Աննայի ընտրությունը. Բաց թողնված հնարավորություն
Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։ Հերթական անգամ նա մերժեց բացարկի մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։ Կարելի՞ էր ակնկալել այլ որոշում, հավանաբար՝ այո, հաշվի առնելով զարգացումները մեր երկրում և այն պատմական աղետը, որի պայմաններում նա վարում է դատը։ Այո՝ եթե տիկին Դանիբեկյանը չընդհատեր և մինչև վերջս լսեր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հայտարարությունը, որում մանրամասն ներկայացվում էր հնարավոր դավադրության ողջ սխեման, որը բերեց մեր երկիրը աղետի։
Վստահ ենք, ինչպես տասնյակ հազարավոր մարդիկ, Ա. Դանիբեկյանը նույնպես երեկոյան մամուլում կարդացել է իր իսկ կողմից ընդհատված ելույթը ու գոնե մեկ բան պետք է ինքն իր համար արձանագրեր՝ դատավարությունը սկսվել է մի ժամանակ՝ երբ Արցախը մերն էր, Շուշին՝ մերը, իսկ 15 հազար տղերքը ողջ ու առողջ էին, իսկ հիմա ընթանում է լրիվ այլ իրականության մեջ։
Երկու տարի շարունակ դժվար էր մարդկանց բացատրել, համոզել, թե որոնք են այս քրեական գործի իրական նպատակները։ Եթե երկու տարի առաջ քչերն էին ասում, թե ինչ հրեշավոր նպատակի համար էր այս քրեական գործը, ինչ ծրագրի բաղկացուցիչ մաս էր կազմում երկու տարի տևող քննությունն ու դատավարությունը, Արցախն ազատագրած ղեկավարի և գեներալների նկատմամբ իրականցվող քրեական հետապնդումը, ապա հիմա իրականությունը դա փաստեց. իրականությունը իր ողջ ողբերգությամբ։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե Ա. Դանիբեկյանը տեղեկացված չէ սեպտեմբերի 27-ից հետո զարգացումներին։
Այս հանգամանքներում, թվում է, թե մեղադրող դատախազները, գործը քննող դատավորը պետք է հրաժարվեին շարունակել ծառայել պետությունը փլուզման հասցրած իշխանությունների ծրագրերին, պետք է ապացուցեին հանրությանը, որ իրենք այդ ծրագրի մասը չեն։ Բայց դա չարվեց դատախազների կողմից, ովքեր նույն ջանասիրությամբ շարունակում են հերոսների մեղադրանքը պատվերով պաշտպանել, չարվեց դատավորի կողմից, ով նույն անտարբերությամբ ու սառնասրտությամբ շարունակում է կատարել Փաշինյանի կամքը։
Տեղյակ է, արդյոք, տիկին Դանիբեկյանը, թե ինչպես է ձևավորվել հետհեղափոխական Հայաստանի օրակարգը, ծանոթ է, արդյոք, Աննա Դանիբեկյանը «Կարնեգի» հիմնադրամի 2019թ. զեկույցին, որտեղ տեղ գտած առաջարկներն ու դիտարկումները դարձել են Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական օրակարգը, իսկ Արցախի և տարածաշրջանային թեմայով դրույթները ճանապարհային քարտեզ էին ՀՀ իշխանությունների համար՝ ինչպես պետությունը հասցնել աղետի և մեծ ողբերգության։ Որպես ՀՀ քաղաքացի այս հարցը նրան չի մտահոգո՞ւմ։ Այնտեղ բառացի գրած էր՝ տարածաշրջանի (ԼՂ) ուժային ներկայացուցիչները /siloviki/ կամ անվտանգության հաստատությունները կարող են մոտ ապագայում հեռացվել կամ բախվել կոռուպցիոն մեղադրանքների հետ. տարածաշրջանում Փաշինյանի փոխարինումները կարող են արձանագրել ապագա բանակցություններում առավել ճկուն լինելու նրա մտադրությունները։ Ուժային ներկայացուցիչների մի կարևոր մասին դատում է ինքը։
Հասկանո՞ւմ է, արդյոք, տիկին Դանիբեկյանը, որ նա շարունակում է գործել են ոչ թե պետության անունից, այլ մի իշխանության, որը դավաճանել է մեր պետության շահերը ու որը շատ շուտով չի լինելու։
Վստահ եմ, որ պատերազմի ժամանակ, ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, նա էլ մինչև վերջին պահը հույսեր էր փայփայում, որ Սեյրան Օհանյանի շնորհիվ հնարավոր կլինի կանխել Շուշիի անկումը։ Ի՞նչ էր մտածում Աննա Դանիբեկյանը, երբ հենց իր մեղադրյալին էին վերջին պահին դիմել Շուշին փրկելու համար՝ հպարտությու՞ն, ամո՞թ, ափսոսա՞նք... Մի վայրկյան գոնե մտածե՞լ է, որ իր մեղքն էլ կա այդ հարցում։
Վստահ եմ, որ Աննա Դանիբեկյանն էլ շատերի նման խորը ափսոսանք էր ապրում, երբ երկրի համար օրհասական պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս, և նա չկարողացավ մեկնել Մոսկվա։ Չէ որ տիկին Աննան էլ հարյուր հազարավոր մարդկանց նման մի պահի միայն այդ հույսով էր ապրում։ Չխաբենք իրար՝ այդպես է եղել։ Վստահ եմ, որ նա էլ ՀՀ մնացած քաղաքացիների նման բարկացել, վրդովվել, հուզվել է, երբ տեսել է, թե ինչպես հաշվի չեն նստում արհեստավարժ, փորձառու, պատերազմի թոհուբոհով անցած գեներալների և զինվորական գործիչների հետ, ինչպես են հրաժարվում նրանց ծառայություններից, որովհետև այդպես են ուզում դիլետանտ իշխանությունները։ Վստահ եմ, նա էլ շատերի նման կիսել է որդի կորցրած ընտանիքների ցավն ու ողբերգությունը։
Եվ այս ամենի հետ մեկտեղ, տիկին Դանիբեկյանն ուներ հնարավորություն ապացուցելու, որ նա անմասն է Արցախը հանձնելու, Հայաստանը քանդելու ծրագրերից, որ նա նույնպես իշխանությունների դավադիր ծրագրերի զոհն է։ Հենց այդ առաջարկը, հենց այդ հնարավորությունն էր Արմեն Գևորգյանի ընդհատված ելույթի առանցքում։ Բայց դատավոր Դանիբեկյանը հրաժարվեց այդ հնարավորությունից, շարունակեց համաձայնել մնալ ծրագրի մասը, առանցքային օղակը։
Վաղը շատ բան է բացահայտվելու, լինելու են ցուցմունքներ, այսօրվա պատվիրատուները դառնալու են մեղադրյալներ, ցուցմունքներ են տալու իրենց կողմից շահագործվող պաշտոնյաների դեմ։ Այսօր կար հնարավորությունը նրանցից տարանջատվելու։ Աննա Դանիբեկյանը բաց թողեց այդ հնարավորությունը՝ գիտակցաբար իր վրա վերցնելով Փաշինյանի ծրագրերի անբաժանելի մասը լինելու պատասխանատվությունը։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ