Աբովյանի պատճառները և հետևությունները

Հանրային գիտակցության մեջ Աբովյան քաղաքի ընտրություններն ավելի լայն իմաստ ունեին, քան գործող քաղաքապետի և ՔՊ թեկնածուի միջև քվեարկությունը։ Հենց սա է պատճառը, որ ստիպում է ավելի սառը և խորքային գնահատականների։

Ինչու պարտվեց իշխանությունը

1. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մնալ հանրահավաքի, երթի և լայվի տիրույթում։ Իշխանությունը չի կարողանում անցնել աշխատանքային ռեժիմի։ Եվ սա նույնպես համատարած գործընթաց է։ Հասարակությունը սկսում է հոգնել հանրահավաքից։ Օրինակ, եթե Փաշինյանը երթի փոխարեն հանրությանը ներկայացներ Աբովյանի կամ նմանատիպ մյուս քաղաքների զարգացման իր մոտեցումները, ինչ-որ իրական քայլերի համակարգ, լրիվ ուրիշ ազդեցություն կլիներ։

2. Մեկ մարզի օրինակով իսկ նկատվում է իշխանության ներսում եղած անմիասնականությունը։ Ակնհայտ է, որ իշխանության որոշ թևեր օժանդակել են այլ թեկնածուի կամ նվազագույնը եղել են չեզոք։

3. Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված մարզպետի՝ ոչ սոլիդ վարքագիծը։ Նոր իշխանության մարզպետները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այդպես էլ չեն գիտակցում իրենց պարտականությունները և հանրության սպասելիքներն իրենցից։ Եվ սա համատարած խնդիր է։

Ինչու հաղթեց գործող քաղաքապետը

1. Գործող քաղաքապետը բնակիչների կողմից ընկալվում է որպես կիրթ և գրագետ մարդ (ի դեպ՝ անկուսակցական է)։ Նա ցույց տվեց, որ մինչև հեղափոխությունը իշխանության մեջ և պետական համակարգում եղել են բավականին պարկեշտ և գրագետ մարդիկ։ Հետևաբար, ակնհայտ է դառնում իշխանությունների կողմից խրախուսվող՝ «Նոր և Հին Հայաստան», «սև ու սպիտակ» թեզիսների սնանկությունը։

2. Գործող քաղաքապետը կարողացավ ձևավորել մոբիլ և գրագետ թիմ, ցույց տվեց, որ միայն աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել արդյունքի։ Սրանից պետք է առաջին հերթին դաս քաղեն ոչ իշխանական ուժերը, որովհետև որքան էլ Վահագն Գևորգյանը ունենար բարի համբավ, լավ ընկերներ ու աներ լավ գործեր, միևնույն է, եթե բջջային մակարդակով, գիշեր-ցերեկ թիմը չաշխատեր, չէր կարող արձանագրել այս արդյունքը։

Ընտրությունների հիմնական հետևությունները

Հետևություն պետք է անեն բոլորը և հենց այդ՝ սառը հեռևություն անելու ունակությունից է կախված քաղաքական ուժերի, անհատների և պետության հեռանկարը։

1. Նիկոլ Փաշինյանի հետևությունը հստակ է՝ էյֆորիան անցնում է, չի ստացվում միացնել շարժիչը, երկիրը չի մտնում գործնական խաղաղ աշխատանքի փուլ։ ՀՔԾ, դատախազություն, դատեր թեման այլևս հանրության համար փոխհատուցում չեն։ Մարդիկ ուզում են ռեալ փոփոխություններ։

2. Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու համար կարիք ունի՝ թե՛ իր կադրերի լրջագույն ռեստարտի, թե՛ իր պատկերացումների և տեսլականների փոփոխության։ Սա նաև ուղիղ բխում է պետության շահերից, քանի որ ավելի կանխատեսելի և ցնցումներից զերծ ընթացք է նախատեսում։

3. Ոչ իշխանական շրջանակների համար սառը ցնցուղի նույն էֆեկտն է արձանագրվում։ Հին դեմքերի, հին պատկերացումների և անվերջ տեսական դատողությունների հնարավորությունն ավարտված է։ Պետք են նոր դեմքեր, նոր ձևաչափեր, նոր ասելիք։

Գործող իշխանության ստանդարտը

Հայաստանում հնարավոր է դառնում խաղաղ, հանդարտ ընտրությունների անցկացումը և իշխանության թեկնածուի պարտությունը։ Սա հետհեղափոխական ստանդարտ է, որը ունի մեծ արժեք։ Բոլորիս խնդիրն է՝ այս ստանդարտը դարձնել անշրջելի։ Վերականգնել ընտրական համակարգը Հայաստանում։ Բայց դրա համար իշխանությունը պետք է գնա հաջորդ քայլերին՝ նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք և ընթացիկ կյանքում հրաժարում «հեղափոխական թիմային աղանդի» գաղափարից։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այս թեմայով