101-րդ օրվա անելիքը. մաս 2. Թույլ չտալ պատերազմ
Սկիզբը՝ այստեղ
Խաղաղությունը չի կարող լինել միայն ցանկություն։ Խաղաղությունը ծանր, հետևողական, գրագետ աշխատանք է։
Հայաստանի համար հարցերի հարցը մնում է ղարաբաղյան խնդիրը, պետության անվտանգությունը։ Այսքանով հանդերձ՝ հանրային կյանքում խնդրի շուրջ մինչ օրս չկա համակարգված քննարկում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այսօր գնում է բանակցությունների ակտիվացմանը՝ փուլը գնահատելով իր համար նպաստավոր, և միևնույն ժամանակ պատրաստվում է պատերազմի։ Իրեն այս փուլում դիրքավորում է որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից ու փորձում է աջակցության նոր ռեսուրսներ գտնել՝ ձևավորվող Բաքու-Մոսկվա-Անկարա առանցքում։
Մեծ հաշվով, բոլորն ուզում են խաղաղություն։ Տարբեր են, սակայն, խաղաղության մասին պատկերացումները։ Այնուամենայնիվ, մինչև մեր և Ադրբեջանի տարբերությունների մասին խոսելը, փորձենք հասկանալ խաղաղության ներհայաստանյան պատկերը։
Խաղաղություն ըստ Զոյայի
Զոյա Թադևոսյանին ընդունենք որպես այս շերտի հավաքական կերպար, ուղղակի որովհետև նա է վերջերս հնչեցրել հայտնի մոտեցումները։ Ըստ այս տեսակետի՝ Հայաստանը խաղաղության հասնելու համար պետք է գնա արագ, միակողմանի զիջումների՝ դուրս բերի իր զորքերը որոշակի շրջաններից և ինչ-որ միջազգային երաշխիքներով ստանա խաղաղություն։ Սա նոր տեսակետ չէ և մշտապես ունեցել է փոքր աջակցություն։ Ինչո՞ւ. որովհետև սա դեպի խոշոր պատերազմ տանող ամենակարճ ճանապարհն է։ Անվտանգության գոտու միակողմանի վերացումն ուղղակի սպառնալիք է լինելու Արցախի և Հայաստանի համար։ Միակողմանի զիջումները բացելու են պատերազմի դռները։ Հիմա պարզապես կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք Զոյա Թադևոսյանն ինքնուրույն որոշեց կրկին բարձրաձայնել այս մոտեցումը, և ինչո՞ւ հիմա. դա փորձնական, հետախուզական քա՞յլ էր, թե՞ պարզապես անպատեհ պոռթկում։ Տարբերությունը, հասկանում ենք, ահռելի է։
Խաղաղություն ըստ ծայրահեղականների
Սա հակառակ բևեռն է, երբ խաղաղության գրավականը համարվում է այսպես կոչված «քուռ-արաքսյան» հանրապետությունը։ Զուրկ որևէ բանական հաշվարկից, իրականությունից կտրված նպատակ։ Այս շերտին երբեք չեն պիտակավորում որպես դավաճան, հող հանձնող և այլն, ավելին՝ նրանք համարվում են հայրենասեր, ազգանվեր մարդիկ, սակայն իր վտանգավորությամբ այս տեսակետը չի զիջում նախորդին։ Որպես գաղափար սա ինչ-որ իմաստով հակակշռում է նախորդ տեսակետի կողմնակիցներին, և որպես քաղաքական հեռանկար նույնպես կա ընդհանրություն՝ այս ուժերի՝ իշխանության գալը վտանգավոր է։
Խաղաղություն ըստ Հայաստանի
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում իշխանությունները փոխվում են։ Հետևաբար՝ անկախ տեսակետների և մտածողության տարբերությունից, անկախ հարաբերությունների որակից, պետք է լինի սկզբունքների մի փաթեթ, որը պետք է փոխանցվի իշխանությունից իշխանություն, և որը որևէ իշխանություն չպետք է խախտի։
Անկախ նրանից՝ ինչ պարբերականությամբ է փոխվում իշխանությունը և ով է գալիս իշխանության, այս սկզբունքները պետք է պահպանվեն.
1. Կա փոխզիջման կարմիր գիծ, որից այն կողմ Հայաստանը երբեք չի գնալու։
2. Չկա առանձին Արցախի հարց։ Դա մեր պետականության հարցն է։ Արցախը Հայաստանի դարպասն է։
3. ՀՀ և Արցախ Հանրապետության իշխանությունները միշտ պետք է ունենան փայլուն հարաբերություններ՝ հիմնված վստահության, հարգանքի և բացարձակ անկեղծության վրա։
4. Տնտեսական զարգացումը արցախյան խնդրի խաղաղ լուծման ամենակարևոր նախապայմաններից է։ Երկրի անվտանգությունը թիվ 1 խնդիրն է, և անհրաժեշտ են լուրջ ռեսուրսներ։
5. Հայաստանի ցանկացած նոր իշխանություն պետք է ավելի ուժեղացնի Հայաստանի և Արցախի ինտեգրացիան։
6. Չի կարող լինել որևէ խոչընդոտ, որ Հայաստանի և Արցախի գործող և նախկին ղեկավարները ղարաբաղյան խնդրով շփվեն միմյանց հետ։ Եթե մենք ուզում ենք պետություն, ուրեմն պետք է ունենանք պետական մտածողություն։ Բոլոր անձնական քմահաճությունները պետք է ճնշվեն հանրային պահանջի ներքո։ Հասարակության այսօրվա որակը, ցավոք, այդպիսին չէ։ Մնում է անհատների լրջությունը։
Խաղաղություն ըստ Արցախի
Զուտ զգացմունքային տեսակետից՝ խաղաղություն թերևս բոլորից շատ ուզում են Արցախում։ Շատ դժվար է ապրել մշտական պատերազմի վտանգի տակ։ Բայց փաստ է, որ այդ վտանգի տակ Արցախն ակնհայտորեն զարգանում է. տնտեսությունը ակտիվացել է, ստեղծվում են ընտանիքներ, ծնվում են երեխաներ, զարգացել է տուրիզմը, մշակութային կյանքը։ Երկիրն ամենօրյա պատերազմական վտանգի տակ ապրում է լիարժեք խաղաղ կյանքով։ Այսօրվա արցախյան կյանքում, իհարկե, առանցքային է նախագահ Բակո Սահակյանի դերակատարությունը։ Ճակատագրի բերումով՝ նրան բաժին է ընկել ամենադժվար ու ամենակարևոր դերերից մեկը՝ ապահովել կայունություն, ապահովել տնտեսական զարգացում, ապահովել լավ հարաբերություններ ՀՀ նոր իշխանությունների հետ, ապահովել բանակի և հրամկազմի առողջ մթնոլորտը։ Սրանք բոլորը բարդ խնդիրներ են։ Այս առումով՝ Արցախում արտահերթ ներքաղաքական պրոցեսների զարգացումն ուղղակի դեպի պատերազմ տանող ճանապարհ է։
Խաղաղության ղարաբաղյան բանաձևը հստակ է՝ որքան շատ կյանք լինի Արցախում, այնքան խաղաղությունը կլինի ուժեղ։
Քաղաքական-հասարակական առումով կյանքը պետք է չլճանա։ Քաղաքական ուժերը, անհատները պետք է պատրաստվեն ընդամենը երկու տարի հետո կայանալիք ընտրություններին։
Տնտեսական և հանրային կյանքի առումով. Արցախում պետք են նոր տնտեսական ծրագրեր և ռեսուրսներ։ Եթե մենք ուզում ենք խաղաղություն, մենք պետք է զարգացնենք Արցախի տնտեսությունը և ակտիվացնենք կյանքն այնտեղ։ Այստեղ չափազանց կարևոր է ՀՀ նոր իշխանությունների դերակատարումը, հետհեղափոխական ալիքը։ Արցախում կարելի է կազմակերպել խոշոր բիզնես ֆորում՝ Հայաստանի և սփյուռքի ֆինանսական շրջանակների մասնակցությամբ։ Հիմա դրա պահն է։ Չվախենանք Արցախում գրագետ, մեծ ծրագրեր սկսելուց, ինքներս մեր ձեռքով խաղաղություն պարտադրելուց։
Բարձրացնել Արցախի միջազգայնացման մակարդակը. այցեր, տուրիզմ, ռեպորտաժներ, փառատոներ, մրցումներ և այլն։
Արցախում պետք է կազմակերպվեն մշակութային փառատոներ։ Արցախցին պետք է ապրի այդ կյանքով։ Խնդրեմ, սա էլ՝ ՀՀ նոր մշակութային քաղաքականության մի ուղղություն։
Արցախում կարիք կա տարբեր մասնագիտացումների բարձր որակավորման բժիշկների։ Խնդրեմ, սա էլ՝ ՀՀ նոր առողջապահական համակարգի մի ուղղություն։ Միանգամայն լուծելի խնդիր։
Արցախում պետք է կազմակերպվեն գիտական, կրթական կոնֆերանսներ, ուսումնական հավաքներ, ճամբարներ։
Արցախում պետք է կազմակերպվեն մարզական միջոցառումներ։ Սա էլ՝ օլիմպիական կոմիտեի համար՝ Նոր Հայաստանում աշխատելու ուղղություն։ Մարզական ֆեդերացիաների համար աշխատելու նոր դաշտ։
Եվ այլն, և այլն։
Մենք այս ամենով կկարողանանք ակտիվության լրիվ այլ մակարդակի բերել կյանքը Արցախում, ինչը խաղաղության և խաղաղ բանակցությունների ամենակարևոր պայմանն է։
Այս ամենն ունի նաև այլ չափազանց կարևոր նշանակություն՝ որակապես նոր մակարդակի բերել Արցախի և Հայաստանի հանրային ինտեգրումը՝ հե՛նց այսօր, հե՛նց վերջին զարգացումներից հետո։ Ուզում եմ վստահ լինել, որ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը շատ լավ են գիտակցում սրա անհրաժեշտությունը։
Խաղաղություն ըստ արտաքին աշխարհի
Արտաքին քաղաքական կոնյունկտուրայի ցանկացած փոփոխություն ի վնաս մեզ՝ էապես ուժեղացնում է Ադրբեջանի ռազմական հավակնությունները։ Չհասկանալ սա՝ ուղղակի նշանակում է խաղալ պետության ճակատագրի հետ։ Լայն զանգվածներին մի պահ հաճելի հակառուսական դեմարշները պետք է դադարեցվեն։ Սա՝ որպես առաջին քայլ։
Պետք է ընդունել, որ արտաքին աշխարհում երեք ամիս առաջվա նորհեղափոխական հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ կտրուկ նվազել է, իսկ Ադրբեջանի նավթի և այդ երկրի նոր լոգիստիկ նախագծերի հանդեպ՝ դեպի Իրան, Եվրոպա, Թուրքիա, հետաքրքրությունը կտրուկ աճում է։ Ադրբեջանն աննախադեպ ինտեգրացիա է սկսել Ռուսաստանի հետ՝ քաղաքական, մշակութային, փորձագիտական, բիզնես դաշտի, լրատվական շրջանակների տոտոալ ինտեգրացիա։ Մենք ակնհայտորեն այստեղ սկսում ենք զիջել։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել և հակաքայլերը մշակել։
Սրան զուգահեռ՝ հիմա ուղղակի խոսվում է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հնարավորության մասին։ Այն նույն ՀԱՊԿ-ի, որի հանդեպ մենք, մեղմ ասած, չափից դուրս անզգույշ գտնվեցինք։ Խոսվում է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության մասին։ Մենք պատասխանում ենք վետոյի իրավունքի կիրառմամբ։ Բայց հիշենք. վետոն վերջին քայլն է, վերջին փամփուշտը։
Մենք շատ ուշադիր պետք է լինենք մեզ հարևան երկրների տնտեսական մարտահրավերների հանդեպ։ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան գտնվում են ամերիկյան հզոր ճնշումների տակ, ու ֆինանսական ցնցումներն ու փլուզումները դեռ նոր են սկսվում։
Արդյո՞ք մենք ունենք համապատասխան մշակված սցենարներ՝ տարբեր զարգացումների համար։ Առաջարկում եմ սկսել քննարկել այս հարցերը՝ բաց, փակ ֆորմատներով, բայց կարևորը՝ աշխատանքային, չթատերականացված մթնոլորտում, որպեսզի լուծումներ ուրվագծվեն։ Հայաստանում կան շրջանակներ, անհատներ, որոնք դուրս են հեղափոխություն-հակահեղափոխություն պարզունակ մոդելից։
Շատ վտանգավոր է՝ խաբվել լայն զանգվածներին հաճելի մթնոլորտով։ Այսօրվա քաղաքական իրողությունների պայմաններում ըստ էության չկա որևէ մեխանիզմ, որը գործող իշխանությանը հետ կպահի չգիտակցված սխալներից, սայթաքումից։ Սա շատ մտահոգիչ է։ Միշտ հիշել է պետք, որ առաջին իսկ տնտեսական սուր դժվարությունների, ճգնաժամերի, պահեստազորային հավաքների դեպքում լայն զանգվածներն ուրանալու են իրենց կուռքերին։ Այնուամենայնիվ, դեռ կա հնարավորություն՝ մեր երկրում ունենալու ամենակարևորը՝ խաղաղություն և զարգացում։ Դա, կրկնեմ, պետք է լինի ոչ թե ցանկություն, այլ՝ գրագետ աշխատանք։ Ու հանկարծ մեզ չխաբենք, թե պատերազմի դեպքում մեղավորը միայն Ադրբեջանն է. պետությունները պատերազմ ստանում են նաև սեփական սխալների արդյունքում։
Հ. Գ
Օրեր առաջ գտնվում էի Արցախում՝ այն նույն օրը, երբ Ստեփանակերտում փորձնական օդային տագնապ էր։ Մենք շատ հաճախ, որպես անհասանելի նպատակ, երազում ենք Իսրայելի պես կազմակերպված մոդելի մասին։ Այդ օրվա Ստեփանակերտն այդպիսին էր. մեծից փոքր, առանց խուճապի, գիտեին իրենց ռմբապաստարանների տեղը, ամբողջական կոլեկտիվներով գիտեին՝ ուր գնալ, ինչ անել, փրկարարական ծառայություններն աշխատում էին հստակ, կազմակեերպված։ Մեկ ժամից ավել քաղաքի կյանքը առավելագույնս մոտեցված էր պատերազմական իրականությանը։ Տագնապի ավարտից րոպեներ անց Ստեփանակերտի փողոցները դարձյալ լցվեցին խաղաղությամբ ու բնականոն կյանքով։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»