Արմեն Գևորգյան. Գիտակցված լոքդաունի փոխարեն՝ գիտակից կառավարություն
Երկու հանգամանք ինձ ստիպեց անդրադառնալ թեմային. Կառավարության ներկայացուցչի երեկվա հայտարարությունը՝ գիտակցված լոքդաունի անհրաժեշտության մասին, և իմ այցը Գեղարդ։
Արդեն բուն փաստը՝ ժողովրդին դիմել «գիտակցված լոքդաունի» կոչով, վիրուսի դեմ պայքարում կառավարության անկարողության ընդունումն է։ Գեղարդում (և բազմաթիվ այլ վայրերում) մարդկանց հոծ խմբերի առկայությունը վկայում է, որ բնակչությունը ձևականորեն է ընդունում իշխանության ուղերձները և առաջնորդվում է սեփական ցանկություններով ու պատկերացումներով։
Ակնհայտ է դառնում մեկ բան. երկրի բնակչությունը և կառավարությունը ապրում են տարբեր հարթություններում և առաջնորդվում են տարբեր սպասումներով և նպատակներով։ Եվ որպեսզի այս երկու սուբյեկտները բերվեն նույն կոորդինատային հարթություն, անհրաժեշտ է մտածող, գիտակից կառավարություն։
Ինչո՞ւ է ժողովուրդն այդքան անպատասխանատու վերաբերվում համաճարակին։ Չմոռանանք, որ կառավարությունը գտնում է, թե հենց քաղաքացիների ոչ գիտակից վարքագծի պատճառով են վիրուսի տարածման տեմպերն այդքան բարձր։ Պատասխանը բավական պարզ է. մայիսի սկզբներին վերացնելով կարանտինը՝ կառավարությունը ելնում էր նրանից, որ յուրաքանչյուրը պետք է իր սեփական ռիսկի հաշվին աշխատի և ապրելու գումար վաստակի։ Ընդ որում, ինչը շատ կարևոր է, պետությանը վճարի հարկեր։ Սա առանցքային, շրջադարձային պահ էր կարանտինի կառավարման տեսանկյունից։ Ինչպե՞ս վարվեցին այլ կառավարությունները. օրինակ Վրաստանում կառավարությունն ասաց. մենք վերցնում ենք ձեր կենսագործունեության ծախսերը մեզ վրա, ժամանակավորապես չենք պահանջում մուծել հարկերը, բայց դուք բոլորդ պարտավոր եք պահպանել խիստ կարանտին։ Ժողովուրդը և կառավարությունը հասկացան իրար, նրանց սպասումները և նպատակները հայտնվեցին նույն հարթությունում։ Արդյունքը՝ Վրաստանում կա մոտ հազար հիվանդ և ընդամենը 15 մահ։
Իսկ մեզ մոտ քաղաքացիները մի պահից դադարեցին զգուշանալ իրենց առողջության և կյանքի համար ու սկսեցին ճարահատյալ ինքնուրույն վաստակել գումար և մուծել հարկերը (կառավարության սահմանած խաղի կանոնի համաձայն)։
Նախ և առաջ առաջարկում եմ հասկանալ, թե ինչ ռիսկեր են ձևավորվում մեր իրականության պայմաններում.
- Տնտեսական ճգնաժամի և սոցիալական լարվածության բուռն զարգացում
- Տապալումներ առողջապահական համակարգում
- Ստեղծված իրավիճակի համար մեղավորների և պատասխանատուների փնտրտուք և քաղաքական անկայունություններ։
- Հայաստանը և նրա քաղաքացիները հայտնվելու են սև ցուցակներում և սահմանափակվելու են ուղևորությունները այլ պետություններ։
- Հոգեբանական դիսկոմֆորտի ուժեղացում։ Քաղաքացիների մոտ ձևավորվելու են սեփական պետության հանդեպ թերահավատության և տապալման տրամադրություններ՝ անորոշությունից, թե որքան կտևի այս վիճակը և վախից ՝ սեփական ընտանիքների բարեկեցության համար։
- Պետության ներդրումային գրավչության վատթարացում և պետական պարտքի մեծացում։
- Կրթական համակարգի պոտենցիալ խափանում։
Քաղաքացիների կողմից «գիտակցված լոքդաունը» ենթադրում է, որ քաղաքացիները իրենք.
■ Պետք է մնան առավելագույնս տանը և առանց էական կարիքի ոչ մի տեղ չգնան։
■ Այս պայմաններում քաղաքացիները պետք է գնան միայն աշխատանքի, որպեսզի չկորցնեն աշխատատեղը և պետության համար չդառնան լրացուցիչ բեռ՝ նպաստների տեսքով։
■ Բոլոր խանութները, ռեստորանները, սրճարանները, ծառայություններ մատուցող այլ օբյեկտները կարող են աշխատել, բայց միաժամանակ չակնկալել հաճախորդներ, քանի որ նրանք պետք է մնան տանը։ Միևնույն ժամանակ նշված բիզնեսները պետք է վճարեն հարկերը և մարեն վարկերը։
■ Ծնողները պետք է մտածեն, թե տանը ինչով զբաղեցնեն իրենց երեխաներին՝ այն դեպքում, երբ արդեն չկան նույնիսկ հեռավար դասընթացներ, պաշտոնապես արձակուրդ է։
■ Միևնույն ժամանակ կառավարությունը խոսում է ներքին տուրիզմի մասին և կոչ է անում բնակչությանը՝ օգտվել դրանից՝ ավելի լավ ճանաչելու համար սեփական երկիրը։
Տարօրինակ է և անհասկանալի. ինչի՞ համար են նման հակասական կոչերը։
Ի՞նչ է պետք անել
Հնարավոր է մի քանի սցենար։
Տարբերակ առաջին
Խիստ կարանտինի հաստատում և պահպանում՝ արտակարգ դրության ողջ ընթացքում։ Այդ դեպքում քաղաքացիները պետք է իմանան, որ պետությունն իր վրա է վերցնում նրանց ապրելու հոգսը։ Արդյունքը պետք է լինի վիրուսի տարածման կտրուկ անկումը և բնակչության վարքագծի այն մոդելի ռեալիզացիան, որն անհրաժեշտ է պետությանը։ Սա շատ ծախսատար է, բայց՝ անհրաժեշտ։
Տարբերակ երկրորդ
Չի մտցվում համատարած կարանտին, բայց իրական խստացումներ են մտցվում քաղաքացիական սոցիալական ակտիվության և գործունեության մեջ։ Այս դեպքում նույնպես պետք է կանխատեսել վիրուսի տարածման տեմպերի անկում, բայց՝ ավելի դանդաղ։ Այս դեպքում հասարակության մեջ իշխանության հանդեպ բացասական տրամադրությունները նկատելիորեն կընդգծվեն, քանի որ անորոշությունները և ազատությունների սահմանափակումները կլինեն երկարատև։ Շատերը կշարունակեն ապրել վարքագծի սեփական մոդելով, և ոչ՝ այն, որն այսօր պետք է հասարակությանը և պետությանը։
Եթե չենք մտցնում համատարած կարանտին, ապա պետք է խիստ կանոնակարգել մի շարք միջոցառումներ՝ հարսանիքներ, նշանադրություն, կնունք, հուղարկավորություններ և այլն։ Կարելի է ընդհանրապես մեկ ամսով արգելել այդ միջոցառումները, իսկ հուղարկավորությունները անցկացնել միայն մերձավոր հարազատների մասնակցությամբ։ Առանց բացառությունների։
Կարելի է մտցնել պարետային ժամ՝ 22-00 մինչև 7-00։
Այսօր վիրուսի տարածման իրական օջախներից են նաև առողջապահական հաստատությունները, իրավապահ համակարգերը, քաղաքային տրանսպորտը։ Հետևաբար՝ պետք է մտցվեն նոր կանոնակարգումներ այս համակարգերում։
Ժամանակավորապես արգելել բնության գրկում պիկնիկների անցկացումը։ Սա նաև կնվազեցնի ամռան սեզոնին հրդեհների վտանգը։ Բացօթյա նման միջոցառումների ժամանակ որևէ կերպ չեն պահպանվում ինչպես հակահամաճարակային, այնպես էլ հակահրդեհային տարրական կանոնները։
Քաղաքացիների հնարավոր կուտակումների վայրերում ներգրավել կամավորների՝ սոցիալական հեռավորության և այլ նորմերի պահպանման համար։
Որերորդ անգամ տեսնում եմ, թե ինչ վիճակ է տիրում սրբավայրերի մերձակայքում, մասնավորապես՝ Ս. Հովհաննեսի մոտ, և ամեն անգամ չեմ հասկանում, թե ինչու հնարավոր չէ այնտեղ կարգավորել խնդիրը, հատկապես՝ շաբաթ և կիրակի օրերին։
Ամենակարևորը՝ այս ամենը պետք է անել ոչ թե կոչերի և բանավոր հորդորների մակարդակով, այլ՝ հստակ, կազմակերպված, պետական և տեղական լծակների կիրառմամբ։
Տարբերակ երրորդ
Ոչինչ չենք ձեռնարկում, կոչ ենք անում քաղաքացիներին՝ գիտակցված վարքագծի, տուգանում ենք և երկարացնում արտակարգ դրությունը։ Այսինքն՝ շարունակում ենք ապրել այնպես, ինչպես վերջին երկու ամիսներին են ապրում, և չենք իմանում, թե ինչի սա կհանգեցնի։ Հետևանքը՝ մարդիկ շարունակում են մեծ թվով հիվանդանալ և մահանալ, իսկ տնտեսությունը և սոցիալական կյանքը հայտնվում են ազատ անկման ռեժիմում։
Բոլոր երեք սցենարներում անհրաժեշտ է.
- Բուժհաստատությունների զգալի մասը՝ անկախ՝ սեփականության տեսակից, վերափոխել կորոնավիրուսով հիվանդների բուժման ուղղությամբ, պետության կողմից սահմանել պարզ և մատչելի կանոններ՝ վիրուսով հիվանդների բուժման ֆինանսավորման հարցում։
- Բուժհաստատություններում խստացնել անվտանգության նորմերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուժաշխատողները և բուժհաստատությունները այսօր դառնում են վարակի տարածման աղբյուր։ Նման պայմաններում շատերը խուսափում են այլ հիվանդությունների համար դիմել բժշկի։
- Վերանայել տնային պայմաններում բուժվող հիվանդերի նկատմամբ բուժօգնության մոտեցումները, կիրառել միասնական պրոտոկոլներ, սահմանել պայմաններ՝ պետության կողմից անհրաժեշտ դեղամիջոցների և այլ բժշկական օգնության տրամադրման խնդիրը լուծելու համար։
- Կիրառել հիվանդների և նրանց հետ կոնտակտ ունեցածների մոնիտորինգի ավելի էֆեկտիվ մեխանիզմներ։ Նկատվում է միտում, երբ շատ քաղաքացիներ, ունենալով սիմպտոմներ, չեն անցնում տեստ՝ չարձանագրելու համար հիվանդացության փաստը, շարունակելու համար ապրել առանց սահմանափակումների։ Կարող են տրամադարել նաև հիվանդության ընթացքի մասին կեղծ տեղեկատվություն՝ հիվանդության ավարտը շուտ արձանագրելու և մեկուսացումից դուրս գալու համար։
- Էապես մեծացնել տեստավորումների ծավալը։ Շատերը, ովքեր որոշել են անգամ մասնավոր հիմունքներով տեստ հանձնել, ստիպված են շատ երկար (մինչև 72 ժամ) սպասել պատասխանին։ Սա կարևոր ժամանակահատված է, որովհետև կարող է բարդացնել թե՛ հիվանդության ընթացքը, և թե ուշ սկսել մեկուսացման փուլը։ Կա նաև բավական էական հոգեբանական գործոն։
- Ծախսել զգալի գումարներ՝ բնակչության որոշակի խավերի և որոշակի վայրերում անվճար պաշտպանիչ միջոցներ տրամադրելու համար՝ դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր։
- Սկսել ինտենսիվ աշխատանք միջազգային օգնություն ստանալու համար։ Առաջին հերթին՝ բուժսարքավորումների և այլ միջոցների, բժիշկների և այլ մասնագետների։ Առավելագույն օպերատիվությամբ կիրառել այլ երկրներում բուժման հաջող փորձն ու սխեմաները։
- Վաղ թե ուշ միջազգային շուկայում հայտնվելու է պատվաստանյութը։ Մեզ այսօրվանից է պետք պատրաստ լինել, թե ինչպես է այն հայտնվելու մեր երկրում, և ինչ կարգով է իրականացվելու բնակչության պատվաստումը։
- Պետք է նաև կանոնակարգել պետական մեխանիզմը, թե մեր քաղաքացիներն ինչպես կարող են հեշտությամբ ստանալ տեղեկանք՝ իրենց հիվանդացության կամ առողջ լինելու մասին։ Սա շատ կարևոր է քաղաքացիների՝ արտերկիր գնալու խնդիրը կազմակերպելու համար։ Ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին դա լինելու է անհրաժեշտություն։ Եթե պետությունը սա չկազմակերպի, ապա ձևավորվելու է ստվերային և անվերահսկելի համակարգ։ Նկատի ունեցեք նաև արտագնա աշխատանքի մեկնողների ծավալները։
- Նույնը պետք է կազմակերպել նաև արտասահմանցիների համար, ովքեր այս կամ այն պատճառով կժամանեն մեր երկիր։ Արդյո՞ք նրանք պետք է տեղեկանք ներկայացնեն, թե՞ պետք է անցնեն արագ տեստավորում՝ ժամանման կետերում։ Մեզ մոտ դա ոչ միայն օդանավակայանն է, այլ նաև՝ Մեղրիի, Բավրայի, Բագրատաշենի, Լոռիի անցակետերը։
Աշխարհը սկսելու է բացվել հաստված խաղի կանոններով, և մենք պետք է դրան պատրաստ լինենք։
- Այս պահից սկսած՝ մենք պետք է ձեռնամուխ լինենք դպրոցներում համաճարակային անվտանգության կանոնների ապահովմանը (վերանայել դասարանների հագեցվածությունը, ուսումնական խմբերի թիվը և այլն)։ Ակնհայտ է, որ 20 հոգուց ավել աշակերտ ունեցող դասարաններում գործնականում անհնար է լինելու ապահովել անվտանգության նորմերը։ Սա հարմար պահ է՝ դասարանների գերհագեցվածության (և դրա պայմաններում ոչ լիարժեք կրթության) պրոբլեմը լուծելու համար։ Քիչ քանակով դասարաններում կրթության որակի սպասվող բարձրացումը կարող է փոխհատուցել այս կիսամյակի տապալված կրթությունը, ինչպես նաև ստեղծել աշխատանքի, հետևաբար՝ նաև վարձատրման նոր հնարավորություն ուսուցիչների համար։
- Դպրոցական, մանկապարտեզային և բուհական շենքային պայմաններին հենց այս տեսանկյունից է պետք հիմա մոտենալ։ Մշտական օդափոխություն, ուսումնական շենքերին կից բաց, կանաչ գոտիներ, անհրաժեշտության դեպքում՝ դասասենյակներից դուրս դասի անցկացման հնարավորություն, և այլն. սրանք կարևոր պայմաններ են, որոնց ապահովումը պետք է գալու ոչ միայն այս վիրուսի, այլև հետագայում՝ որևէ այլ համաճարակի փուլում դասերի կազմակերպման ժամանակ։ Սեպտեմբերից դասերը սկսելու համար այս ամենի մասին պետք է մտածել և կազմակերպել հենց այսօր։
- Ուսուցիչներին ֆեյսբուքով բանավոր կոչեր անելը ժամանակի և ռեսուրսի անիմաստ վատնում է։ Պետական կրթական համակարգն իր աշխատակիցներին այս շրջանում, այո, պետք է ներգրավեր՝ ընտանիքների, ծնողների հետ մշտական կապ պահելու, նրանց տեղեկատվություն և անվտանգության կանոններ փոխանցելու համար, ինչպես նաև՝ երեխաների համար անվտանգ ժամանցի անցկացման մոդելներ մշակելու և կիրառելու, ու նաև բակերում երեխաների վտանգավոր կուտակումների դեմ պայքարելու նպատակով։ Ճիշտ այնպես, ինչպես պետական պոլիկլինիկաներն են ապահովում պրոֆիլակտիկ միջոցառումների փաթեթը, պետական կրթական համակարգը ևս պետք է իր ողջ կարողություններով օգտագործվեր այս ընթացքում։
- Դադարեցնել անկազմակերպ բրիֆինգների անցկացումը, որոնք որևէ օգտակար բան չեն տալիս, բայց փոխարենը՝ հանրության մեջ մեծացնում են անորոշություններն ու տագնապը, վկայում են կառավարության անհետևողականության մասին, արժեզրկում են երկրի ղեկավարի խոսքը։ Սա է նաև պատճառներից մեկը, որ հանրությունն այլևս լուրջ չի ընկալվում անգամ ամենաբարձր մակարդակով հնչող կոչերը։
Այս կառավարությունը պարտվել է համաճարակի դեմ սկզբունքային պայքարում։ Երբ համավարակի հարցում փորձում են մեզ համեմատել ԱՄՆ, եվրոպական և այլ պրոբլեմատիկ պետությունների հետ, ապա պետք է հիշել, որ նույն ԱՄՆ-ում պատասխանատվության պահը գալու է աշնան ընտրությունների ընթացքում։ Իտալիայի վարչապետ Կոնտին արդեն իսկ պատասխանում է իրավապահների հարցերին, իսկ նախագահ Մակրոնի խորհրդարանական կայուն մեծամասնությունն աչքի առաջ քանդվում է։ Այս գործընթացներն օբյեկտիվ են, և ոչ ոքի մտքով չի անցնում՝ համեմատել դրանք պատերազմական իրավիճակի հետ՝ իշխանությունների հասցեին քննադատությունը չեզոքացնելու համար։ Մեր պարագայում պատասխանատվությունը լինելու է ավելի մեծ, և դրան նպաստելու է մեր անմիջական հարևան և բարեկամ Վրաստանի օրինակը։ Կառավարությունը պարտավոր է այսօր ցույց տալ, որ հասկացել է կատարած սխալներն ու եզրակացություններ է արել, և ցույց տա դա՝ կոնկրետ, առարկայական քայլերի տեսքով, այլ ոչ՝ ֆեյսբուքյան կոչերի, որոնք ավելի շատ պատասխանատվությունից փախչելու տպավորություն են թողնում։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ