Ապօրինի գույքի պոտենցիալ գնորդը
Փաշինյանի մոլեռանդ գաղափարներից մեկը գույքի բռնագանձումն է. 2.5 տարի նա քարոզել է ապօրինի գույքի գաղափարը՝ հին տերերից խլելու և նոր տերերին փոխանցելու։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են՝ օրենսդրական բազա, կառույցներ, քարոզչություն և այլն։
Այդ ճանապարհին նա որևէ հակափաստարկ չի լսել, նույնիսկ՝ ամենառացիոնալը, որ դա կբերի տնտեսական փլուզումների, որ Հայաստանում ուղղակի գոյություն չունի այդքան ֆինանսական կապիտալ, որը կարողանա գնել, ձեռք բերել ուրիշներից խլված գույքը։
Եվ ահա, կապիտուլյացիայի թուղթը ստորագրելու հենց հաջորդ օրը նա նորից խոսեց ապօրինի գույքի և դրա համատարած բռնագանձման մասին։ Շատերը սա վերագրեցին նրա անմեղսունակությանը՝ ի՞նչ է կորցրել, ինչի՞ց է խոսում։
Բայց հաջորդ օրերի նրա պահվածքը և խնդրի հետադարձ վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնելու, որ ապօրինի գույքի բռնագանձումը ո´չ մտասևեռում էր, ո´չ էլ՝ պոպուլիստական քայլ։ Դա հստակ, լավ մշակված ծրագրի կարևորագույն փուլերից է։
Կա գնորդ և այն միակն է
Ակնհայտ է, որ Հայաստանում չկա անհրաժեշտ ֆինանսական կապիտալ՝ խոշոր ձեռքբերումների համար։ Հայկական բիզնեսն այդ հնարավորությունները չունի։ Դրա լավագույն օրինակը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցն էր, որը պետականացումից ավելի քան մեկ տարի անց էլ դեռ ոչ մի կերպ չի վաճառվում։ Հիմա պատկերացրեք, եթե վաճառքի հանվեն հարյուրավոր հյուրանոցներ, առանձնատներ, հողեր, բնակարաններ, ձեռնարկություններ և այլն։ Ո՞վ ձեռք կբերի այդ ամենը, եթե անգամ մեկ հյուրանոցի վաճառքն այսքան ժամանակ հնարավոր չեղավ կազմակերպել։ Ահա այստեղ է ամբողջ գաղտնիքը։
Ամենայն հավանականությամբ հենց սկզբից Հայաստանի իշխանությունը գիտակցել է, որ կա ընդամենը մեկ գնորդ, և այս ամենը մեկ գնորդի համար է։ Այդ գնորդի անունն է թուրքական կապիտալ։
Ծրագիրը մեկը մեկին պիտի իրագործվեր Աջարիայի օրինակով։ Բաթումին, ողջ Աջարիան այսօր թուրքական և ադրբեջանական ֆինանսատնտեսական տարածքներ են, որտեղ վրացական իշխանությունը կրում է ֆորմալ բնույթ։
Պատահակա՞ն էր արդյոք, որ նորանշանակ էկոնոմիկայի նախարարը հևիհև խոսեց հենց այս թեմայից։
Ծրագիրը մոտավորապես այսպիսի տեսք ունի. պատերազմի արդյունքում մեր պետության արտաքին սահմանները ջախջախված են, իսկ խաղաղության պայմաններում պետք է ջախջախվեն երկրի ներքին սահմանները՝ թուրքական կապիտալի միջոցով։
Աջարիայի խաղաղ թուրքացումը տեղի է ունեցել շատ սահուն կերպով, կիրառվել է ապօրինի գույքի բռնագանձման նույնատիպ օպերացիա, և վրացիները կարճ ժամանակ անց արձանագրել են, որ Բաթումին, Աջարիան արդեն խիստ պայմանական կարող են վրացական համարվել։ Գրեթե նույնությամբ փորձ է արվում այս սցենարը կիրառել Հայաստանում։ Սա նաև պետությունը Ռուսաստանից կտրելու ամենագործուն քայլերից է։
Ըստ այդմ՝ մինչև Հայաստանում չկատարվի պատերազմի հետաքննություն, մինչև անկախ հանձնաժողովը չպարզի բոլոր մութ կետերը՝ հնարավոր ստվերային պայմանավորվածությունների, հնարավոր գործակալական ցանցի և 5-րդ շարասյան վերաբերյալ, Հայաստանում պետք է կասեցնել «Ապօրինի գույքի բռնագանձման» մեխանիզմը։ Իհարկե, այստեղ Ն. Փաշինյանը կարող է սկսել նորից իր սիրելի ճղճղան բառապաշարով հարձակվել և ասել իր սիրելի տեքստերը, սակայն գոնե այսօրվա իրավիճակում քաղաքացիները պիտի սկսեն վերջապես բաց աչքերով նայել նրա գործունեությանը։
Ի դեպ, մի խումբ անձանց ելքը Հայաստանի Հանրապետության սահմաններից պետք է բացառվի՝ Դավիթ Տոնոյան, Զոհրաբ Մնացականյան, Արայիկ Հարությունյան, Արգիշտի Քյարամյան և այլք։ Սա պետության անվտանգության խնդիրն է։ Նրանք կրում են բացառիկ կարևորության ինֆորմացիա, և քննչական մարմինները պետք է ստանան այդ և այլ տեղեկությունները։ Սա երկրի հետագա գոյության հարցն է։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ