Արմեն Գևորգյան. Ինչպե՞ս կարող ենք շարունակել ապրել
Իրավիճակի դասերը, ռիսկերը, անելիքը
Սեպտեմբերի 24-ին հրապարակված իմ վերջին հոդվածում այսպիսի տողեր էի գրել․ «Լինեմ անկեղծ. երբեմն գրելիս մտածում եմ՝ ինչո՞ւ եմ սա անում, ու՞մ է սա պետք։ Մեր քաղաքացիներից շատերն այսօր կանգնած են օրվա հացի խնդրի առաջ, կյանքի ու մահվան խնդիր են լուծում, չեն կարողանում հասնել իրենց երազանքներին ու նպատակներին։ Դժվար է լրջորեն մտածել հեռանկարային խնդիրների մասին, երբ իրական են պատերազմի վտանգը և հարևանների հետ ոչ կառուցողական հարաբերությունները»։ Հոդվածն ավարտել էի մեր ազգի բոլոր առողջամիտ և բանական ուժերին ուղղված կոչով՝ վերջապես բացել դուռը դեպի 21-րդ դար։
Այդ ժամանակ չէի կարող ենթադրել, որ ընդամենը 3 օր էր մնացել մինչև 45-օրյա պատերազմը, որը մեր ազգի համար աղետի էր վերածվելու՝ կրկին հետաձգելով մեր մուտքը 21-րդ դար։ Այսօր անհրաժեշտ համարեցի ձեզ հետ կիսվել ներկայիս իրավիճակի և դրանից հնարավոր ելքերի վերաբերյալ իմ մտորումներով:
Անհրաժեշտ արձանագրումներ.
- Ինչպես և ավելի վաղ կանխատեսել էի, երկիրը հայտնվեց փաստացի քաղաքական դեֆոլտի իրավիճակում․ պետության ինքնիշխանության ոտնահարում և բոլոր նախկին առավելությունների կորուստ, ինչպես դա տեղի էր ունեցել հեղափոխական Վրաստանում և Ուկրաինայում պատերազմներից հետո։ Քաղաքական դեֆոլտը, ըստ էության, նշանակում է իշխանությունների և ընտրողների, մեր դեպքում՝ նաև իշխանությունների և սփյուռքի միջև պարտավորությունների զրոյացում, ինչպես նաև՝ իշխանության ներսում պարտավորությունների վերացում: Գործող կառավարության փաստացի միակ պարտավորությունը մնում է հրաժարական ներկայացնելը։
- Այժմ ունենք թերարժեք կառավարություն, որն այլևս չի կարող ազգն առաջնորդել։ Նման կառավարության հետ արհամարհանքով են շփվելու ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ նրանից դուրս։ Այն դառնում է պետության անվտանգության և ամբողջականության վերջնական փլուզման իրական գործոն։ Այն, ըստ էության, անհրաժեշտ է միայն փաստացի կապիտուլյացիայի պայմանները իրագործելու համար։
- Ձևավորվել է սկզբունքորեն նոր աշխարհքաղաքական իրականություն, որի հետ արդեն իսկ պետք է հաշվի նստել։ Այսպես, արմատապես փոխվել են Արցախյան հակամարտության քաղաքական և ամբողջական կարգավորման բոլոր նախադրյալները։ Փաստ է՝ հայկական կողմը կորցրել է տարածքներ, և հակամարտության գոտում արդեն գտնվում են ռուս խաղաղապահներ։ Թուրքիան դառնում է քաղաքական կարգավորման գործընթացի ակտիվ մասնակից։ Հայաստանն ու Ադրբեջանը տեղերով փոխվել են․ եթե նախկինում նրանք էին տարածքների և փախստականների վերադարձ պահանջում, այժմ դա մենք ենք անելու։ Թուլացած Հայաստանի հարաբերությունները ինչպես Իրանի, այնպես էլ Վրաստանի հետ այժմ շատ երկիմաստ են լինելու:
- Շատ ցավոտ և երկարաժամկետ քաղաքական գործընթաց է սպասվում՝ գտնելու համար այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից և հազարավոր մարդկային զոհերից ու գնալ կարգավորման՝ թեկուզ անխուսափելի, բայց ավելի արժանապատիվ սցենարով, որն առաջարկում էր Ռուսաստանը: Ինչո՞ւ վարչապետը, որն այժմ պատերազմի արդյունքում ընդունված որոշումների այդքան եռանդուն պաշտպանությունը բարոյական է համարում, չէր կարող նույն եռանդով և նախանձախնդրությամբ ժողովրդին համոզել նմանատիպ, նույնիսկ՝ ավելի բարենպաստ որոշումների ճշմարտացիությունը՝ առանց պատերազմ հրահրելու:
- Անհրաժեշտ է բաց և անկեղծորեն ընդունել հասարակական տրամադրություններում առկա հետևյալ իրադրությունը. մենք տեսնում ենք տրամադրությունների միայն այն մասը, որը բողոք է արտահայտում կնքված զինադադարի դեմ: Կա նաև բնակչության թաքնված (անտեսանելի) զգացմունքների մի մաս, որոնք ցանկանում էին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները՝ իրենց երեխաների և հարազատների կյանքը փրկելու համար, և այդ մարդիկ հիմա հակված չեն խորանալ կապիտուլյացիոն պայմանների մեջ: Կան մի շարք գործիչներ, որոնք համարում են, որ սա վաղ թե ուշ պետք է տեղի ունենար, հետևաբար՝ թող տեղի ունենա Նիկոլի օրոք։ Սակայն բոլոր դեպքերում գլխավոր հարցն այն գինն է, որը ստիպված էինք վճարել ստացած զինադադարի համար։ Եվս մեկ հանգամանք․ այն, ինչ գրված է հայտարարության մեջ, ցավոք, չի երաշխավորում երկարաժամկետ և ամուր խաղաղությունը մեր տարածաշրջանում, քանի որ չեն վերացել շարունակվող հակամարտության հիմքերը, տեղի է ունեցել հակամարտության «զոհերի» փոփոխություն։ Ավելին, մեծացել են ռիսկերը՝ արդեն իսկ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։
- Երկիրը բախվում է սեփական երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու իրական նոր մարտահրավերների: Բնակչության մոտ աճում է անհանգստության զգացողությունը։ Բացի նոր աշխարհքաղաքական իրականությունից, մենք ստիպված ենք լինելու վերանայել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ամբողջ պաշտպանական քաղաքականությունը, հասկանալ, թե նոր պայմաններում ի´նչ տեսակի զինված ուժերի կարիք ունի մեր երկիրը և ինչպե´ս պետք է դրան հասնի: Անվտանգության ինչպիսի´ նոր, այդ թվում` արտաքին բնույթի, տարրեր են պահանջվելու երկրի՝ համեմատաբար ամբողջական և գործուն անվտանգային համակարգ ունենալու համար:
- Բնակչության մեծ մասը, նույնիսկ ստեղծված իրավիճակում, բավական պասիվություն է դրսևորում, քանի որ, բացի վերոհիշյալ պատճառներից, դեռևս չի տեսնում այն խարիզմատիկ առաջնորդին, որը կկարողանա երկիրը դուրս հանել քաղաքական դեֆոլտի իրավիճակից և հնարավոր տնտեսական փլուզումից։ Առաջնորդի այս պահանջարկը բնական է՝ հաշվի առնելով երկրի ողջ հասարակական-քաղաքական կյանքի չափից ավել անհատականացումը։ Եթե մեզ առաջարկում են շարժվել հետպատերազմական եվրոպական երկրների ուղով, ապա պետք է հասկանանք, որ մեզ պետք է սեփական Կոնրադ Ադենաուերը (Գերմանիա) կամ Շառլ Դե Գոլը (Ֆրանսիա), կամ նմանատիպ լիարժեք նոր ազգային առաջնորդներ։
Դասերը
1.Հեղափոխությունը երջանկություն չի բերում հեղափոխական երկրներին, մեծ հաշվով այն բերում է միայն կորուստներ, անկայունություն և է´լ ավելի մեծ կախվածություն արտաքին ազդեցության կենտրոններից։ Դրա մասին են վկայում իրադարձությունները՝ ինչպես Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, այնպես էլ՝ արդեն մեր երկրում։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց «թավշյա, գունավոր հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այսօր իրենց միակ փրկությունը բառի բոլոր իմաստներով կարող են տեսնել բացառապես Ռուսաստանի գրկում: Պարադոքսալ է նաև, բայց փաստ, որ ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանության եկած մարդիկ քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում առաջնորդվում են բացառապես ավտորիտար և ռեպրեսիվ մեթոդներով: Հետաքրքիր է նաև, որ ավտորիտար Ադրբեջանը փաստացի հաջողության հասավ ժողովրդավարական Հայաստանի նկատմամբ։
2.Երկրում իշխանությունն ու քաղաքական խաղացողները պետք է լինեն սոլիդ, ադեկվատ և ոչ կոռումպացված, որպեսզի հեղափոխություններ չլինեն, ու պետության ղեկավարության հանդեպ զայրույթ և ատելություն չկուտակվի: Նորմալ չէ նաև այն, որ հեղափոխության արդյունքում, պայմանականորեն ասած, մի կլանը կամ ազդեցության խումբը փոխարինվում են մեկ այլ կլանով կամ ազդեցության խմբով։ Իրականում՝ այս երկու տարում չի բարձրացրել բնակչության բարեկեցությունը, չի ամրապնդվել երկրի անվտանգությունը, փոխարենը՝ ձևավորվել են նոր ռիսկեր և անհանգստության գործոններ:
3.Պետական կառավարման խորհրդարանական համակարգը չարդարացրեց իրեն։ Նույնիսկ խորհրդարանական հանրապետության պարագայում, ինչպես ցույց է տալիս ժամանակը, պետության և ժողովրդի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են միանձնյա՝ առանց խորհրդարանի և քաղաքացիների, ինչպես նաև՝ պետության ֆորմալ «գլխի»՝ նախագահի մասնակցության: Մեր՝ ոչ միանշանակ աշխարհաքաղաքական իրավիճակում այն հանգեցնում է անորոշության և նպաստում է իշխանության կազմալուծմանը: Հարկավոր է արմատապես վերանայել այնպիսի ինստիտուտների նշանակությունն ու գործառույթները, ինչպիսիք են նախագահը, խորհրդարանը, կառավարությունը, սահմանադրական դատարանը, մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև իշխանության ճյուղերի միջև հարաբերությունների համակարգը և այլն։
4.Պարզվեց, որ երկրում կայացած չէ վերնախավը։ Վերնախավի մեծ մասի համար ամենադյուրինն էր՝ ճանաչել իշխանությունների այսպես կոչված լեգիտիմությունը և ձևացնել, թե երկրում ամեն ինչ նորմալ է ու ճիշտ: Նրանցից ոչ մեկը չցանկացավ գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական լեգիտիմությունը հիմնված է Հայաստանում ընտրողների ընդհանուր թվի միայն 30 տոկոսի ձայների վրա, որը նրա կուսակցությունը ստացել էր 2018-ի ընտրությունների ժամանակ, և որին մասնակցել էր երկրի ընտրողների կեսից պակասը: Բայց, չգիտես ինչու, 70% լեգիտիմության ամրագրումը բոլորի համար ձեռնտու էր:
5.Պետական պոպուլիզմը, որով բնութագրվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեժիմը, չի կարող դրական և արդյունավետ նշանակություն ունենալ այնպիսի երկրների երկարաժամկետ զարգացման համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ բացակայում են պետականության կայացած ավանդույթները: Ռեժիմի հիմնական գործիքը՝ սոցիալական ցանցերը, ըստ էության, դառնում է վիրտուալ իրականություն ձևավորող, զգոնությունը թուլացնող, պոպուլիստ գործիչների քմահաճույքներից և վերաբերմունքից սոցիալ-հոգեբանական կախվածությունը մեծացնող հակապետական գործոն: Բացի այդ, սոցիալական ցանցերը պետության, նրա ինստիտուտների և առանձին ներկայացուցիչների նկատմամբ ամենաթողության և լիակատար անտարբերության մթնոլորտ են ձևավորում:
6.Մեր երկրում դեռևս ձևավորված չեն լիարժեք քաղաքացիական հասարակության և իշխանության իրական ժողովրդավարական ինստիտուտների գոյության նախադրյալներ, քանի որ բնակչության մեծ մասը դեռևս հակված է ճանաչելու որոշակի անձի հեղինակությունը՝ լինի դա պետության մեջ, քաղաքական միջավայրում, թե առօրյայում: Ցավոք, այդ ճանաչումը հիմնականում հիմնված է միայն անձնական, երբեմն՝ շատ սուբյեկտիվ, մերկանտիլ շահերի և սպասումների վրա:
7.Վերնախավը պատասխանատվության իր բաժինն ունի նաև նրա համար, որ իշխանությունները երկրում անամոթաբար սերմանեցին ներքին անհանդուրժողականություն և տարաձայնություններ, ստեղծեցին վրեժխնդրության և ատելության մթնոլորտ, կուտակված ներքին ագրեսիայի մակարդակով երկիրը դարձավ համաշխարհային առաջատար: Պետությունը հարգելու համար բավարար իմաստություն և գիտակցում չկա, պետականության ազգային մշակույթ չի ձևավորվում: Պետությունը առաջնորդի ընտանիքով և ֆեյքային միջավայրով փոխարինելը վտանգավոր է։ Հենց պսևդոլիբերալիզմի և պսևդոհայրենասիրության այդ միջավայրն է հանգեցրել նրան, որ որոշիչ պահին բանակի և ուժային կառույցների շարքերում կարող էր չկատարվել վերադասի հրամանը և անտեսվել երկրի քաղաքական ղեկավարության՝ մոբիլիզացիայի բոլոր կոչերը:
8.Առանձնահատուկ է հենց այն հայերի մտածելակերպը, ովքեր ապրում են ժամանակակից Հայաստանում։ Նորմալ չէ, երբ երկրում ամեն առավոտ միաժամանակ արթնանում է 3 միլիոն վարչապետ և նախագահ։ Նորմալ չէ, որ հենց տեղի՝ թեկուզ նույնիսկ շատ առաջադեմ հայերի գլխում է առաջանում ֆեյքերի ֆաբրիկայի ստեղծման գաղափարը, որի նպատակն է՝ սոցիալական ցանցերում հայհոյանքի, անեծքի և ատելության խոսքի միջոցով սևացնել իրենց իսկ նման հայերին, որոնք ընդամենը ունեն իշխանությունից տարբերվող տեսակետ կամ դիրքորոշում։ Ստացվում է, որ մենք օգտվում ենք 21-րդ դարի ժամանակակից տեխնոլոգիաներից, սակայն էությամբ մնացել ենք ֆեոդալական կարգերի մակարդակում։ Հեղափոխությունը փաստացի ի ցույց դրեց և զարգացրեց տեղի շատ հայերի մարդկային տեսակի ամենաանտանելի զգացմունքները՝ նախանձ, վրեժ, զայրույթ, ատելություն և այլն: Ընդ որում, այդ զգացմունքները տածել են ոչ թե թշնամու, այլ՝ սեփական հարևանի, գուցե՝ մեկս մյուսի, շրջապատի մարդկանց, մեր հայրենակիցների նկատմամբ։ Այսպիսի միջավայրում հնարավոր չէ ունենալ իրական ժողովրդավարական արժեքներ կրող հասարակություն։
9.Մենք հայտնվեցինք քաղաքական դեֆոլտի իրավիճակում նաև այն պատճառով, որ 25 տարիների ընթացքում չկարողացանք օգտվել Արցախյան առաջին պատերազմի առավելություններից, որոնք մեզ համար պետք է ապահովեին Արցախյան հարցի լուծման ցանկալի արդյունք: Սա՝ այն պատճառով, որ մենք մեր հասարակության մեջ չկարողացանք փոխզիջման մշակույթ ձևավորել, որի բացակայությունը միշտ հակամարտության կողմերից մեկի համար ողբերգության է հանգեցնում: 21-րդ դարում առանց այդ մշակույթի անհնար է ապրել և զարգանալ։
10.Չի կարելի կոտրել (խեղաթյուրել) հարաբերությունները ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, և հարևանների՝ Վրաստանի, Իրանի հետ՝ չունենալով նոր, վստահելի գործընկերներ և ընկերներ։ Բոլորս հասկացանք, որ ՀԱՊԿ-ը մեծ հաշվով ավելի շատ քաղաքական կազմակերպություն է, քան՝ իրական ռազմա-քաղաքական դաշինք, որտեղ չեն կարող համընկնել շատ երկրների՝ փաստացիորեն իրարամերժ շահերը։ Պարզվեց, որ իրական գործուն մեխանիզմներ են հանդիսանում միայն երկկողմ պարտավորությունները, այլ ոչ՝ բազմակողմ ձևաչափերը։ Բացի այդ, տարածաշրջանի բոլոր հիմնական դերակատարներին հոգնեցրել էր հակամարտության հետ կապված անորոշությունը, և գործնականում հարևանների լուռ համաձայնության պայմաններում Ադրբեջանը որոշեց իր ձևով լուծել խնդիրը։ Իրանը, որի համար տասնամյակներ շարունակ անորոշություն էր պահպանվում Արցախի կողմից վերահսկվող իր պետական սահմանի հարյուրավոր կիլոմետրերի վրա, Իսրայելում ՀՀ դեսպանության բացումից հետո նույնպես իր համար կայացրեց ներքին որոշումներ, որոնց մասին մենք կարող է և չիմանանք: Վրաստանը փակեց ցամաքային և օդային միջանցքը հայկական ռազմական բեռների համար, բայց միևնույն ժամանակ թույլատրեց ադրբեջանական ավիացիայի թռիչքները Իսրայելից և Թուրքիայից: Հետաքրքիր է՝ ինչու՞, միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի՞, թե՞ այլ բան պատճառով, որի մասին մենք չգիտենք:
11.Հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական գործընթացների հետաքրքիր առանձնահատկությունն այն էր, որ փորձ էր արվում միաժամանակ դուր գալու երկու գլոբալ ազդեցության կենտրոններին՝ Ռուսաստանին և Արևմուտքին։ Այս քաղաքականությունն իրականացվում էր այնպես, որ երկրի զարգացման ներքին օրակարգը սահմանում էին արևմտյան երկրները և նրանց ձևավորած ազդեցության հանրային-տեղեկատվական ցանցը, իսկ Ռուսաստանի դեպքում փորձում էին առավելագույնս օգտվել հնարավորություններից (էներգետիկա, ռազմաարդյունաբերական համալիր և այլն)՝ ձգտելով նրան հնարավորինս չնյարդայնացնել։ Սակայն, ի տարբերություն մեզ, Ռուսաստանում հասկանում էին և հասկանում են, որ կառավարության ներքին բարեփոխումներն ու նախաձեռնություններն ամեն դեպքում ուղղված են Հայաստանում ռուսական ազդեցության սահմանափակմանը։
12.Արդարությունը հնարավոր չէ վերականգնել անօրինական մեթոդներով․ այն, ինչ վերջին 2,5 տարիներին անում էին իրավապահ մարմինները՝ ի դեմս դատախազության, քննիչների և առանձին դատավորների, վկայում է լիարժեք իրավական անարխիայի և ակնհայտ ընտրողական արդարադատության մասին։ Ինչպես Ուկրաինայում և Վրաստանում, մենք նույնպես շուտով ականատես կլինենք դատախազների, դատավորների և քննիչների անկեղծ խոստովանություններին, թե նրանց ովքեր ու ինչ հանձնարարականներ են տվել քրեական գործերի վերաբերյալ: Թեև կարծում եմ, որ հայտնի հեռախոսային խոսակցություններից հետո շատերի համար ամեն ինչ ակնհայտ էր դեռ այն ժամանակ։ Այս ամենը տեղի էր ունենում, այսպես կոչված իրական, արևմտյան իրավապաշտպանների աչքի առաջ և արևմտյան միջազգային կազմակերպությունների ու առաքելությունների լիակատար լուռ համաձայնությամբ և գուցե նույնիսկ խրախուսմամբ: Շատ տխուր դաս եղավ․ ժողովրդավարական երկրները մարդու իրավունքների պաշտպանության հարցում նույնպես առաջնորդվում են երկակի ստանդարտներով (աշխարհքաղաքական շահերով) և զրկվեցին ապագայում մեր երկրում օբյեկտիվ և արդար դիտորդներ (արբիտրներ) լինելու բարոյական իրավունքից:
13.Պարզվեց, որ մենք շատ հարցեր ունենք մեր բանակի մարտունակության և երկրի պաշտպանունակության վերաբերյալ: Այդպես էլ չկայացավ մոբիլիզացիոն համակարգը։ Նորից երկինքը բաց մնաց, չնայած նոր ինքնաթիռների ձեռքբերմանը։ Փաստացի 2016թ. ապրիլյան իրադարձությունների քննիչ խորհրդարանական հանձնաժողովը ոչ մի կերպ չկարողացավ օգնել զինվորականներին և քաղաքական գործիչներին՝ անհրաժեշտ, պատեհաժամ եզրակացություններ կատարել և կանխել այսպես կոչված անցյալի սխալները։ Մեծ կասկածներ է առաջացնում վերջին շրջանում տեղեկատվության փոխանակման և խորհրդատվությունների նպատակով ռուս գործընկերների հետ արդյունավետ և լիարժեք համագործակցության մեր հատուկ ծառայությունների կարողությունը։
14.Սփյուռքի և ազգի համախմբման մասին հիշեցինք, երբ նորից հարկավոր էր գումար հավաքել և աշխարհում բողոքի ալիք բարձրացնել։ Ի դեպ, փաստացի կապիտուլյացիան ստորագրելիս սփյուռքին նույնպես չեն հարցրել։
Ռիսկերը
- Պոտենցիալ տնտեսական կոլապս, օբյեկտիվ դժվարություններ՝ հարկային եկամուտների հավաքագրման հարցում, մեծ դժվարություններ բանկային համակարգում:
- Համաճարակային իրավիճակի անվերահսկելիության և վիրուսից մահացությունների թվի աճ` կապված առողջապահական համակարգի՝ հիվանդների համար բավարար բուժում ապահովելու անկարողության հետ:
- Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալուց բազմաթիվ փախստականների հրաժարվելը և այդ տարածքների փաստացի բնակազրկումը։
- Քաղաքացիական պատերազմ. ռևանշիստական կուսակցությունների և խաղաղության ու հաշտության կուսակցության ձևավորում, ընդ որում՝ ռևանշիստները լինելու են երկու տիպի՝ նրանք, ովքեր Սահակաշվիլիի և Պոռոշենկոյի օրինակով կփորձեն վերադարձնել կորցրած իշխանությունը Փաշինյանի հեռացումից հետո, և նրանք, ովքեր ձգտելու են վերադարձնել տարածքային կորուստները։
- Երկրում հանցավորության ընդհանուր իրավիճակի վատթարացում․ ռազմական գործողություններից հետո մեծաթիվ զինված մարդիկ։
- Երկրում սոցիալական լարվածության ուժեղացում՝ զոհվածների ընտանիքներ, փախստականներ, գործազուրկներ․ առջևում ձմեռ է։
- Կարանտինի ավարտից և սահմանների համընդհանուր բացումից հետո արտագաղթի նոր ալիք և երկրում ժողովրդագրական իրավիճակի վատթարացում։
- Ապագայի նկատմամբ վախի բարդույթի խորացում, պարտվածի բարդույթ և հերթական անգամ կոտորված ազգի հոգեբանական տրամադրություննե: Թերարժեքության բարդույթ։
- Հայաստանի նկատմամբ՝ որպես թերի պետության, վերաբերմունքի ամրապնդում:
Անհրաժեշտ առաջնահերթ քայլեր․
1.Ձևավորել ազգային համաձայնության անցումային կառավարություն, որի հիմնական առաքելությունն է՝ խուսափել տնտեսական կոլապսից, կանգնեցնել համավարակի մասշտաբները, կայունացնել ներքաղաքական իրավիճակը, անցկացնել ընտրական բարեփոխումներ և նոր ընտրություններ։ Միակ բանը, որ պետք է հասկանալ և մանրամասն քննարկել, այն է, թե արդյո՞ք պետք է նախ նոր ընտրություններ անցկացնել, թե՞ սկզբում սահմանադրական հանրաքվե անցկացնել, որի փոփոխությունը դառնում է հրատապ անհրաժեշտություն։
2.Ստեղծված իրականության պայմաններում անցումային կառավարությունը չի կարող լիարժեք բանակցություններ վարել Ղարաբաղյան հարցի քաղաքական կարգավորման շուրջ, դրանք կարող է վարել արդեն այն անձը կամ կառավարությունը, որը մանդատ կստանա նոր ընտրությունների արդյունքում։ Բայց այժմ անհրաժեշտ կլինի քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ և Մինսկի խմբի շրջանակներում` հասկանալու համար եռակողմ հայտարարության հստակ բովանդակությունը: Այս հայտարարության մեջ շատ են անորոշությունները, որոնք կարելի է օգտագործել դրանց իրականացման բանակցությունների ժամանակ։
3.Անհրաժեշտ քայլեր ձեռնարկել նոյեմբերի 10-ին Արցախի վերաբերյալ ընդունված հայտարարության իրավական փորձաքննության ուղղությամբ, նախ և առաջ հասկանալ նշված փաստաթղթի սահմանադրականությունը և վարչապետի գործողությունների օրինականությունը։
4.Ակտիվացնել միջկառավարական աշխատանքը Ռուսաստանի հետ` սահմանելու համար նոր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր և համագործակցության նախագծեր՝ առողջապահության, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրում: Ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարման համատեքստում առանձնահատուկ ուշադրություն դարձնել հումանիտար համագործակցության հարցերին։ Համագործակցության առանձին թեմա կարող է դառնալ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը։
5.Արցախի շուրջ իրավիճակը կարգավորելու հետ մեկտեղ՝ մենք պետք է որոշենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ապագան. եթե մենք խոսում ենք տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների և լոգիստիկայի գործարկման մասին, ապա արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային:
6.Անհրաժեշտ է ստեղծել հատուկ միջազգային մեխանիզմ՝ բոլոր ճարտարապետական և պատմական հուշարձանների պահպանության վերահսկման համար այն տարածքներում, որոնք հայկական կողմը ստիպված է լինելու լքել:
7.Կառավարությանը կից ձևավորել նոր խորհրդակցական մարմին՝ Պետական խորհուրդ, որին հրավիրված կլինեն Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, կաթողիկոսները, արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարները և այլ շահագրգիռ անձինք, ներառյալ՝ սփյուռքից՝ արդիական խնդիրները և պետության ու ազգի զարգացման թեմաները քննարկելու նպատակով:
8.Անհրաժեշտ է մտածել մի մեխանիզմի շուրջ, որը թույլ կտա ստեղծել և ընդունել քաղաքական փաստաթուղթ, որը կգնահատի պետության զարգացման վերջին տարիները և Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ընդունված փաստաթուղթը:
9.Կանխել ընկճախտի և շփոթվածության մթնոլորտի ձևավորումը, պայմաններ ստեղծել, որպեսզի բոլորը «թևերը քշտած» աշխատեն․ հատկապես անհրաժեշտ է ապահովել պետական համակարգի կարգապահ և համակարգված աշխատանքը։
10.Վերանայել 2021թ․ բյուջեի հիմնական դրույթները՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները։ Կիրառել կոշտ տնտեսական քաղաքականության միջոցներ՝ հատկապես պետական ծախսերի և եկամուտների մասով: Շտապ մշակել և ընդունել հատուկ և արտակարգ միջոցառումներ բանկային համակարգի համար՝ հաշվի առնելով վերջիններիս վարկային ներդրումները Ղարաբաղի տնտեսության մեջ, սպառողական վարկերի հետ կապված ռիսկերը և բանկային ավանդների հնարավոր արտահոսքը:
11. Մշակել հատուկ, արմատական ծրագիր՝ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման նպատակով, այդ թվում՝ արտաքին գործընկերների ակտիվ ներգրավման և երկրի բոլոր ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու ճանապարհով։
12.Մշակել Արցախի քայքայված տնտեսության վերականգնման և փախստականների վերադարձին նպաստելու, ինչպես նաև՝ կորցրած ունեցվածքի և բիզնեսի համար հնարավոր փոխհատուցման հատուկ կարճաժամկետ ծրագիր: Հիմնական ծրագիրը պատրաստել և իրականացնել արդեն ընտրություններից հետո՝ նոր կառավարության ջանքերով։
13.Ապահովել բոլոր սոցիալական վճարների և նպաստների շարունակականությունը։ Ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ մարտական գործողությունների ժամանակ զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին տրվող սահմանված փոխհատուցման հատկացումը ամբողջությամբ և ժամանակին կատարելու համար։
14.Համազգային ռեսուրսների և կարողությունների մոբիլիզացման նպատակով՝ սփյուռքի առանձին անհատների և կազմակերպությունների հետ գործարկել համաժողովրդական խորհրդատվությունների մեխանիզմ:
15.Թողարկել տնտեսական նախագծեր, որոնք կարող են արագ տնտեսական արդյունք ապահովել և կարգավորել օտարերկրյա ներդրումների ներհոսքը։ Մշակել միջոցառումներ` նոր սեզոնի ընթացքում համաճարակի տեմպերի անկումից և սահմանների բացումից հետո դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքն ապահովելու համար:
16.Փորձել վերակառուցել պետական պարտքը՝ թեթևացնելով 2021թ․ բյուջեի ծախսային մասը։
17.Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվելու համար արդեն այսօր անհրաժեշտ է մշակել կարճաժամկետ հատուկ ծրագիր: Անհրաժեշտ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ֆերմերներին:
18.Բնակչության առավելագույն զբաղվածությունն ապահովելու նպատակով՝ պետությունն արդեն իսկ կարող է նախապատրաստել նոր տարվա համար մի շարք վճարովի հասարակական աշխատանքներ սկսելու, այդ թվում՝ Արցախում ավերված տնտեսությունը վերականգնելու ծրագիր:
19.Անհրաժեշտ է գույքագրել և առաջնահերթ դասակարգել ենթակառուցվածքների զարգացման մի շարք ծրագրեր (ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, ջրամբարներ և այլն), որոնք կարելի է և պետք է թողարկել հակամարտության գլոբալ կարգավորման համատեքստում, ինչպես նաև՝ դրանց ֆինանսավորման հնարավոր դոնորների հետ բանակցություններ սկսել։
20.Կասեցնել նախորդ կառավարության բոլոր վիճելի օրենսդրական նախաձեռնությունների իրականացումը, գնահատել դրանց նշանակությունն ու արդյունավետությունը նոր իրողության պայմաններում։
21.Մեկնարկել իրավապահ մարմինների՝ հատկապես ազգային անվտանգության ծառայության բարեփոխումները՝ առավելագույնս սահմանափակելով անվտանգության ծառայության մասնակցությունը ներքաղաքական գործընթացներին։
22.Հստակ և միանշանակ վերականգնել հարաբերությունները հարևանների և ռազմավարական գործընկերների հետ։ Ստեղծված նոր աշխարհքաղաքական պայմաններում երկրի անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովման հարցի շուրջ ներքաղաքական խորհրդակցություններ անցկացնել:
23.Սկսել երկրի պաշտպանունակության և զինված ուժերի կառուցման, բանակի նյութատեխնիկական ապահովման նոր հայեցակարգի մշակում` հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանի նոր իրողություններն ու պարամետրերը:
24.Սկսել նախապատրաստել սահմանադրական բարեփոխումների փաթեթը՝ փորձելով գտնել պետական կառուցվածքի այն մոդելը, որը Հայաստանին թույլ կտա առավել արդյունավետ զարգացնել երկիրը և իրականացնել պետական իշխանության օպտիմալ կազմակերպում:
25. Հայտարարել պատերազմի ժամանակ վիրավորված անձանց համար նոր ժամանակակից վերականգնողական կենտրոնի ստեղծման մասին՝ օգտագործելով պետական շենքային հնարավորությունները և բժշկական համալսարանում գործող վերականգնողական կենտրոնի փորձը, ինչպես նաև՝ սփյուռքի և միջազգային կազմակերպությունների հնարավորությունները։
26.Սոցիալական ցանցերի աշխատանքի վերաբերյալ նոր կանոնակարգեր ներդնել, ստեղծել հաշիվների՝ կոնկրետ իրական օգտատերերի հետ նույնականացման մեխանիզմներ, որպեսզի ցանցում բովանդակության և գործողությունների համար պատասխանատվությունից հնարավոր չլինի խուսափել:
27.Ձևավորել փաստաբանների հատուկ խումբ` Ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր դրվագների վերաբերյալ միջազգային դատարաններում և արբիտրաժային ատյաններում ակտիվորեն աշխատելու և մեր շահերը պաշտպանելու նպատակով:
Շատ լավ գիտակցում եմ, որ նոր, անցումային կառավարության համար շատ դժվար է լինելու։ Այդ կառավարության անդամները վտանգելու են ամենը՝ հեղինակություն, առողջություն, գուցե նաև՝ իրենց քաղաքական ապագան։ Նրանք չպետք է ակնկալեն երախտագիտություն կամ զորակցություն։ Նրանց նկատմամբ լինելու են միայն պահանջներ և առարկություններ։ Այդ կառավարությունը չպետք է անընդհատ հիշեցնի մեզ, թե ով է մեղավոր այս իրավիճակում, պարզապես պետք է կենտրոնանա աշխատանքի վրա: Անհրաժեշտ է դիմանալ և երկիրը դուրս բերել փակուղուց, թույլ չտալ, որ այն վերջնականապես հայտնվի քաոսում և քաղաքացիական պատերազմի շեմին։ Մնում է միայն ձևավորել այդպիսի կառավարություն։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ