Արմեն Գևորգյան. Իսկ ո՞վ է թշնամին

Ի՞նչ է մեզնից ակնկալում թյուրքական կոալիցիան՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գլխավորությամբ, ի՞նչ գլոբալ աշխարհաքաղաքական բացահայտ և ստվերային շահեր են առաջ տարվում։

1.​Ըստ էության՝ հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարից և համակերպում, որ նման թեմա այլևս գոյություն չունի։

2. ​Թյուրքական պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիների ձևավորում՝ Զանգեզուրի միջով, իսկ հեռանկարում՝ ընդհանրապես Զանգեզուրի բռնակցում Ադրբեջանին։

3. ​Հրաժարում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից և ցանկացած տիպի պահանջատիրության թեմայի փակում։

4. ​Մեծամորի ատոմակայանի փակում։

5. ​Վերահսկողություն Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսների և հանքավայրերի նկատմամբ։

6. ​Թուրքական կապիտալի համար դեպի Հայաստան տնտեսական էքսպանսիայի բարենպաստ պայմանների ստեղծում։ Նպատակը՝ Հայաստանի լիակատար տնտեսական կախվածության հաստատումը, այդ թվում՝ Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքում անտեսանելի մասնակցությամբ։

7. ​ՀՀ զինված ուժերի նկատելի դեֆորմացիա և մարտունակության էական սահմանափակում։

8. ​Հայաստանի ռուսական ռազմաբազայի փակում և Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից։

Գլոբալ առումով դա կհանգեցնի

1.​Թուրքիայի դիրքավորում՝ որպես Կովկասում հիմնական խաղացողի («նայող»), որը սահմանում և թելադրում է խաղի հիմնական կանոնները և, ամենայն հավանականությամբ միջազգային գործող պայմանագրերի վերանայում։ Ընդ որում, Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ակնհայտորեն առաջ է տանելու հյուսիսատլանտյան կոալիցիայի՝ իր գործընկերների շահերը։

2.​ «Հայկական հարցի» լուծում. հայկական գործոնի չեզոքացում՝ որպես թյուրքական գլոբալ ինտեգրացիայի խոչընդոտ հանդիսացող հիմնական գործոնի։

3.​Հայաստանի և հայկականության վերափոխում՝ առանցքային աշխարհաքաղաքական խաղացողից ոչ նշանակալից տարածաշրջանային գործոնի։

4.​Որպես հետևանք՝ տարածաշրջանում Ռուսաստանի դերի և ազդեցության էական չեզոքացման, բոլոր ռազմաքաղաքական և տնտեսական ինտեգրացիոն նախագծերի կազմալուծում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ։ Ուղիղ հետևանք կարող է դառնալ Ռուսաստանի համար նոր խնդիրների առաջացումը Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում։

5.​Տարածաշրջանում հիմնական խաղացողների փոփոխության և իրերի նոր դասավորության հետևանքով՝ տարածաշրջանում էական լարվածության և անկայունության մեծացում, մասնավորապես՝ Արևմուտքի և Իսրայելի նկրտումներով նվազեցնել Իրանի հնարավորություններն ու ռեսուրսները ։

Չկա նման հարցադրում՝ ով ում ինչպես է ընկալում՝ թշնամի՞, թե՞ բարեկամ։ Կա իրավիճակ՝ ով ինչ հետաքրքրություններ և ծրագրեր ունի տարածաշրջանում և քեզ ինչ դերակատարում է վերապահում այդ գործում։ Այսօր մենք ոմանց համար գայլի ու գառան կարգավիճակում ենք, ոմանց համար՝ սեփական ոհմակի վիրավոր անդամի, որին ոհմակը դեռ չի որոշել՝ տա՞լ շնագայլերին հոշոտման, թե՞ ոչ։ Մենք ինքներս պետք է անենք ամեն ինչ՝ ավելի արժանապատիվ վիճակում լինելու համար. պետք է գործի ինքնապահպանման բնազդը։
Ի՞նչ են անում այսօր Փաշինյանը և իր թիմը. ոչնչացնում են այդ բնազդը։ Հարց է, թե ո՞վ է այս իրավիճակում ավելի մեծ թշնամի՝ հարևաննե՞րը, որոնց հետ պետք է տարվի արժանապատիվ և տղամարդավայել երկխոսություն, թե՞ իշխանությունները, որոնք պատրաստում են սեփական ժողովրդին գայլի առաջ գառի դերակատարմանը։

Շարունակելի

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

Այս թեմայով