով, որ տարածաշրջանային առանձին օջախների բախումները վերածվեն վերահսկողությունից դուրս եկած համաշխարհային գլոբալ ճգնաժամի:
Ռուս-իրանական հարաբերությունների այսպիսի ընթացքն ու նշանակությունը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից յուրովի և հաճախ տրամագծորեն հակադիր ձևերով է մեկնաբանվում՝ արտացոլելով գլոբալ անվտանգային համակարգի խորը ճեղքվածքը: Վաշինգտոնն ու արևմտյան փորձագիտական հանրույթն այս մերձեցումը դիտարկում են ոչ թե լոկ որպես տակտիկական գործընկերություն, այլ որպես գլոբալ անվտանգությանը սպառնացող յուրովի «չարիքի առանցքի» ամրապնդում, ինչն ԱՄՆ-ի գործող վարչակազմի համար լրջորեն բարդացնում է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» և մեկուսացման ռազմավարության իրագործումը: Չինաստանի համար Մոսկվա-Թեհրան առանցքը յուրատեսակ աշխարհաքաղաքական բուֆեր է, որը հարավարևմտյան ուղղությամբ զսպում է ամերիկյան ազդեցության ընդլայնումը՝ միաժամանակ շեղելով Վաշինգտոնի ռազմավարական ու ֆինանսական հիմնական ռեսուրսները Պեկինի համար կենսական նշանակություն ունեցող Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից: Ավելին՝ Իրանի և Ռուսաստանի կայունությունը Չինաստանի համար նշանակում է էներգետիկ անվտանգության հուսալի ցամաքային հարթակ, որը զերծ է Մալակայի նեղուցի նկատմամբ ամերիկյան ծովային վերահսկողության ռիսկերից, և միաժամանակ արագացնում է համաշխարհային առևտրում դոլարի շրջանցման ու յուանի դիրքերի ամրապնդման գլոբալ գործընթացը: Տարածաշրջանային մակարդակում պատկերն էլ ավելի բևեռացված է. եթե Իսրայելն այս մերձեցումը, հատկապես ռազմատեխնիկական և միջուկային հնարավոր համագործակցությունը, ընկալում է որպես սեփական անվտանգության գոյաբանական սպառնալիք, ապա Պարսից ծոցի արաբական միապետությունները, գիտակցելով ամերիկյան «անվտանգության հովանոցի» խոցելիությունը, խուսափում են հակաիրանական բացահայտ ճամբարում հայտնվելուց: Նրանք փորձում են հավասարակշռված դիրքորոշում որդեգրել՝ օգտագործելով Մոսկվայի հետ ունեցած իրենց տնտեսական կապերը Իրանի հետ ուղղակի ռազմական էսկալացիայից խուսափելու և ուժերի նոր հարաբերակցությանը հարմարվելու համար:
Ռուս-իրանական հարաբերությունների այսպիսի ընթացքն ու հետագա խորացումն ուղղակիորեն անդրադառնում են Հարավային Կովկասի ընդհանուր աշխարհաքաղաքական խորապատկերի վրա՝ վերածվելով տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը կանխորոշող առանցքային գործոնի: Այս տիրույթում Մոսկվայի և Թեհրանի շահերը, թեև մեծապես համընկնում են արևմտյան ազդեցության դուրսմղման և տարածաշրջանային խնդիրները բացառապես տեղական ձևաչափերով լուծելու հարցում, սակայն բախվում են ավելի բարդ և երբեմն հակասական կառուցվածքային իրողությունների: Առանցքային հանգույցն այստեղ ռուս-ադրբեջանական և ադրբեջանա-իրանական հարաբերությունների դինամիկան է: Մոսկվան վերջին շրջանում Բաքվի հետ կառուցում է ընդգծված գործնական, գործընկերային հարաբերություններ, որոնց հիմքում ընկած է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ադրբեջանական երթուղու լիարժեք գործարկումը: Սա մի նախագիծ է, որը համանման կենսական ու ռազմավարական նշանակություն ունի նաև Իրանի համար՝ ապահովելով նրա կապը հյուսիսային շուկաների հետ: Սակայն Մոսկվայի այս մոտեցումը հաճախ բախվում է Թեհրանի խորքային մտահոգություններին: Ադրբեջանը, լինելով Թուրքիայի և Իսրայելի մերձավոր ռազմավարական դաշնակիցը, Իրանի կողմից ընկալվում է որպես հնարավոր սպառնալիքների աղբյուր, ինչը ադրբեջանա-իրանական հարաբերությունները պահում է տևական լարվածության և անվստահության դաշտում: Իրավիճակն էլ ավելի է բարդանում Թուրքիայի տարածաշրջանային դերակատարման խորապատկերում. ուկրաինական հակամարտության ֆոնին Ռուսաստանի ունեցած որոշակի կախվածությունը Անկարայից և առկա վերապահումները զգալի սահմանափակումներ են հարուցում Մոսկվայի հարավկովկասյան քաղաքականության համար: Ռուս-թուրքական ներկայիս սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են էներգետիկ և առևտրային խոշոր գործարքների վրա, Անկարային հնարավորություն են տալիս ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, մինչդեռ Իրանը թուրքական գերակայության աճը դիտարկում է որպես սեփական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կշռի ուղղակի նվազեցում: Արդյունքում՝ ռուս-իրանական մերձեցումը տարածաշրջանում ձևավորում է ուժային բարդ բալանսավորման մեխանիզմ, որտեղ Մոսկվան փորձում է մանևրել Բաքվի ու Անկարայի հետ ունեցած իր հարաբերությունների և Թեհրանի հետ ռազմավարական դաշինքի միջև, ինչն անխուսափելիորեն ազդում է անվտանգային բոլոր գործընթացների վրա:
Այս բարդ աշխարհաքաղաքական խճանկարի ֆոնին Հայաստանի ներկայիս կեցվածքն ու իրականացվող քաղաքականությունն առաջացնում են լրջագույն, քննադատական հարցադրումներ: Երևանի որդեգրած ուղեգիծը, որը հաճախ բնութագրվում է որպես անվտանգային համակարգի շտապողական և չհաշվարկված դիվերսիֆիկացիա դեպի Արևմուտք, էականորեն խզվում է տարածաշրջանային իրական դինամիկայից: Սրա վերջին և ամենախոսուն վկայությունը Ազգային ժողովի կողմից ԱՄՆ-ի հետ ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ռազմավարական շրջանակային համաձայնագրի վավերացումն է: Այս նախագիծը, որոշակիորեն մարտահրավեր է նետում տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցությանը: Թեև պաշտոնական Երևանը պնդում է, որ TRIPP-ը գործելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո և միտված է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, այն չի կարող չառաջացնել Մոսկվայի և Թեհրանի ընդգծված հակազդեցությունը: Ռուսաստանի համար, որը վերահսկում է Հայաստանի երկաթուղային համակարգն ու ավանդաբար անվտանգային ներկայություն ունի սահմաններին, Վաշինգտոնի ուղղակի և երկարաժամկետ (49-ամյա) լոգիստիկ ներգրավվածությունը Սյունիքով անցնող երթուղիներում ընկալվում է որպես աշխարհաքաղաքական դիրքերի կորուստ: Իսկ Իրանի համար, որն իր անվտանգության անկյունաքարն է համարում «սեփական ուժերով ապահովվող անվտանգության» հայեցակարգը և բացառում է արտատարածաշրջանային ուժերի, հատկապես ԱՄՆ-ի ցանկացած տիպի ռազմաքաղաքական կամ ենթակառուցվածքային ներկայություն իր սահմանների անմիջական հարևանությամբ, TRIPP-ի հաստատումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունների կողմից ամերիկյան ազդեցության նմանօրինակ ներգրավումը կարող է հակասությունների բոլորովին նոր օջախ ստեղծել: Սա այն դեպքում, երբ Սյունիքի սահմանների անձեռնմխելիության և թուրք-ադրբեջանական հնարավոր ագրեսիայի զսպման հարցում Ռուսաստանի և Իրանի շահերը հիմնականում համընկնում են՝ հանդիսանալով Հայաստանի համար անվտանգային լուրջ գործոն: Երևանի այսօրինակ տարածաշրջանային քաղաքականությունը, որը հաշվի չի նստում անմիջական հարևանների «կարմիր գծերի» հետ, վտանգում է պատմական վստահության վրա խարսխված Իրանի հետ հարաբերությունները և Ռուսաստանի հետ անվտանգային մնացորդային կապերը: Ռուս-իրանական ռազմավարական առանցքի ամրապնդման պայմաններում Հայաստանի փորձերը՝ դառնալու արևմտյան նախագծերի հարթակ, կարող են հանգեցնել երկրի էլ ավելի մեծ մեկուսացմանը, եթե Մոսկվան ու Թեհրանը որոշեն համատեղ քայլերով չեզոքացնել իրենց համար անընդունելի արևմտյան ներկայությունը: Սա նշանակում է, որ Հայաստանը, սպասարկելով TRIPP-ի նման նախագծեր, հայտնվում է գլոբալ հակամարտության էպիկենտրոնում: Ստեղծված իրավիճակը Երևանից պահանջում է հրաժարվել կտրուկ ու միակողմանի աշխարհաքաղաքական շրջադարձերից՝ հանուն տարածաշրջանային իրողություններին համահունչ, ծայրահեղ զգուշավոր և հավասարակշռված դիվանագիտության:
Կրեմլում կայացած Պուտին-Փեզեշքիան բանակցությունների արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ ռուս-իրանական առանցքի ամրապնդման հետագա հեռանկարն ու կանխատեսելի դինամիկան միտված են երկարաժամկետ անվտանգային նոր իրողությունների հաստատմանը: Առաջիկա տարիներին այս տանդեմն ունի էլ ավելի կայուն համակարգային բնույթ ստանալու միտում՝ վերածվելով Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս ձգվող աշխարհաքաղաքական հիմնական բևեռներից մեկի: Այս գործընթացի առավել հեռահար ու գլոբալ առանձնահատկությունը թաքնված է Պեկինի հնարավոր ներգրավման մեջ: Եթե ներկայումս քաղաքական ու տնտեսական թիկունք ապահովող Իրան-Ռուսաստան-Չինաստան դե ֆակտո եռակողմ համագործակցությունը ստանա պաշտոնական ռազմավարական դաշինքի տեսք, ապա արևմտյան ազդեցության չեզոքացումն այս տիրույթից կստանա որակական նոր դրսևորում, ինչը կարող է ամբողջությամբ վերափոխել եվրասիական տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը: Այս ամենը Հայաստանի համար ուրվագծում է մի ապագա, որտեղ արտատարածաշրջանային ուժերի վրա հենվելու փորձերը ոչ միայն կարող են չապահովել սպասված անվտանգային երաշխիքները, այլև տեսականորեն ունակ են հարուցելու Մոսկվայի, Թեհրանի, և հեռանկարում նաև Պեկինի համակարգված հակազդեցությունը: Ուստի, Երևանի համար ռազմավարական առումով առավել կանխատեսելի ու անվտանգ ճանապարհ է դիտարկվում գլոբալ հակամարտության դաշտից դուրս գալը և սեփական կենսական շահերի պաշտպանությունը բացառապես տարածաշրջանային հավասարակշռված իրողությունների տիրույթ տեղափոխելը, քանի որ նոր ձևավորվող ճարտարապետության մեջ սեփական հարևանների «կարմիր գծերը» շրջանցելու փորձերը ժամանակի ընթացքում կարող են հղի դառնալ պետականության հիմքերի համար լրջագույն սպառնալիքներով:
Արամ Շահնազարյան
Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ