Ամենակարևորը ընտրությունների մասին

Անկախ՝ ընտրություններին մասնակցող միավորների թվից, ընտրական քարտեզը լինելու է ավելի քան երբևէ պարզ.

1. Էրդողանի թեկնածուն
2. Հայկական էլիտաների միասնական /կամ գրեթե միասնական/ թեկնածուն
3. Սահմանափակ սոցիալական կամ արմատական հռետորաբանությամբ ուժեր, որոնք վերջում, միևնույն է, պետք է ընտրություն կատարեն առաջին կամ երկրորդ հոսանքի միջև։

Նման դասավորվածությունը չի տալիս երաշխիքներ, որ ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա։ Դա հնարավոր է միայն հայկական էլիտաների և նրանց պրոքսի միավորների զգալի հաջողության դեպքում։

Ընտրությունների բովանդակությանը հարված է Լ. Տեր-Պետրոսյանի հնարավոր չմասնակցելը։ Առաջին նախագահի մասնակցությունը կապահովեր որոշակի բովանդակային պոտենցիալ։

Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ Կովկասում թշնամանքի և բարեկամության մասին, բացի բնազդային վախից ուրիշ ոչ մի էմոցիա չպետք է առաջացնի։ Նրա պատկերացումները տարածաշրջանային զարգացումների, գծագրվող Կովկասյան նոր ճարտարապետության վերաբերյալ երրորդ կուրսի ռեֆերատի մակարդակի է, հետևաբար՝ նա ունի ահռելի ռեսուրս՝ երկրի կործանումը շարունակելու։
Ընտրություններին մեծ ծրագրեր, քարոզչական բուկլետներ պետք չեն գալու. ոչ ոք չի կարդալու, ոչ մեկին չի հետաքրքրելու։

Սա ընտրություն է.

- Պատերազմ, պարտություն, նվաստացում, նորից պատերազմ, նորից պարտություն

Կամ

- Խաղաղություն, արժանապատիվ բանակցություններ, տնտեսության վերականգնում

Հիմնական կոչը պետք է լինի տանը նստած դիտորդ զանգվածին, որոնք Շվեյցարիայի քաղաքացու նման կամ անդարդ փիլիսոփայում են թեկնածուների որակներից կամ ուղղակի անտարբեր են.

- Կամ ընտրեք «Խաղաղություն, արժանապատիվ բանակցություններ, տնտեսության վերականգնում» ճանապարհը և ակտիվորեն մասնակցեք հայկական էլիտաների հաղթանակին, կամ ձեր կանանց և երեխաներին Հայաստանից հանեք։ Էրդողանի թեկնածուն ձեր պասիվության պարագայում կրկին պատերազմ է բերելու մեր տուն։

Հ. Գ. Ի դեպ, ես մնում եմ այն համոզմանը, որ չի կարելի սպասել ընտրությունների լինել-չլինելուն, և Էրդողանի թեկնածուին պետք է հաղթել շատ ավելի շուտ։ Քաղաքական նշված քարտեզը պետք է դառնա երկրում հանրային երկու հոսանքների պայքար՝ առանց ընտրությունների հետ կապելու։

Շարունակելի


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով