Արմեն Գեւորգյան. Նորից ներդրումների մասին կամ այն մասին, թե ինչու դրանք չկան
Օրերս հետեւում էի աշխարհի տարբեր անկյուններից եկող լրահոսին: Հատկապես հետաքրքիր էր հասկանալ, թե Սիրիա թուրքական ներխուժման պայմաններում մեր որոշ հարեւաններ ինչպես են ջանադրաբար աշխատում արաբական երկրներից ներդրումների նոր աղբյուրներ հայթհայթելու համար:
Ռուսաստանյան խոշոր բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հաստատում են իմ դիտարկումը, որոնց մասին ես գրել էի դեռ մի քանի ամիս առաջ. վերոհիշյալ երկրներից ներդրումներ ստանալու համար անհրաժեշտ է երկրի ղեկավարության քաղաքական կամքը, ինչպես նաեւ հաստատված անձնական կապերը եւ վստահությունը:
Պատահական չէ, որ նույնիսկ Ռուսաստանի նման երկիրը բիզնեսի համար գործընկերություն եւ ներդրումներ է փնտրում արաբական երկրներում: Ռուսաստանը նրանց հետ աշխատում է, շփվում է եւ որոշակի աստիճանի գայթակղում: Այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ ընդգծեմ. առանց բացառության բոլոր տեսակի եւ ծագման ներդրումների դեպքում, հատկապես Հայաստանի նման երկրների պարագայում, կարեւոր է անձնական գործոնը՝ գործընկերների միջեւ առկա քիմիան:
Մենք Ծոցի երկրների, հատկապես ԱՄԷ-ի, Կատարի եւ Քուվեյթի կառավարող շրջանակների հետ տարիների ընթացքում ձեւավորել ենք միջանձնային համագործակցության բավական մեծ ներուժ, որը, փաստորեն, նոր իշխանությունների կողմից պարզապես անտեսվում է կամ նույնիսկ զրոյացվում:
Այսպես կոչված, մինչհեղափոխական փուլում ձեւավորվել էին դինամիկ զարգացող միջպետական հարաբերություններ եւ կապեր արաբական երկրների հետ, ինչը փորձում են պահպանել նոր իշխանությունները: Այսուհանդերձ, դա քիչ է այնտեղից մասնավոր ներդրումներ ներգրավելու խնդիրը լուծելու համար:
Ինչ է պետք անել, ես արդեն գրել եմ եւ չեմ կրկնի: Իսկ մինչ հեղափոխական ժամանակաշրջանի փաստաբանները մեզ խորհուրդ կտան, մասնավորապես, հնարավոր ներդրողների եւ գործընկերների հետ շփվել ժամանակակից հաղորդակցման միջոցներով, ներդրումները մեր կողքով կանցնեն եւ կհայտնվեն հարեւան երկրներում, որտեղ մինչ այսօր ներդրողների հետ շփվելիս օգտագործում են ժամանակի կողմից փորձված ավելի արդյունավետ միջոցներն ու եղանակները՝ անձնական ուղիղ կապերն ու փոխհարաբերությունները, ինչպես նաեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը:
Արմեն Գեւորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ