Առանց Լևոն (Արոնյան) Հայաստան


Պատերազմական, քաղաքական թոհուբի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց Լևոն Արոնյանի հեռացումը Հայաստանից։ Բայց սա զուտ շախմատային խնդիր չէ։
Արոնյանի նման դեմքերը ազգերի և պետությունների խաղաղ մրցակցությունում ապահովում են քո տեղը՝ ազգերի և պետությունների բարձրագույն խմբում։ Նման անուն-ազգանուններ ունեցող պետությունները միշտ այլ, ավելի բարձր կարգի են։ Սա չգրված, բայց բոլորի կողմից ընդունվող օրենք է

Արոնյաններ քիչ կան աշխարհում։ Շատ ավելի ուժեղ, հարուստ և զարգացած պետություններ Արոնյան չունեն։ Ընդանրապես պետք է հասկանալ, որ Արոնյան ունենալը, զարգացնելը, պահելը շատ բարդ խնդիր է։ Եվ դա երբեք ինքնահոսով չի լինում։

Խորհրդային Հայաստանում մենք ունեինք Տիգրան Պետրոսյան և Ռաֆայել Վահանյան ու մեծ թիվ բարձրակարգ գրոսմայստերներ։ Անկախ Հայաստանում (մինչև 2018 թ.) մենք ունեցել ենք Լևոն Արոնյան, Համաշխարհային օլիմպիադայում, աշխարհի առաջնությունում հաղթող չեմպիոն թիմեր և մեծ խումբ բարձրակարգ գրոսմայստերներ։
Նորից եմ ուզում շեշտել՝ Արոնյանը զուտ շախմատային թեմա չէ, այն այլ՝ լուրջ խորություն է պարունակում է իր մեջ։

Էրդողանի, Ալիևի և մի խումբ հայ իշխանավորների պատկերացրած «նոր Հայաստանում» Արոնյանի նման դեմքեր չպետք է լինեն։ Այս նոր պատկերացումներով՝ Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է լինի սպասարկողմիավոր։ Մեզ վերապահված է մոթել, սաունա, մանր-մունր սրճարաններ սպասարկողի՝ ռեգիոնալ դերակատարումը։ Հիմնական բանկերը պետք է լինեն թուրքական, հատուկենտ խոշոր ձեռնարկությունները՝ թուրքական և այլն։

Եթե ուշադիր հետևեք Ալիևի ու Թուրքիայի հետպատերազմյան հայտարարություններին, ապա նրանք գրեթե բաց տեքստով նկարագրում են իրենց պատկերացրած Հայաստանը՝ առանց բանակ, առանց արժանապատվություն, առանց մեծ գաղափարների։ Պատկերավոր ասած՝ մի Հայաստան, որը չի ունենա Արոնյան տալու մարդկային ռեսուրս և ենթակառուցվածքներ։

«Յան» ազգանունով մենք համաշխարհային արժեքներ էլի կտանք՝ գենետիկ հիշողության հաշվին, բայց նրանք լինելու են այլ պետության ներկայացուցիչներ։
Այսօր ոտքի ելած Երևանի փողոցները, բանակը, եկեղեցին, գիտակրթական-մշակութային էլիտան և այլոք, պայքարում են հենց դրա համար, որ Հայաստանն էլի ունենա հնարավորություն՝ քաղաքակիրթ մարդկությանը համաշխարհային դեմքեր տալու։ Իսկ դրա առաջին նախապայմանն անվտանգությունն է և ազգային պետությունը։
Այսօր ոտքի ելած Երևանի փողոցը շատ որակյալ է, ու այն դիմադրում է միաժամանակ ներսի ու դրսի թշնամուն, որոնք մեզ ուզում են այսուհետ պարտադրել միայն «Սիլաչի» կամ «Ծերեթելի» որակներ։

Սեփական արժանապատվությունը վերագտնելու ցանկությունն է հենց մարդկանց բերում փողոց, ու հենց այդ ցանկությունը պիտի լինի լայն հանրությանը միավորող գլխավոր գիծը։ Պատերազմում պարտվել է անկազմակերպ ու անկարող կառավարությունը, սակայն հայ հասարակության արժանապատվության հաշվին ոչ ոք չի կարող և իրավունք չունի պարտություն գրանցել։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով