Ամենավտանգավոր և կուռ դաշինքը

«Փաշինյան-Ալիև». սա այս ընտրությունների ամենաիրական, ամենաազդեցիկ ստվերային դաշինքն է։

Ն. Փաշինյանն արդեն մի քանի օր է՝ խոսում է տարբեր լսարանների առաջ, ասում է բաներ, որոնք քաղաքական, հանրային շրջանակները համարում են անհեթեթություններ։

Իրականում նրա անհեթեթությունների «գաղտնիքը» բացվում է, եթե զուգահեռ լսեք Իլհամ Ալիևին։ Այս մարդիկ ակնհայտորեն զույգով են աշխատում։ Այս մարդիկ ՀՀ ընտրություններին մասնակցում են չարձանագրված դաշինքով։

Մի քանի օրինակ.

Փաշինյանը խոսում է սարերում զինվոր չպահելու, սեփական տարածքից զորքերը հետ քաշելու պատրաստակամության մասին...

Նույն պահին Ալիևը բառացի ասում է հետևյալը.

«Նրանք (Հայաստանը) բացեիբաց ընդունում են, որ ի վիճակի չեն պաշտպանել սեփական պետությունը, սեփական սահմանները»։

Փաշինյանը խոսում է 30 տարվա տապալումների մասին՝ իր բոլոր տապալումները բարդելով նախորդ 30 տարվա վրա։

Ալիևն արձագանքում է.

«30 տարվա ընթացքում հայերը չկարողացան պետություն կառուցել. Հետևաբար այդ ժողովուրդը ի վիճակի չէ պետություն ունենալ։ Այդ ժողովուրդը կարող է գոյատևել միայն այլ պետությունների կազմում»։

Փաշինյանը ասում է, եթե մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով բեռներ փոխադրել, ինչո՞ւ նրանք չեն կարող նույնը անել Հայաստանի տարածքով։

Ալիևը նույն օրը արձագանքում է.

«Պատերազմից հետո մենք աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ։ Սկզբում հայկական կողմը դիմադրում էր, բայց վերջերս ինձ տեղյակ են պահում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում հարցերը՝ այդ միջանցքի անխուսափելիության պահով։ Եվ ինչպես գիտեք, դա հիմա քննարկվում է եռակողմ ձևաչափով»։

Փաշինյանն ասում է ՝ ես հպարտ եմ մեր պարտությամբ։

Ալիևը բառացի ասում է՝ «Մենք Հայաստանի համար այսքան հնարավորություններ ենք ստեղծել, իսկ Հայաստանը մեզ նույնիսկ շնորհակալություն չի հայտնում»։

Այսօր շատերը հակված են Փաշինյանի ասածներին վերաբերվել հեգնանքով՝ դարձնելով ժողովրդական հումորի առարկա, սակայն թվացյալ խեղկատակությունների հետևում պարզ երևում են պայմանավորվածությունների թելերը, որոնք անշեղորեն կատարում է Ալիևի հայաստանյան դաշնակիցը։ Ամեն վայրկյան հիշել է պետք՝ սրաքն ընտրություններին մասնակցում են զույգով։


Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով