Արմեն Գևորգյան. 2019 թվականի՝ ակնհայտ թվացող ձեռքբերումները և դրանց վիճահարույց կողմերը
Ես փորձել եմ բացառապես մասնագիտական և պետական կառավարման գիտելիքների ու փորձի տեսանկյունից արձանագրել փաստերը, որոնք ՀՀ իշխանությունները և, ինչու չէ, քաղաքացիների մի զգալի մասը համարում է վերջին շրջանի ակնհայտ ձեռքբերում, և միաժամանակ նշել վիճահարույց ասպեկտները, վեր հանել այն ռիսկերը և խնդիրները, որոնք ձևավորվում են դրանցից։
• Ձևավորված է կառավարության ավելի կոմպակտ կազմ, կրճատված է նախարարությունների թիվը
Այս քայլը չբերեց որևէ տեսանելի արդյունքի թե՛ կառավարության, թե՛ ողջ պետական համակարգի արդյունավետության տեսանկյունից։ Սա, կարծես թե, վերջերս ընդունեց նաև վարչապետը։ Ինչպես ցույց է տալիս իրականությունը, նման որոշումը պայմանավորված էր ոչ թե ինստիտուցիոնալ նկատառումներով, այլ պարզապես կադրերի «կարճ պահեստային նստարանով» և, գուցե նաև, մեծ թվով նախարարների և փոխնախարարների բարձր վարձատրություն տալու դժկամությամբ։ Իսկ ընդհանրապես, պետական համակարգին նման մոտեցման շարունակության պարագայում այն շատ հեշտ է ապակայունացնել։
• Ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների զգալի ծավալ
Մյուս կողմից՝ չեն կառուցվում նոր ճանապարհներ, չկան նոր ենթակառուցվածքային լուծումներ։ Օրինակ՝ Իրանի և ԵԱՏՄ միջև պայմանագրի համատեքստում անհրաժեշտ էր սկսել Քաջարանի թունելի կառուցումը։ Այլ օրինակ. կարելի էր քննարկել Իջևան -Նավուր - Բերդ նոր հիմնարար ճանապարհի շինարարությունը։
• Ընդունվել է օրենքների փաթեթ եկամտահարկի վերաբերյալ, որը 2020-ից պետք է նկատելիորեն բարձրացներ քաղաքացիների եկամուտները։
Բայց անմիջապես առաջ եկան նախաձեռնություններ, որոնք կարող են ի չիք դարձնել սպասվող արդյունքը զգալի թվով քաղաքացիների համար։ Օրինակ՝ գույքահարկի բարձրացումը, նոր տուրքերի և հարկերի ներմուծումը, պարտադիր բժշկական ապահովագրությունը և այլն։ Ավելին. կան իրական մտավախություններ, որ շատ գործատուներ կարող են կրճատել աշխատավարձերի չափերը, այնքան, որքան հնարավոր կլինի տնտեսել եկամտահարկի նոր դրույքաչափերի պայմաններում։
• Նվազագույն աշխատավարձի բարձրացում։
Այս քայլի առանձնահատկությունների և հնարավոր հետևանքների վերլուծությունը լավագույնս արել է Վաչե Գաբրելյանը։ Խորհուրդ կտամ ուշադիր կարդալ։
• Իշխանության առանձին ներկայացուցիչների աշխատավարձերի բարձրացում՝ նախարարներ, փոխնախարարներ, տարբեր պետական մարմինների ղեկավարներ և այլն։
Դա նշանակալից գործոն է կոռուպցիայի դեմ պայքարում, բայց առաջանում են այլ տիպի լուրջ հարցեր. ինչպե՞ս է դա արվել և ինչպե՞ս է ներկայացվել հանրությանը։ Սա պետական մտածողության տեսակետից նույնքան կարևոր է, որքան կոռուպցիայի դեմ պայքարը՝ ինքնին։ Ի վերջո, նման մեթոդը նույնպես կոռուպցիայի դրսևորում է։
• Տեղի չի ունեցել գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում։
Բայց այդպես էլ անհայտ է մնում՝ ո՞վ և ի՞նչ ռեսուրսներով է վճարում գազի համար 165 դոլարը, որքա՞ն ժամանակ կարող է նման վիճակը չանդրադառնալ բնակչության կողմից վճարվող սակագնի վրա։ Չկան նաև հստակ պայմանավորվածություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասկանալ տնտեսվարող սուբյեկտների համար էներգակիրների սակագների երկարաժամկետ պայմանները։
• Բյուջետային բավական բարձր մուտքերը.
Անշուշտ պետք է նկատի ունենալ, որ դրանց մի մասն ունի ժամանակավոր, մի մասն էլ՝ «տոքսիկ» բնույթ։ Հասկանալի է, որ պետական եկամուտների շատ աղբյուրներ 2020 թվականին չեն ունենալու նույն ծավալները, ինչ 2019-ին։ Անհրաժեշտ է հասկանալ՝ նախատեսվող լրացուցիչ մուտքերը պետական բյուջե պայմանավորված են լինելու երկրում տնտեսական և ներդրումային ակտիվությա՞մբ, թե՞ գործող դրույքաչափերի բարձրացմամբ, ինչպես նաև նոր ակցիզային հարկերի, մաքսատուրքերի, տեղական և այլ հարկերի ավելացմամբ։
• Միջազգային կառույցներից նոր վարկեր և բոնդերի թողարկում.
Զուգահեռ նկատվում է մտահոգիչ հակասություն. ՀՀ կառավարությանը վարկեր տվող միջազգային ֆինանսական կազմակերպությունները և կոնսորցիումները հրապարակում են Հայաստանի մասին դրական հաշվետվություններ և զեկույցներ։ Միևնույն ժամանակ՝ մասնավոր ինվեստիցիոն բանկերը և ֆոնդերը, հակառակը, արձանագրում են Հայաստանում ներդումային միջավայրի խնդրահարույց լինելը և համակարգային խնդիրների առկայությունը։ Սա իր հերթին բերում է նրան, որ մասնավոր հատվածի համար արտաքին փոխառությունները շարունակում են մնալ բավական թանկ։
• Ավելացված արժեքի հարկի վերադարձելիությունը տնտեսվարողներին
Դեռևս պարզ չէ, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենա այս քայլը՝ այնպես, ինչպես և վարկային համաներման դեպքում, որն առայժմ խիստ անհասկանալի ազդեցությամբ քայլ է։ Առ այսօր հասկանալի չէ և արված չէ մանրակրկիտ վերլուծություն, թե ի՛նչ շահեց կառավարությունը և ի՛նչ ստացան սրա արդյունքում ՀՀ քաղաքացիները այսպես կոչված «վարկային համաներման» արդյունքում։
• Երևանի իշխանություններին հաջողվեց բարելավել քաղաքում աղբահանության խնդիրը։
Սա՝ քաղաքացու աչքերով։ Միևնույն ժամանակ՝ պետությունն ինքը հայտնվեց խոշոր արբիտրաժային պատժամիջոցների վտանգի առաջ՝ Սանիթեկի հետ հարաբերությունների պատճառով։ Մյուս կողմից, ստեղծելով խոշոր համայնքային ձեռնարկություն և «կամազները» նվեր ստանալով մենք, կարծես թե, ստեղծել ենք առավելագույնս անարդյունավետ մոդել, որը հեռանկարում անընդհատ համակարգային խնդիրներ է ստեղծելու։
• Համահայկական խաղերի անցկացումը Արցախում։ Բացառիկ կարևորության միջոցառում, որը պլանավորված է եղել տարիներ առաջ։
Ցավոք, այն նշանավորվեց նաև ՀՀ իշխանությունների կողմից Արցախի հարցի էմոցիոնալ և վիճահարույց ձևակերպումների հրապարակմամբ։
• ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում
Իր հեռանկարային պոտենցիալով կարևորագույն այս միջոցառումը, սակայն, հայ հասարակության և քաղաքական մտքի համար կարևորվեց Պուտինին ընդունել-ճանապարհելու պրոտոկոլային հարցերով, զրահապատ միկրոավտոբուսում սելֆիով և Պուտինի ու Բելլա Քոչարյանի հանդիպումով։
• Հայկական ավիաշուկայում բյուջետային Ռայընէյրի հայտնվելը.
Անհասկանալի են պայմանները և հնարավոր պրեֆերենցիաները։ Մտահոգում է այն փաստը, որ այդ ավիաընկերությանը տրվել են երաշխիքներ և խոստումներ՝ որոշակի արտոնությունների վերաբերյալ, դեռևս նախքան անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։ Անհասկանալի է, թե ի՛նչ ծավալի ուղևորափոխադրումների հաշվարկով է վերակառուցվում Գյումրիի օդանավակայանը, եթե լոուքոսթերներն իրենց չվերթներն իրականացնելու են Երևանից։ Այս համատեքստում Ryanair-ին ավելացավ Wizzair-ը, կրկին՝ Երևանից։ Սրանք հեռանկարում կարևոր հարցեր են։
• Սահմանադրական դատարանի որոշումները.
Շատերին կարող է տարօրինակ թվալ սա որպես ձեռքբերում նշելը, բայց եթե կարողանանք մի պահ հեռու մնալ հարցի քաղաքականացումից և խորամուխ լինենք ՍԴ մեկ տարվա գործունեության մեջ, ապա կարձանագրենք կարևորագույն փաստ՝ ՍԴ անկախությունը և նրա գործունեության բացառիկ կարևորությունը երկրի իրավական զարգացման հեռանկարում։
Հասկանալի է, որ իմ կողմից ոչ բոլոր հանգամանքներն ու փաստերն են վերհանվել և ուսումնասիրվել։ Բայց նույնիսկ միայն նրանք, որոնք ես նշեցի, տպավորություն են ստեղծում, թե կառավարության շատ հաջողություններ տեղի են ունենում՝ անկախ կառավարության կամքից, նախապես պլանավորված չեն և մանրամասն մշակված չեն։ Դրանցից շատերը դուք չեք գտնի նաև հունվարին հաստատված՝ կառավարության ծրագրում։ Հախուռնությունն ու անկանխատեսելիությունը, տնտեսական պոպուլիզմը դառնում են իրական մարտահրավեր մեր երկրի տնտեսական կայունության համար։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է.
ա/ կենտրոնանալ այնպիսի քայլերի վրա, որոնք կներգրավեն ներդրումներ, այլ ոչ թե կբերեն հակառակին՝ զգուշավորությանը (բանկային գաղտնիքի թուլացում, հարկերի ավելացում, դատական իշխանության հետ մանիպուլյացիաներ, առանց դատական վճռի՝ գույքի բռնագրավման պլաններ, էներգետիկ սակագների անորոշություն, քրեական գործերի հարուցում՝ նոր գործարկվող նախագծերից անմիջապես հետո, և այլն):
բ/ խթանել բնակչության եկամուտների իրական աճը, ինչը կբերի սպառման աճին և սպառողական վարկավորման տեսանկյունից՝ բանկային ռիսկերի թուլացմանը։
գ/ ակտիվորեն իրականացնել կապիտալ ներդրումներ պետական ծրագրերով՝ տրանսպորտային և սոցիալական նոր ենթակառուցվածքների ստեղծում և հների վերակառուցում, Սևանի շուրջ բնապահպանական ծրագրեր և այլն։
դ/ ձեռնարկել նոր խոշորամասշտաբ և համակարգաստեղծ զարգացման նախագծեր, որոնց մասին ես արդեն առիթ եմ ունեցել խոսելու իմ նախորդ հրապարակումների մեջ։
Արմեն Գևորգյան,
ՀՀ նախկին փոխվարչապետ