Արմեն Գևորգյան. Ճանապարհը՝ պետական պոպուլիզմից դեպի արդար պետություն
Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադառնում է հանրության կյանքում պետության տեղի և դերի մասին հարցերի, արդար պետության մասին հանրության պատկերացումներին, ինչպես նաև պետական համակարգում առկա պոպուլիզմին։ Հեղինակը նաև ներկայացնում է դեպի արդար պետություն տանող ուղիներ։
Պետականի և հասարակականի միջև սահմանն այսօր ինտենսիվորեն քայքայվում է։ Տարբեր երկրներում այդ գործընթացի ձևերն ու արագությունն ունեն առանձնահատկություններ՝ կախված տվյալ երկրի պետականության պատմությունից, բարեկեցության մակարդակից, կրոնից և այլն։ Հետևաբար՝ այս գործընթացի հիմքում ընկած պատկերացումները՝ հանրության կյանքում պետության տեղի և դերի մասին, բոլորը յուրահատուկ են և ունեն տվյալ երկրին հատուկ հիմք։
Այդպիսի գործընթացի առաջնային պատճառը կարելի է համարել մարդու ինտելեկտուալ զարգացման ժամանակակից մակարդակը, որը նրան թույլ է տալիս առավելագույնս վերանալ իրականությունից և ստեղծել ապագայի (ընդ որում՝ ոչ միայն անհատական ապագայի) վերաբերյալ սեփական պատկերը։ Բավական չէ, որ ներկայումս մարդը դա կարող է անել անհատական մակարդակում․ սոցիալական ցանցերն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս՝ այդ պատկերացումներով կիսվելու և վիրտուալ միջավայրում համախոհներ ու աջակիցներ գտնելու։ Այս գործընթացները հանգեցնում են երկխոսության նոր ձևաչափի ձևավորմանը՝ մի կողմից՝ իշխանության, որ ներկայացնում է պետությունը, մյուս կողմից՝ հասարակության միջև։ Պետությունն իր քաղաքացիների ցանկությունները, տրամադրություններն ու պատկերացումները ուղիղ լսելու և տեսնելու եզակի հնարավորություն է ստացել։ Պետության համար օրեցօր ավելի ու ավելի դժվար է դառնում չնկատել այս տրամադրությունները՝ արտահայտված հազարավոր անձնավորված «հավանումներով» կամ «չհավանումներով»։ Այդ իսկ պատճառով՝ ավելի ու ավելի դժվար է հասկանալ, թե որտեղ և ինչպես են ձևավորվում երկրի առջև ծառացած մարտահրավերները, զարգացման գերակայությունները՝ պետական ինստիտուտներո՞ւմ, թե՞ սոցիալական ցանցերում։
Սոցցանցերի և հաղորդակցության նոր միջոցների զարգացումը նաև հանգեցրել են նրան, որ խախտվել է քաղաքական իրադարձությունների սեզոնայնությունը և, ընդհանուր առմամբ, դրանց տրամաբանությունը: Արդյունքում՝ ներկայումս բախվում ենք մի իրականության հետ, երբ տրամադրություններն ու գործընթացները, որոնք սովորաբար ձևավորվում ու զարգանում էին նախընտրական քաղաքական փուլերում, այժմ առկա են քաղաքական գործընթացների յուրաքանչյուր ակնթարթում։ Ընդ որում, այդպիսի տրամադրությունները, որպես կանոն, ձևավորում ու զարգացնում են հենց իշխանության ներկայացուցիչները՝ այդպիսով ընդդիմության ձեռքից խլելով վերջինիս «հացը»։ Դրա մասին է վկայում նաև իշխանությունների պատրաստակամությունը՝ փոխել իրենց որոշումներն ու հետաձգել ոչ այնքան պոպուլյար, բայց՝ անհրաժեշտ բարեփոխումներն ու ծրագրերը՝ բավարարելու համար, ընդհանուր առմամբ, իրենց իսկ կողմից սոցիալական ցանցերի միջոցով ձևավորված հասարակական տրամադրություններն և պատկերացումները։ Արդյունքում կորչում է հետևողականությունը, ուժեղանում է անորոշության զգացումը, աճում է անկայունության տարրը, և արագանում է պետական կառավարման ավանդույթների քայքայումը։ Ձևավորվում է պետության զարգացման խեղաթյուրված օրակարգ։
Կա երկու գործընթաց, որոնց միջև ճիշտ հավասարակշռության պահպանումը կարող է ապահովել ցանկացած ժամանակակից պետության զարգացումը․
- Պետությունը պետք է ամեն դեպքում փորձի չդառնալ սոցիալական ցանցերի գերին, քանի որ այնտեղ հաճախ կարող են ձևավորվել կեղծ միտումներ և երկրի զարգացման համար ոչ ամենաակտուալ օրակարգը։
- Աշխարհում նկատվում է միտում, երբ պետությունն ինքն է սոցիալական ցանցերի միջոցով ձևավորում հասարակական տրամադրություններն ու սպասումները, այլ կերպ ասած՝ սոցցանցերը դառնում են պետական քաղաքականության իրականացման մեխանիզմ։
Հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները բերել են նրան, որ շատ մարդկանց մոտ փոխվել են պետության հետ իրենց հարաբերությունների մասին պատկերացումները։ Այդ պատկերացումների մեծ մասը հիմնված են իռացիոնալ դատողությունների և ձգտումների վրա: Շատերը ելնում են նրանից, որ կոնկրետ մարդու ամենօրյա կյանքում պետության ներկայությունը պետք է հասցվի նվազագույնի։ Մյուսները կարծում են, որ պետությունը պետք է ավելի ու ավելի հաճախ հաշվի նստի իրենց կարծիքի հետ, որը իրենք արդեն կարող են պարբերաբար հանրայնացնել։ Ընդ որում, այդ միտումներն ուղղակիորեն կախված են տվյալ երկրում առկա բարեկեցության մակարդակից։ Օրինակ, առաջին միտումը ավելի շատ դրսևորվում է զարգացած երկրներում, իսկ երկրորդը՝ այն երկրներում, որտեղ դեռևս ընթացքի մեջ են այսպես կոչված անցումային շրջանի գործընթացները։ Միաժամանակ, վերլուծելով ժամանակակից քաղաքագիտական, սոցիալ-հոգեբանական, տնտեսական և իրավական գրականությունը, դժվար չէ նկատել, որ աշխարհում քաղաքական միտումները ուսումնասիրելիս շատ հեղինակներ մեծ ուշադրություն են դարձնում պոպուլիզմ երևույթի վրա։ Ըստ իս՝ ժամանակակից քաղաքական պոպուլիզմը սոցցանցերի վիրտուալ աշխարհում քաղաքական գործիչների ինքնադրսևորման իռացիոնալ ձևն է, այդ ցանցերի հետ փոխգործակցության յուրօրինակ ձևաչափը:
Պետությունների ժամանակակից մոդելներն ուսումնասիրելիս (վերջին հարյուրամյակների կտրվածքով) թվում է, թե մարդկությունն անցել է իր ինքնակազմակերպման բոլոր հնարավոր ձևերը, և դժվար է սոցիալական հարաբերությունների կառուցման համար նոր գաղափարախոսություն պատկերացնել: Սակայն աշխարհում և մեր երկրում վերջին տասնամյակի ընթացքում իրադարձությունների զարգացումը, ինձ թվում է, բարենպաստ պայմաններ ստեղծեց այնպիսի երևույթի ի հայտ գալու և կայուն զարգացման համար, ինչպիսին պետական պոպուլիզմն է:
Պոպուլիզմը մինչև վերջերս ասոցացվում էր ոչ իշխանական քաղաքական ուժերի և միությունների հետ, դասվում էր վերջիններիս բացառիկ գործիքակազմի շարքին, կամ կապվում էր կառավարման այնպիսի համակարգերի հետ, որոնք ենթադրում էին պետության կառավարման ժողովրդավարական մեխանիզմների սահմանափակում։ Սակայն կապի ժամանակակից տեխնոլոգիաների ու սոցցանցերի շնորհիվ ավելի ու ավելի հաճախ են պոպուլիստական ուժերը իշխանության գալիս և սկսում պետություններ ղեկավարել։ Այս տեսանկյունից ֆորմալ առումով պետական պոպուլիզմը կարելի է բնութագրել որպես պոպուլիստների կողմից պետական իշխանության ինստիտուտների միջոցով՝ խորհրդարաններ, կառավարություններ, նախագահներ, սեփական գաղափարների իրականացում։
Ի դեպ, որքան էլ տարօրինակ թվա, բայց պոպուլիզմի նկատմամբ առավել դիմացկունն ու պակաս խոցելին դատական համակարգի մարմիններն են։ Դատական մարմինների ձևավորման ու գործունեության մեխանիզմները, ինչպես նաև դրանց անկախության երաշխիքները զգալիորեն տարբերվում են նրանից, ինչ տեղի է ունենում օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ։ Այս իմաստով, այսօր մի շարք երկրներում դատական իշխանությունը ստանձնում է լրացուցիչ գործառույթ՝ իրավունքի համընդհանուր ընդունված նորմերի հստակ պահպանման և մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանման միջոցով իշխանության այլ ճյուղերին զսպում և հետ է պահում անդառնալի պոպուլիզմից ու սոցիալական հարաբերությունների քաղաքակիրթ նորմերի փլուզումից։ Պատահական չէ, որ այն երկրներում, որտեղ բացարձակ իշխանություն են ստանձնում ժամանակակից պոպուլիստները, նրանց համար դատական համակարգի ինքնուրույնության սահմանափակումը դառնում է հիմնական առաջնահերթություններից մեկը։ Սա բացատրվում է նրանով, որ անկախ դատարանները հանդիսանում են այն միակ պետական մեխանիզմը, որը կարող է և պետք է կանգնեցնի իշխանությունների բացահայտ ոչ օրինական և հակասահմանադրական ձգտումները, ծրագրերն ու գործողությունները։ Դատական իշխանության նկատմամբ վերահսկողության սահմանումը մեկ մարդու, մարդկանց խմբի կամ կոնկրետ ընտանիքի կողմից բռնապետական իշխանության հաստատման ճիշտ ճանապարհն է։
Պետական պոպուլիզմի ի հայտ գալուն նախորդում է ավանդական քաղաքական էլիտաների և ընտրողների միջև առճակատումը։ Պոպուլիզմի գաղափարներ քարոզող քաղաքական ուժը, որպես կանոն, իշխանության է գալիս պետական իշխանության մարմինների ձևավորման ավանդական պատկերացումների և կարգերի էական խախտումների միջոցով։
Այն մարդկանց կամ մարդկանց թիմի մոտ, որոնց համար բացակայում են պատմականորեն ձևավորված քաղաքական մշակույթը, ավանդույթներն ու գաղափարները, ակամայից գերակշռում է պոպուլիզմը, քանի որ նրանք ձգտում են ուղիղ երկխոսության մեջ մտնել ոչ թե ամորֆ ընտրողի, այլ՝ քաղաքացու հետ, որին հնարավոր է դիմել ուղիղ, ստանալ վերջինիս ուղղակի հավանությունը կամ հիասթափությունը, հետևել ոչ թե երկարաժամկետ նպատակներին և մարտահրավերներին, այլ՝ ընթացիկ տրամադրություններին ու ցանկություններին։ Սա բերում է միայն կարճաժամկետ արդյունքների և հաջողության, հանգեցնում է իշխանությունների կողմից ոչ հետևողական աշխատանքի: Պոպուլիզմի համար կարևոր է ստեղծել մարդկանց, հասարակ քաղաքացու համար իշխանության հասանելիության՝ հիմնականում հարաբերական պատրանք։ Ընդգծում եմ, հարաբերական հասանելիություն պատրանք․ «ահա, ես եմ իշխանությունը, իշխանությունը իմ տեսքով պատկանում է ձեզ, ժողովրդին»։ Եվ այս խնդիրը նույնպես լուծվում է սոցցանցերի միջոցով։ Հետևաբար՝ որոշակի վստահությամբ կարելի է պնդել, որ ժամանակակից պետական պոպուլիզմը սոցիալական ցանցերի և հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների արդյունք է։
Պոպուլիստների համար ևս մեկ բնական հակառակորդ են հանդիսանում իրենց ոչ ենթակա ԶԼՄ-ները։
ՊԵՏԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ
Խոստումներ և ծրագրեր, որոնք հաճախ ձևավորվում են ոչ թե պատմական նախադրյալների և անհրաժեշտության հիման վրա, այլ՝ հանուն ընթացիկ գործընթացների, տրամադրությունների և ցանկությունների, զարգացման օրակարգ՝ կառուցված նախորդ իշխանության աշխատանքի արդյունքները նսեմացնելու, նրանց պատժելու հիմքով, կեղծ բարեփոխումներ և կեղծ արդարադատություն։
Գաղափարակիցների անարդյունավետ թիմ, որը, որպես կանոն, գրեթե չունի պետական աշխատանքի փորձ, սակայն ավելի շատ ունի հասարակական հատվածում աշխատանքի փորձառություն, թիմ, որն ավելի շատ կողմնորոշված է դեպի արտաքին ուժեր և արտաքին գործընկերներ․ կեղծ թիմ և կեղծ գործընկերներ։
Սոցիալական ցանցերը՝ որպես հաղորդակցության մեխանիզմ, ԶԼՄ-ները վերահսկողության տակ պահելու ձգտում, կեղծ լիբերալիզմ, կեղծ հանդուրժողականություն։
Քաղաքական գործիչները պետք է հասկանան՝ սոցիալական ցանցերը հավասարապես կարող են օգնել և՛ իշխանության գալ, և՛ կորցնել այն։ Սոցցանցերը կարող են փոխարինել իրական աշխարհը վիրտուալ աշխարհով, կեղծ իրականությամբ, դրանք կարող են նվազեցնել քաղաքական գործիչների ադեկվատության մակարդակը։ Պետք է գտնել քաղաքական գործիչների՝ սոցցանցերից իռացիոնալ կախվածության մակարդակը նվազեցնելու ճիշտ լուծումը և խուսափել սոցցանցերից կախված պետական գործիչների սերնդի ձևավորման հեռանկարից։ Պետք է կանգնեցնել այն գործընթացը, երբ ադեկվատ քաղաքական ու պետական գործիչները և՛ս սոցցանցերի և պոպուլիզմի ազդեցության տակ կորցնում են սեփական ողջամտությունը, անհատականությունն ու բարեխղճությունը։
Ակնհայտ է նաև, որ դեռևս մարդկությունը չի գտել մարդկանց համակեցության կազմակերպման ավելի ռացիոնալ ձև, քան պետությունն է: Միևնույն ժամանակ պատրաստ չէ հրաժարվել սոցցանցերից և հաղորդակցության ժամանակակից միջոցներից։ Նման իրավիճակում ցանկացած երկրի համար հարկավոր է գտնել սոցիալական առաջընթացի այս ինստիտուտների զարգացման օպտիմալ ձևաչափերը։ Չլինելով սոցցանցերի հարցում մասնագետ՝ կուզենայի կանգ առնել ժամանակակից պետության մասին իմ պատկերացումների վրա։ Այս դեպքում նույնպես կարող եմ ասել, որ մարդկության զարգացման ժամանակակից միտումները հանգեցրել են նրան, որ ձևավորվել է նոր տիպի պետության հրամայականը։ Խոսքը ոչ թե ուժեղ կամ ամուր պետության, այլ՝ արդար պետության մասին է։ Ուժեղ և ամուր պետությունն արդեն նույնականացվում է ավտորիտարիզմի, մարդու հասարակական-տնտեսական գործունեության բոլոր ոլորտների առավելագույն պետական վերահսկողության, երբեմն՝ պետական շահի նկատմամբ անհատական և հասարակական շահի ստորադասման ժամանակաշրջանի հետ։ Ուժեղ պետությունը անցյալի մոդելն է, արդար պետությունը՝ զարգացման մոդելը:
Նկարագրված ժամանակակից հասարակական տրամադրությունների և պետության մասին պատկերացումների շարքից միակ բացառությունը այն իրավիճակն է, երբ պետական պոպուլիզմի վայրիվերումներով անցած երկրում օբյեկտիվորեն կարող է ձևավորվել նախ և առաջ խիստ կազմակերպված պետություն ունենալու պահանջարկ և անհրաժեշտություն։
Կարելի է առանձնացնել արդար պետության երեք հիմնական գործառույթ, որոնց շուրջ երկրի բոլոր ադեկվատ հասարակական-քաղաքական ուժերին կոչ եմ անում երկխոսություն սկսել․
պետությունը՝ որպես կարգավորող մարմին,
պետությունը՝ որպես կարգի պահապան
պետությունը՝ որպես գործատու
Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանի զարգացումները՝ առաջարկում եմ սկսել «պետության՝ որպես գործատուի» գործառույթից։
Շատերի համար կարող է տարօրինակ և ինչ-որ տեղ անհասկանալի թվալ հարցի նման ձևակերպումը, քանի որ կենցաղային մակարդակում մենք գործատուին ավելի շատ ասոցացնում ենք մասնավոր հատվածի հետ։ Բայց իրականում, եթե ելնենք բացառապես աշխատավարձերի ֆինանսավորման աղբյուրներից, ակնհայտ է, որ աշխատավարձերի համար ֆինանսների ամենամեծ մասնաբաժինը դուրս է գալիս պետական բյուջեից, հետևաբար՝ պետությունը կարելի է համարել Հայաստանի ամենախոշոր գործատուն։ Պետությունը աշխատանքի է ընդունում, աշխատանքից հեռացնում, աշխատավարձ վճարում ուսուցիչներին, բժիշկներին, պետական ծառայողներին, զինվորականներին, իրավապահ համակարգի աշխատողներին և շատ այլ շրջանակների անձանց։ Ընդհանուր առմամբ՝ պետության շնորհիվ Հայաստանում ուղղակի աշխատանքով են ապահովված հարյուր հազարավոր մարդիկ։
Պետական կառույցները միշտ հանրային գիտակցության մեջ ընկալվել են որպես գործազրկության խնդրի հաղթահարման հնարավորություն՝ աշխատավարձերի և հաստիքների ավելացման միջոցով, հատկապես՝ կրթական, առողջապահական հաստատություններում և սոցիալական նշանակության կազմակերպություններում։ Կարելի է փաստել, որ պետությունը վերջին 15-20 տարում միշտ փորձել է գտնել գործազրկության կրճատման և համապատասխան հաստատություններում աշխատանքի որակի բարելավման խնդիրների օպտիմալ լուծում: Սա հատկապես եղել և մնում է արդիական՝ դպրոցների և առողջապահական հաստատությունների պարագայում։ Այստեղ միշտ առաջանում է առաջնահերթության հարցը․ ի՞նչն է ավելի կարևոր՝ ապահովել կրթության կամ առողջապահական ծառայությունների պատշաճ որա՞կ, այդ թվում՝ ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերի և նրանց որակավորման բարձրացման միջոցով, թե՞ լուծել սոցիալական բնույթի խնդիր՝ պահպանելով բնակչության զբաղվածությունը։ Ինչպես ցույց են տալիս երկրում տեղի ունեցող վերջին գործընթացները, այս խնդրի լուծման համար համապատասխան կամք դրսևորելու համարձակությունը չէր բավարարում ո՛չ միայն նախկին, այլև ներկայիս պոպուլիստական, «ժողովրդական» իշխանություններին։
Միաժամանակ պետությունը, ի դեմս Կառավարության, ի տարբերություն այլ գործատուների, ինքն էլ աշխատանքի է վերցված հասարակության կողմից, որպեսզի համապատասխան ծառայություններ մատուցի։ Հենց այս համատեքստում միշտ ի հայտ է գալիս քաղաքական նպատակահարմարության հարցը, օրինակ՝ դպրոցների, բժշկական, մշակութային և սպորտի հաստատությունների փակումը՝ նրանց աշխատանքի անարդյունավետության կամ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Սակայն ի տարբերություն մասնավոր գործատուների, պետությունը նման դեպքերում պարտավոր է բացատրություն տալ, նախօրոք տեղեկացնել հասարակությանը, ինչու չէ, նաև՝ համոզել իրենց որոշումների ճշմարտացիությունն ու նպատակահարմարությունը նրանց, ովքեր իրենց աշխատանքի են ընդունել, այսինքն՝ համապատասխան քաղաքների և գյուղերի բնակիչներին։ Ընդ որում, նման հարցերում երբեք չի կարելի հույսը դնել վարկանիշի վրա, դրանք շատ անհատական և նուրբ հարցեր են։
Պետության՝ որպես գործատուի գործառույթի քննարկման մյուս ասպեկտը Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումն է։ Ուշադրություն դարձրեք Հայաստանում առկա մեծ թվով բուհերի և այն մասնագիտությունների ցանկի վրա, որոնք վերջիններս դասավանդում են։ Որպես գործատու՝ պետությունը պետք է նաև վստահ լինի, որ իր աշխատանքը շուկայում պահանջարկ ունի։ Պատկերացրեք մասնավոր արտադրողի, որն արտադրում է ապրանք կամ մատուցում ծառայություններ, որոնք շուկայում պահանջարկ չեն վայելում։ Այդպիսիք կսնանկանան և կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Այդպես էլ պետությունը պետք է հասկանա, օրինակ, թե երկրին ինչ ուղղվածության ու ինչ քանակի մասնագետներ են հարկավոր, նպատակաուղղված պատրաստի վերջիններիս և դուրս բերել աշխատաշուկա։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպիսին է պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը, այսինքն` ինչպիսին է ապագա մասնագետների որակը, մեզ պետք է անհանգստացնի, թե որքանով են բուհերում ծրագրերը, ուսման որակի վերահսկման մեխանիզմները, ուսուցման գործընթացը համապատասխանում ժամանակակից միջազգային ստանդարտներին և մոտեցումներին։ Փոխարենը՝ մեր երկրում, որտեղ օբյեկտիվորեն շարունակվում են օրակարգային մնալ ազգային ինքնության, ազգային մշակույթի ինքնաբավության և ավանդույթների պահպանման խնդիրները, քննարկվում են բուհերում հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմության դասավանդումը սահմանափակելու հարցերը։
Ինչո՞ւ եմ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում բուհերի վրա։ Միայն այն պատճառով, որ մենք արդեն կորցնում ենք տարածաշրջանում մեր պայմանական մրցակցային առավելություններից մեկը՝ Հայաստանի ճանաչումը, որպես բնակչության կրթական բարձր մակարդակ ունեցող երկիր, որի ամենամեծ արժեքը որակյալ մարդկային կապիտալն է։
Չխորանալով մանրամասների մեջ՝ առաջարկում եմ առանձնացնել ևս մի քանի թեմա և հարց՝ պետության՝ որպես գործատուի գործառույթի օպտիմալությունը հասկանալու նպատակով։
Պետությունը վատ գործարար է։ Սա աքսիոմ է, հետևաբար՝ շատ կառավարություններ վարում են տարատեսակ ծառայությունների մատուցման և արտադրական գործունեության հարցում պետական ներգրավվածությունը նվազեցնելու քաղաքականություն: Որքանո՞վ է այս միտումը պահպանվում Հայաստանում ո՛չ միայն պետության, այլև՝ տեղական ինքնակառավարման մարմինների, հատկապես՝ խոշոր քաղաքների մակարդակում։ Օրինակ՝ Երևանում նոր համայնքային ձեռնարկությունների ստեղծումը, որոնց մատուցած ծառայությունները կարող են մատուցել նաև մասնավոր ձեռնարկությունները։ Արդյո՞ք դա նպաստում է բարենպաստ մրցակցային և ներդրումային միջավայրի, կոռուպցիայի դեմ պայքարի օպտիմալ պատկերացումներին։ Նախկինում մենք քննարկում էինք բիզնեսի առանձին ոլորտների հնարավորությունների կենտրոնացման կամ մենաշնորհային կարգավիճակի բացասական հետևանքները, այժմ մենք պետք է մտածենք պետության կողմից շուկայից մասնավոր ձեռնարկություններին դուրս մղելու հարցի մասին։ Պետությունը սկզբունքորեն չպետք է մրցի մասնավոր բիզնեսի հետ, եթե խոսքը բնական մենաշնորհների մասին չէ։
Պրոֆեսիոնալ և մանրամասն քննարկման առանձին և հատուկ թեմա պետք է լինեն պետական ծառայության հարցերը։ Ցանկացած արդյունավետ պետություն, նախևառաջ, դրսևորվում է իր պաշտոնատար անձանց ապարատով և նրանց՝ հանրային շահին ծառայելու ավանդույթներով: Սա մի թեմա է, որի շուրջ քննարկումները երբեք չպետք է դադարեն, պետական ծառայությունը հարկավոր է միշտ կատարելագործել և ամրապնդել։ Պետք է հասկանալ և ելնել նրանից, որ մարդկանց այս խմբին կամ ծառայության այս տեսակին հատուկ է պահպանողականությունը։ Հայաստանի պետական ապարատի նկատմամբ քննադատական վերաբերմունքի առկայությամբ հանդերձ՝ պետք է ընդունել, որ այն անցել է ձևավորման դժվար, բայց արժանի ճանապարհ: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի ժամանակակից պետական ծառայությունը ձևավորվել է հին՝ կուսակցական-տնտեսական խորհրդային կառավարման ապարատի փլուզման և լիբերալ, ժողովրդավարական արժեքներ կրող նոր սերնդի ձևավորման հանգույցում։ Միգուցե հենց այդ սիմբիոզն է ժամանակին թույլ տվել խուսափել պետական կառավարման մարմինների աշխատանքի ձախողումից և սկսել պետական ծառայության կայուն համակարգի ձևավորումը: Հենց այս անցումային ժամանակաշրջանի առանձնահատկությամբ կարելի է բացատրել պետական ծառայության անցնող շատ անձանց հանրային ընկալումներում և մոտիվացիայում գերակայող հետևյալ մոտեցումը․ պետական աշխատանքը սեփական բարեկեցությունը բարելավելու հնարավորություն է։ Ինչպե՞ս ենք փոխելու պետական աշխատողների աշխատանքում առկա այս կարծրատիպերն ու մոտեցումները։
Մեր նման երկրներում միշտ արդիական կլինի հարցը, թե պետությունը ավելի շատ ո՞ւմ համար պետք է հոգ տանի և ստեղծի աշխատանքի համար առավելագույն հարմար պայմաններ․ պետական ծառայողների՞, ուսուցիչների՞, բժիշկների՞, թե՞ զինվորականների համար։ Ժամանակակից բյուրոկրատիայի զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ մեծ մասամբ պատասխանը սովորաբար պաշտոնյաների օգտին է։ Սակայն այս իրավիճակը ունի օբյեկտիվ բացատրություն։ Նախ՝ խաղի կանոնները միշտ մշակում և ներկայացնում են պաշտոնյաները։ Երկրորդ, պաշտոնյաները ծառայության բնույթով պայմանավորված, միշտ պարտավոր են մտածել այլոց մասին, հետևաբար պատասխանատվության մակարդակը և նրանց պարտականությունների ծավալը շատ ավելի մեծ է։ Հայաստանում, բացի պաշտոնյաների, հատկապես նրանց վարձատրության համար պատշաճ աշխատանքային պայմաններ ձեռք բերելու օբյեկտիվ խնդիրներից, առկա է նաև հարցի բարոյական կողմը․ երկրում իշխանությունները միշտ պաշտոնյաների աշխատավարձերի մակարդակը կապել են զինծառայողների աշխատավարձի մակարդակի հետ։ Դրանք հանդիսացել են մեկը մյուսին պայմանավորող գործոններ։ Պե՞տք է արդյոք, որ այսուհետ ևս աշխատի այս զսպող գործոնը։
Վերջնական որոշում պետք է գտնվի նաև պետական պաշտոնյաների, առաջին հերթին՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար որոշ լրացուցիչ երաշխիքների կամ աշխատանքային պայմանների վերաբերյալ հարցերի շուրջ։ Խոսքը սոցիալիստական դարաշրջանից պահպանված այնպիսի երևույթների մասին է, ինչպիսիք են հսկայական թվով ծառայողական մեքենաները, պետական առանձնատները և ամառանոցները, պաշտոնյաների պաշտպանության կազմակերպման համակարգը և այլն:
Փոքրիկ Հայաստանում պետք է գտնել ավելի գործուն մեխանիզմներ և նորմեր, որոնք կկարգավորեն ծանոթների և բարեկամների՝ պետական ծառայության անցնելու խնդիրը։ Հենց այս վերջին խնդրի համատեքստում հարկավոր է հմտորեն պայքարել այն արմատավորված ավանդույթի դեմ, երբ խնդիրները լուծվում են նախ և առաջ ծանոթների և հարազատների միջոցով, հետո միայն՝ պաշտոնական խողովակներով և կանոններով, ինչպես նաև նորմալ են համարվում բացի պաշտոնական աշխատավարձից միշտ լրացուցիչ «կողմնակի» եկամուտ ունենալը։
Շատերին կարող է տարօրինակ թվալ իմ հաջորդ հարցադրումը․ որքանո՞վ են սոցիալական ցանցերը արդյունավետ ազդում պետական պաշտոնյաների գործունեության վրա։ Սակայն գործատուի տեսանկյունից այս հարցը բավականին ակտուալ է՝ հաշվի առնելով այն, թե որքա՞ն ժամանակ են պետական ծառայողներն անցկացնում սոցցանցերում, արդյո՞ք դա աշխատանքային ժամերի հաշվին է տեղի ունենում, ինչպե՞ս են սոցցանցերն ազդում գործադիր կարգապահության, պետական ծառայողների աշխատանքի արդյունավետության, պաշտոնյաների աշխատանքի կազմակերպման և մոտիվացիայի շատ այլ հանգամանքների վրա։ Այս հարցերի ի հայտ գալը նույնպես ժամանակակից միտումների և գործընթացների հետևանք է, առավել ևս, որ երկրի ղեկավարությունը սոցցանցերում իր ակտիվ վարքագծով խրախուսում է նաև մյուսներին։ Ինչպե՞ս սահմանազատել ծառայողական, անձնական և սոցիալական ժամանակը, որտե՞ղ է անցնում ժամանակակից մարդու համար ծառայողական, անձնական և սոցիալական տարածքի սահմանը։
Վերջապես վերջին ասպեկտը, որի մասին պետք է մտածել և ձևավորել դրական ավանդույթներ, այն է՝ երբ պետությունն ինքն է մյուսների համար հանդես գալիս որպես արդար, հոգատար ու կանխատեսելի գործատուի օրինակ և նմուշ։ Գործող օրենսդրության նորմերի պահպանումը, հարգանքը պետական աշխատակիցների իրավունքների նկատմամբ, արժանապատիվ ծառայության համար պայմանների ստեղծումը, սրանք նաև լրացուցիչ երաշխիքներ են, որ պետական ապարատը աշխատի հավատարմորեն և նվիրված։
Հետագայում նաև «Պետությունը որպես կարգավորող» և «Պետությունը որպես կարգի պահապան» բաժինների համար ունիվերսալ բնույթի խնդիրներ կցանկանայի առաջարկել որոշ ընդհանուր թեմաներ․
1. Ինչպե՞ս պետք է պետությունն առնչվի գործազրկության և զբաղվածության խնդրին: Անդրադառնալով այս բաժնի ամենաառաջին հարցին՝ արդյո՞ք պետությունը պետք է իր հիմնարկների միջոցով լուծի բնակչության զբաղվածության խնդիրը, կցանկանայի քննարկման առարկա դարձնել հետևյալ մոտեցումը․ գործազրկության խնդիրը լուծել՝ նշանակում է քաղաքացիներին մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռել՝ ուսուցչին՝ դպրոցում, բժշկին՝ հիվանդանոցում կամ պոլիկլինիկայում և այլն։ Իսկ բնակչության զբաղվածության հարցը պետք է դիտարկել ա՛յն քաղաքացիների սոցիալ-հոգեբանական կենսապայմանների բարելավման համատեքստում, որոնք, օբյեկտիվ պատճառներով չեն կարող ունենալ որակավորում պահանջող աշխատանք։ Մեր շատ քաղաքացիների համար զբաղվածությունը, նյութականից բացի, նաև սոցիալիզացիայի խնդիր է լուծում․ կոլեկտիվ մուտք գործելու հնարավորություն է, շփում, ամենօրյա հոգսերից և խնդիրներից ազատվելու միջոց: Ի՞նչ կարող է և պետք է անի պետությունը՝ զբաղվածության հարցի առավելագույնս արդյունավետ լուծման համար, օրինակ՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թեթև արդյունաբերությունը, ոսկերչությունը, գյուղատնտեսական վերամշակումը, որտեղ հնարավոր է նվազագույն ներդրումներով հասնել ավելի շատ աշխատատեղերի ստեղծման:
2. Կոռուպցիայի և լիազորությունների չարաշահման դեմ արդյունավետ պայքարի հարցը: Անհրաժեշտ է հստակ սահմանել կոռուպցիան ծնող բոլոր պատճառները և դրա դեմ պայքարի առավել ընդունելի ձևերը: Պետության` որպես գործատուի համար, իր գործառույթը կատարելիս պետք է որպես խնդիր առանձնացնել մոտիվացիայի հարցերը, հատկապես՝ աշխատավարձերի և կարիերայի աճի, պետական ծառայողների որակավորման բարձրացման առումով: Մյուս բոլոր ասպեկտներում ակտուալ են դառնում պետության կողմից խաղի ազնիվ, թափանցիկ և հասանելի կանոնների հաստատման, ինչպես նաև՝ բոլոր քաղաքացիների համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման հարցերը:
3. Հաշվի առնելով հասարակության մեծ մասի մոտ մշտական բացասական տրամադրությունները՝ կրթության և առողջապահական համակարգերի նկատմամբ, պետությունը՝ որպես գործատու, պետք է մտածի պետական կրթական և բժշկական հաստատություններում համապատասխան ծառայությունների մատուցման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին: Ի՞նչ պետք է արվի հանրային ծառայությունների որակից բնակչության գոհունակությունը բարձրացնելու համար: Արդյո՞ք բժշկական ապահովագրության նոր հարկի ներդրումը կփոխի իրավիճակը, որքա՞ն ժամանակ կշարունակվի ավագ դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու անարդյունավետ պրակտիկան, և ինչպե՞ս պետք է կառուցվի միջին մասնագիտական կրթության համակարգը:
Այստեղ ներկայացված են առաջարկներ, որոնք հարկավոր է քննարկել։ Դրանցից շատերը ոչ ստանդարտ են, կարող են հակասական արձագանքի արժանանալ։ Սակայն ավելի լավ է այդպես, քան այն կիսագողական բազարը, որ առկա է մեր երկրում։
Խնդրում եմ իմ առաջարկությունները և ձևակերպումներն ընդունել որպես շատ նախնական և ավելի մանրամասն ուսումնասիրություն պահանջող: Վստահ եմ, որ այստեղ գրվածը արդիական է ոչ միայն ներկայիս իշխանությունների, այլև՝ մեր երկրի ապագա կառավարությունների համար:
Հոդվածի ամբողջական տարբերակը ներկայացված է «Գոլոս Արմենիի» թերթում։